Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ն

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ն

Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանը հերքում է իր կողմից ներխուժումը և օկուպացման վերաբերյալ միջազգային հանրության ճնշող արձագանքը, որով վերջինս մերժում է ինքնորոշման մասին Հայաստանի կողմից սեփական շահերը սպասարկելու համար մոգոնած պատրանքը։ Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի առաջին մասով ունեցել է իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ադրբեջանը, սակայն, անուշադրության է մատնում այն փաստը, որ դատարանի կողմից իրավազորության որոշումը դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին։ Այս մասին Արդարադատության միջազգային դատարանում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից։Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր, այլ փոխարենն անդրադարձել է տեղի հայկական ուժերին՝ կոչ անելով հակամարտող կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում։ Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ադրբեջանն, ի հակառակ, ինչպես ասել է նախագահ Ալիևը, միակողմանիորեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է և Մինսկի խումբը մահացած է։ Նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չփորձեց հերքել»,- ասել է Կիրակոսյանը։