Բռնապետ Ալիևը փորձում է իրեն ենթարկել Ղարաբաղը. AEI

Բռնապետ Ալիևը փորձում է իրեն ենթարկել Ղարաբաղը. AEI

«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ» (AEI) վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Ռուբինն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և «Լեռնային Ղարաբաղում շարունակվող սովին, որն առաջացել է Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով:

Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունը, որում նա Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյաների կանխամտածված սովն անվանել է ցեղասպանություն:

Հոդվածի հեղինակը ԱՄՆ իշխանություններից պահանջել է էթնիկ զտումներ իրականացնող Ադրբեջանին այլև չֆինանսավորել:  

«Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և որ նրա բնակիչները պետք է ենթարկվեն նրա կառավարմանը՝ աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկին: Ադրբեջանի անկախացումից հետո Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը երբեք միանշանակ չի եղել, ավելի շուտ տարածաշրջանի նկատմամբ ինքնիշխանության ճանաչումը կախված է եղել վեճի խաղաղ կարգավորման Ադրբեջանի համաձայնությունից և տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների հավասարակշռության պահպանումից»,- նշել է Ռուբինը:

Նա Ալիևին համեմատել է Սուդանի նախկին բռնապետ Օմար ալ Բաշիրի հետ, որը Դարֆուրի բնակիչներին ցեղասպանության թիրախ է դարձրել։ Հեղինակը հիշեցրել է՝ Սուդանը, ինչպես և Ադրբեջանը, Հռոմի կանոնադրության մասնակից չէ և, հետևաբար, չի ընկնում Միջազգային քրեական դատարանի իրավազորության տակ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Միջազգային քրեական դատարանի իրավասությունը Սուդանի վրա տարածելու մասին՝ կապված Դարֆուրում կատարված հանցագործությունների հետ, ինչը թույլ է տվել Բաշիրին մեղադրանք առաջադրել: Վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն կերպ կգործի Ադրբեջանի դեպքում։

Փոխարենը փորձագետն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը կոչ է արել ամերիկյան դրոշի ներքո բեռնատարներ ուղարկել Լաչինի միջանցք՝ ամերիկացի դիվանագետների հսկողության ներքո: Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի օգնությունը ներս թողնել Լեռնային Ղարաբաղ, հեղինակի խոսքով, ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի և հետ կանչի իր դեսպանին Բաքվից: