Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը

Մայիսի 30-ին ընդունեցի Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: 
Պատվիրակության կազմում էին նաև Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը: 
Ողջունելով պատվիրակության այցը՝ բարձր եմ գնահատել Հայաստան-ԵԽ հարաբերությունների ներկայիս մակարդակը: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, որի արդյունքում տասնամյակներ շարունակ անօրինական ճանապարհով ձևավորված կուսակցությունը ոչ բռնի հեղափոխության արդյունքում հեռացվեց իշխանությունից, որից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններն արժանացան ժողովրդի վստահությանը: Մեր իշխանության գալուց հետո վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է նախկինում գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ, ընդհանրապես, միջամտել դատարանների գործունեությանը: Վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետի կողմից բազմիցս, տարբեր հարթակներից հնչեցվել է, որ առկա է Հայաստանում անկախ դատական իշխանություն ունենալու քաղաքական կամք, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով բավարար են ամրապնդելու համար դատական անկախ համակարգի գոյությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք պատրաստ են գործել օրինականության, արդարության և իրավունքի շրջանակում: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դատական իշխանությանը տրված հնարավորությունը չի իրացվել, և դատարանները, գործող իշխանության ազդեցությունից զերծ լինելով հանդերձ, զերծ չեն եղել կոռուպցիոն կամ նախկին կապերով պայմանավորված ազդեցություններից: 
Տեղեկացրեցի, որ գնահատելով ստեղծված իրավիճակը, Արդարադատության նախարարությունն այս տարվա սկզբից ձեռնամուխ է եղել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակմանը. ներկայում այն նախագծման փուլում է, և Կառավարության քննարկմանը կներկայացվի աշնանը:
Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ նշեցի, որ այն օրակարգային է և նպատակ ունի ապահովել հասարակության անցումը ժողովրդավարության ճգնաժամից դեպի կայուն ժողովրդավարություն: Այդ գործիքակազմից քննարկվում է վեթինգի՝ որպես համակարգային բարեփոխման գործիքի կիրառման անհրաժեշտության հարցը: Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև: Այս համատեքստում ընդգծեցի, որ վեթինգի և համակարգային բարեփոխումների իրականացման համատեքստում Հայաստանը ևս ակնկալում է Եվրոպայի խորհրդի մարմինների փորձագիտական աջակցությունը:
ԵԽ պատվիրակության ղեկավար Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն հայտնել ընդունելության համար, արձանագրեց, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունը հայտնեց այդ գործընթացի իրականացմանը: Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: «Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծեց Քրիստոս Ջիակումոպուլոսը:
Եվրոպացի գործընկերներիս վստահեցրի, որ դատական համակարգի բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն: 
Հանդիպման ավարտին վերահաստատեցինք համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք»: