Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցված չեն, փաստաբանը բողոքարկել է

Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցված չեն, փաստաբանը բողոքարկել է

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ մտած չէ, այն բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Գեղամ Գևորգյանի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը․

«Ես բողոքարկել էի դատական ակտը, սակայն Վերքննիչ դատարանը չի իմացել, որ բողոքարկել եմ և կայացրած որոշումը վավերացրել է, իրականում այն բողոքարկված է Վճռաբեկ դատարան  և դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ»,- ասաց Ճարոյանը։

Նշենք, որ դատարանը Գևորգյանի լիազորությունները դադարեցրել էր համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանի հայցը բավարարելով․

««Գեղամ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գևորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գևորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, և առկա է եղել օրենքի առերևույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասել էր Հեքիմյանը: