Կամ Կարաուլովն է ստում, կամ Հեյդար Ալիեւը ստախոս էր

Կամ Կարաուլովն է ստում, կամ Հեյդար Ալիեւը ստախոս էր

Ռուսաստանցի հեռուստալրագրող Կարաուլովը vesti.az-ին հարցազրույցում ասում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին երկար խոսել է Հեյդար Ալիեւի հետ, վերջինս ասել է, որ տարեկան երկու-երեք անգամ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ այցելում էին Ղարաբաղ, ղարաբաղցիները շատ բարվոք էին ապրում: Վերջ: Շարունակությունը կարելի է չկարդալ: Ուղղակի պետք չէ կարդալ: Կամ Կարաուլովն է ստում, որ Հեյդար Ալիեւնը նման բան է ասել, կամ Հեյդար Ալիեւն էր ստախոս, որովհետեւ խորհրդային շրջանում Հայաստանի կոմունիստ առաջնորդներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղ ոտք չի դրել:

ԼՂԻՄ կազմավորման տոնակատարություններին Ադրբեջանի ղեկավարությունն արտոնում էր, որ Հայաստանից ներկա լինի կամ Գորիսի կամ Կապանի շրջկոմի քարտուղարը: Հայաստանի միակ կոմունիստ ղեկավարը Սուրեն Հարությունյանն է, որ 1988թ. ամռանը եղել է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կումկուսի ԿԿ առաջին քարտուղար Վեզիրովի հետ միասին: Այն էլ՝ Մոսկվայի հրահանգով, քանի որ մինչ այդ ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստում Միխայիլ Գորբաչովը զարմանք էր հայտնել, թե ինչու՞ Հայաստանի ղեկավարության մուտքը հայկական ինքնավարություն արգելված է: Հեյդար Ալիեւը ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարներին չէր վստահում:

Շուրջ մեկուկես տասնամյակ գլխավորելով խորհրդային Ադրբեջանը եւ այդ ընթացքում մի քանի անգամ այցելելով ԼՂԻՄ, նա երբեք Ստեփանակերտում չի գիշերել: Հանգստացել է կամ կառավարական վագոն-ննջարանում, կամ՝ Շուշիում, կամ՝ Աղդամում: Նրա համար Լեռնային Ղարաբաղն օտար հող էր, Հայաստան: Եւ ամեն ինչ արել է, որպեսզի «շտկի սխալը»: Այդ մասին Հեյդար Ալիեւը հպարտությամբ խոսել է անկախ Ադրբեջանի Գերագույն խորհրդի ամբիոնից՝ հայտարարելով, որ իրեն հաջողվել է ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերը փոխել հօգուտ ադրբեջանցիների: Սա է իրողությունը