ԱԳՆ-ում չեն կարողանում փոխնախարար գտնել

ԱԳՆ-ում չեն կարողանում փոխնախարար գտնել

2021 թվականի մայիսի 27-ին, երբ հրաժարական տվեց արտաքին գործերի հերթական նախարարը՝ Արա Այվազյանը, նրա հետ միաժամանակ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց նրա տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ դրանից մոտ տասն օր անց՝ նաեւ ԱԳ նախարարի մյուս երեք տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը եւ Արմեն Ղեւոնդյանը։ Սա քաղաքական դեմարշ էր` բողոքի նշան, վարչապետի կողմից տարվող արտաքին քաղաքականության հետ կապված:

Այսինքն՝ ԱԳՆ-ն մնաց փաստացի անտեր, քանի որ ո՛չ նախարար ուներ, ո՛չ փոխնախարարներ։ Եվ որպեսզի վերջնական անտերության չմատնվեր, ու գոնե ղեկավար կազմից որեւէ մեկը գործը յոլա տաներ, խնդրանքների ու բանակցությունների արդյունքում կարողացան համոզել, որ Արմեն Ղեւոնդյանը մնա, մինչեւ տեսնեն, թե ում են նշանակում։ Չէ՞ որ պատերազմից հետո մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության դերն ավելի է մեծացել: Բայց եղավ այն, որ ԱԳՆ-ն շուրջ երեք ամիս անտեր ու աննախարար մնալուց հետո մի կերպ նախարար ունեցավ․ օգոստոսի 19-ին Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԺ նախկին նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար։ Սա, ի դեպ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է` մշտապես այս գերատեսչությունը պրոֆեսիոնալ դիվանագետներ են ղեկավարել:

Հիշեցնենք․ նախորդ երկու նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, հակասություններ ունեին գործադիր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ հաճախ անգամ հրապարակավ հերքում էին Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Իսկ կուլիսներում, առհասարակ, հակասությունների ու տարաձայնությունների անտառ էր, որի մասին մենք հաճախ անգամ չէինք իմանում, քանզի դիվանագետները զուսպ եւ կոռեկտ զանգված են եւ շատ հազվադեպ են խոսում այդ մասին: Սակայն հակասությունները խորանալով՝ դարձան անհաղթահարելի, եւ վերոնշյալ պրոֆեսիոնալ դիվանագետները նախընտրեցին պարզապես լքել իրենց պաշտոնն ու հեռանալ, քան մնալ եւ կիսել պատասխանատվությունը երկիրն անհասկանալի հունով տանող կառավարության հետ։

Արդյունքում արտգործնախարար նշանակվեց ոչ թե քաղաքականապես անկախ ու չեզոք դիվանագետ, որը կհակակշռեր արտաքին քաղաքական հարցերում անգրագետ գործադիր իշխանությանը, այլ կուսակցական, իշխող ուժի ներկայացուցիչ, որը երբեւէ չի հակադրվի գործադիրին եւ չի զսպի նրա անհավասարակշիռ ու Հայաստանի համար վտանգավոր պահվածքը: Արարատ Միրզոյանը մասնագիտութամբ պատմաբան է՝ դիվանագիտական ծառայության զրո փորձառությամբ, ու իր կուսակցական ղեկավարին հնազանդորեն ծառայող։ Նրա գրագիտության եւ փորձի պակասը կարող են լրացնել փորձառու եւ հասուն տեղակալները, որոնց գտնելու հարցում, սակայն, իշխանությունն ակնհայտ դժվարություններ ունի։

Այս պահին ԱԳՆ-ում կա մեկ նշանակված տեղակալ՝ Վահե Գեւորգյանը, ով նշանակվել է այս տարվա սեպտեմբերի 7-ին եւ համակարգում է միջազգային կառույցների եւ մամուլի հետ աշխատանքի ոլորտը։ Մյուս տեղակալն Արմեն Ղեւոնդյանն էլ մինչև վերջերս օդից կախված վիճակում շարունակում էր «յոլա տանել» նախարարությունը՝ համակարգելով ԱՊՀ երկրների հետ համագործակցության ոլորտը, մինչեւ փոխնախարարների թեկնածուները գտնվեն։ Կայքում նրա վերանշանակման մասին որևէ տեղեկություն չկար, բայց ԱԳՆ-ից ասացին՝ արդեն վերանշանակվել է, այլևս ԺՊ չէ։

Մյուս երկու տեղակալների հաստիքները թափուր են։

Ընդ որում, ամենաառանցքային ոլորտները համակարգող տեղակալները՝ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ու սահմանակից երկրների հետ աշխատանքը, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտը համակարգող փոխնախարարներ չկան։ Ո՛չ ԱԳՆ-ի ներսից, ո՛չ դրսից կամ թեկուզ ՀՀ դեսպանների թվից որեւէ մեկը չի ցանկանում գալ եւ այս կառավարության մաս կազմել, պատասխանատվություն կիսել Նիկոլ Փաշինյանի ու նրա հրահանգով նաեւ Արարատ Միրզոյանի իրականացրած անհասկանալի արտաքին քաղաքականության հետ կապված։

Դիվանագետներ, ովքեր պրոֆեսիոնալ են, պարզապես չեն ցանկանում մտնել այդ բեռի տակ։ Ընդ որում, այսպես այդ պաշտոնները կարող են անորոշ ժամանակով մնալ թափուր։ Թեպետ, եթե չկարողանան դիվանագետներից տեղակալներ նշանակել, դարձյալ քաղաքական թիմից որեւէ «ուսապարկի» կբերեն ու փոխնախարար կկարգեն: 2018-ին, օրինակ, արտաքին քաղաքականությունից կիլոմետրերով հեռու Ռուբեն Ռուբինյանին կարճ ժամանակով ԱԳ փոխնախարար նշանակեցին։ Փոխնախարարի բարձր պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունեցողների պակաս ՔՊ-ում հաստատ չի լինի: Սակայն, հավանաբար, Փաշինյանն ու Միրզոյանը հասկանում են, որ այս փուլում ամեն մեկին չեն կարող ԱԳՆ բերել, դա հղի է վտանգներով:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, թե երբ են պատրաստվում համալրել նախարարի տեղակալների թափուր հաստիքները։ Բայց ԱԳ նախարարը, նրա խոսնակը եւ աշխատակազմը, որոնց մի մասն այս օրերին գործուղման են ԱՄՆ-ում, ամենադժվար հասանելի պաշտոնյաներից են, ուստի մեզ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։