«Հրապարակ». Այս անգամ չկարողացան մեղքը բարդել նախկինների վրա, բարդեցին շարքային զինվորների վրա

«Հրապարակ». Այս անգամ չկարողացան մեղքը բարդել նախկինների վրա, բարդեցին շարքային զինվորների վրա

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի ու նախկին պատմաբան Սուրեն Պապիկյանի պահած բանակում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել՝ ահասարսուռ նկարագրությամբ։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել՝ ողջ-ողջ այրվել, երեքն էլ ծանր վիճակում տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ Այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստին, մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակը հարգելուց հետո տեղի ունեցածը գնահատեց որպես հրեշավոր դեպք։

Հրեշավոր իշխանության ղեկավարը, որն իր կառավարման տարիներին միայն մահ ու ողբերգություն է բերել հայ ժողովրդի գլխին, հրեշավոր է գնահատում ոչ թե ինքն իրեն կամ իր իշխանության գործունեությունը, այլ իրենց մեղքով տեղի ունեցած դեպքը։ Ու համարում է, որ «հրդեհի արդյունքում» է զոհվել 15 զինծառայող, ոչ թե «հետեւանքով»։ «Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը նիստի սկզբում,  ապա խնդրեց, որ դեպքի մանրամասները ներկայացնի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստանը ճակատագրի հեգնանքով մոտ հինգ տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանի համար, պարզվում է, տեղի ունեցածն արդյունք է, ոչ թե հետեւանք։ Սա խոսում է այն մասին, որ ենթագիտակցորեն պատահածը նա բացասական բան չի համարում, քանզի «արդյունք» բառը դրական ելքն է մատնանշում, հետեւանքը՝ բացասական։ Դժվար է ասել, թե Փաշինյանն այնքան անգրագետ է, որ «արդյունքը» «հետեւանքից» չի տարբերում։ Պապիկյանը, ինչպեսեւ սպասելի էր, որեւէ զղջման խոսք չասաց, այլ սկսեց թվարկել այն զինվորականների անունները, որոնք, ըստ իրեն, մեղավոր են 15 զոհի համար, եւ որոնց ինքն արդեն հեռացրել է պաշտոններից։ Նա թվարկեց ընդհանուր 8 պաշտոնյայի անուն, որոնք այս կամ այն կերպ, իր գնահատմամբ, առնչվել են այս խնդրին, ունեն պատասխանատվություն, դրա համար ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Նրանք են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Օհանյանը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Սարգսյանը։

Այս անգամ, սակայն, Փաշինյանն ու մյուսները չկարողացան տեղի ունեցածի մեղքը բարդել նախկինների վրա, քանզի զորամասը, որտեղ ծառայում էին զինվորները, սկսել է որպես կացարան շահագործվել իրենց օրոք՝ 2020 թվականից հետո։ «Այո, պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռեւս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն»,- ասաց նա՝ խոստովանելով, որ իրենք պատշաճ պայմաններ չեն ապահովել զինվորների համար։

Բանակը տռուսիկ-մայկայի մակարդակի իջեցրած, զինվորին ելակով կերակրող այս իշխանությունները, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսում Երեւանի տոնական զարդարանքի, Եվրատեսիլի ու իրենց զրահապատ մեքենաների վրա, բանակը ոչ միայն չեն զինում, այլեւ անգամ տարրական կենցաղային պամաններ չեն ապահովում զինվորի համար, որը պաշտպանում է մեր հայրենիքը։ Նայելով հրդեհից հետո արված կացարանի կադրերը՝ դժվար է դա կացարան կամ զորամաս անվանելը։ Թող ներեն բոլոր զինծառայողները, բայց այդ շենքն անգամ որպես նորմալ գոմ չէր կարող ծառայել, ուր մնաց՝ զինվորական կացարան։ Ու պետք չէ զարմանալ, որ այդ կացարան կոչվածում բացակայում են ոչ միայն տարրական կենցաղային պայմանները, այլեւ հակահրդեհային կանոնները։

Ու Նիկոլ Փաշինյանը, առանց ամոթի զգացման, առանց իր մեղավորությունն այս ամենի մեջ տեսնելու, երեկ սկսեց փիլիսոփայել, թե հրդեհն ինչպես կարող է տեղի ունեցած լինել։ «Պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ փորձ է արվել վառարան օգտագործելու համար: Ընդ որում, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված եւ այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- իր հավաքած լրագրողական ինֆորմացիան հանրությանը փոխանցեց երկրի թիվ 1 լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանը՝ մեղքը գցելով, ըստ էության, հասարակ զինվորի ու սպայի վրա։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն, առողջապահության նախարարի տեղակալ Կարինե Բաբայանը ներկայացրեց, թե ինչ վիճակում են գտնվում իրենց մոտ տեղափոխված երեք զինծառայողները՝ նշելով, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, որոնց մեջ է եղել նաեւ վերը հիշատակված սպան, իսկ երրորդի վիճակը բավարար է։ «Երկու ծանր վիճակում գտնվող զինվորները, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իրենց մոտ գրանցված է շնչուղիների այրվածք, գտնվում են թմրեցման տակ, կատարվում են վիրակապություններ, այրվածքի տոկոսները եւ ծանրության աստիճանը որոշվել է, իսկ մյուս հիվանդը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, նրա վիճակը, կարող եմ ասել, որ բավարար է»,- ասաց Կարինե Բաբայանը՝ նշելով, որ երեքի գիտակցությունն էլ տեղն է, կարողանում են խոսել, եթե ցավազրկված են լինում։

Բաբայանի խոսքով՝ զինծառայողին պաշտոնյաներ են այցելել (զինվորականներ), իսկ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկվա դրությամբ նրանց չէին այցելել։