Հեղինակները կալանավորված են, բայց հաղորդումը եթերում է

Հեղինակները կալանավորված են, բայց հաղորդումը եթերում է

Շաբաթներ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի հերթական թողարկումից հետո հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն առանձնակի դաժանությամբ ու անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեցին, ապա կալանավորվեցին: Մեղադրանքն առավել քան ծիծաղելի էր` զօրուգիշեր ժողովրդավարության մասին աղաղակող Նիկոլ Փաշինյանին քննադատական խոսք ասելու, հայհոյելու համար: Պարզ էր, որ իշխանությունների նպատակն «Իմնեմնիմի» փոդքասթն արգելափակելն է, որի լսարանն իր գոյության շուրջ մեկ տարվա ընթացքում խիստ մեծացել էր, սակայն, ի ցավ իշխանությունների, Նարեկի ու Վազգենի կալանավորումից հետո էլ հաղորդումը շարունակում է հեռարձակվել` «հերթապահներով»: 

Տարբեր գործիչներ, հանրային ակտիվ մարդիկ` զույգերով վարում են հաղորդումը եւ մեկ հյուր են նաեւ ընդունում: Ի դեպ, հաղորդումը բավականին երկար է` մոտ 3 ժամ, եւ ուղիղ եթերի ֆորմատով է հեռարձակվում:

Antifake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանից, ում վրա ընկել է հաղորդումը պահելու եւ կոլեկտիվի աշխատանքը համակարգելու բարդ գործը, հետաքրքրվեցինք, թե քանի թողարկում է այս օրերին հեռարձակվել, եւ ովքեր են եղել փոթքասթը վարողները։ «Եղել է արտակարգ թողարկում, վարել են Էդգար Ղազարյանն ու Դավիթ Ֆիդանյանը, հաղորդման հյուրերն էին` փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Աստղիկ Մաթեւոսյանը, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, Սուրեն Սուրենյանցը, պատգամավոր Աննա Մկրտչյանը, փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաեւ Գառնիկ Դանիելյանը (արտակարգ թողարկումը հաղորդավարների ձերբակալության օրն է հեռարձակվել): Հաջորդ թողարկմանը հերթապահել են Անժելա Էլիբեգովան ու Արմինե Ադիբեկյանը, հյուրերը սահմանադրագետ Գոհար Մելոյանը, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու փաստաբան Արսեն Բաբայանն են եղել: Երրորդ թողարկումը վարել են «Արմքոմեդիի» Սերգեյ Սարգսյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էր: Չորրորդ թողարկմանը հերթապահել են «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ու հրապարակախոս Ավետիս Բաբաջանյանը, հյուրն Էդուարդ Շարմազանովն էր: Երեկվա թողարկման հերթապահներն էլ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու Արման Սաղաթելյանն են եղել, հյուրերը քաղաքագետ Կարեն Բեքարյանն ու արվեստագետ Նուռն են եղել»,- նշում է կայքի խմբագիրը: 

Փոդքասթին ուղղված հանրային աջակցությունը շատ մեծ է՝ ասում է խմբագիրը, լսարանը Յութուբում մի քանի անգամ ավելացել է, տղաների ձերբակալման օրը դիտումների քանակը 2,4 միլիոն է եղել, իսկ դրանից հետո դիտումների քանակը հասել է 4 միլիոնի: «Սա վկայում է այն մասին, որ այն նպատակը, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ էր դրել, ունեցել է լրիվ հակառակ էֆեկտը՝ կրկնապատկելով մեր լսարանը: Մենք աջակցություն ենք ստանում ամենատարբեր հանրային գործիչներից, ընդդիմադիր քաղաքական ուժերից, ամենատարբեր ոլորտներից»: