«Լավ է, որ չի գալու. նա խայտառակեց մեզ ամբողջ աշխարհում». Բայդեն

«Լավ է, որ չի գալու. նա խայտառակեց մեզ ամբողջ աշխարհում». Բայդեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ ուրախ է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվելու հունվարի 20-ին կայանալիք իր երդմնակալության արարողությանը՝ վերջինիս անվանելով «երկրի համար անարգանք», որն արժանի չէ իր զբաղեցրած պաշտոնին, հաղորդում է CNN-ը։

«Լավ է, որ չի գալու»,-Ուիլմինգթոնում լրագրողներին ասել է Բայդենը՝ հակադարձելով իր՝ անցյալ ամիս արված հայտարարությանն այն մասին, որ երկրի համար կարևոր է, որ Թրամփը ներկա լինի երդմնակալության արարողությանը:

«Թրամփը գերազանցեց նույնիսկ իմ ամենավատ պատկերացումները նրա մասին։ Նա անարգանք է երկրի համար, խայտառակեց մեզ ամբողջ աշխարհում։ Արժանի չէ, արժանի չէ զբաղեցնել այդ պաշտոնը»,- հավելել է Բայդենը։

Ընդ որում, Բայդենը նշել է, որ ուրախ կլինի, եթե փոխնախագահ Մայք Փենսը կմասնակցի իր երդմնակալության արարողությանը՝ նշելով, որ կարևոր է հետևել վարչակազմերի փոփոխության պատմական նախադեպերին։

«Մեզ համար պատիվ կլիներ նրա ներկայությունը»,- հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: 

«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին՝ ես չեմ գնա հունվարի 20-ին երդմնակալության արարողությանը»,- գրել է նա: