Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների սանկցիաների խստացման նախագիծ՝ դատախազության կողմից

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների սանկցիաների խստացման նախագիծ՝ դատախազության կողմից

Դատախազության լրատվական ծառայությունից հայտարարություն են տարածել, որով «տեղեկացնում» են, որ արդարադատության նախարարությանն են ներկայացրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների սանկցիաների խստացման օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ 

Պայմանավորված ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պատժողական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը: Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը  վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը:

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներկայիս իրավակարգավորումներով նման շեմ նախատեսված չլինելը լայն հայեցողություն է տալիս դատարանին, և շատ հաճախ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման պատճառ հանդիսանում: Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ: