Ռուսական իրականության երկու երեսը

Ռուսական իրականության երկու երեսը

Ավելի քան մեկուկես տարի ձգվող ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը չնայած ռուսական կողմն անվանում է «հատուկ ռազմական գործողություն», իրականում մեծածավալ լիարժեք պատերազմ է դարձել եւ առանձնահատուկ իրականություն ստեղծել Ռուսաստանում, երբ իրերը սկսում են երեւալ նոր լույսի ներքո՝ հայրենասերները՝ իրենց իրական դերում, «կեղծ հայրենասերները»՝ իրենց, ռելոկանտները՝ իրենց, բանակից «թռածները»՝ իրենց եւ այլն։ Այս հակամարտությունը Ռուսաստանի համար դարձել է գոյաբանական պատերազմ, քանի որ մի կողմում Ռուսաստանն է՝ իր սակավաթիվ դաշնակիցներով, մյուսում՝ արեւմտյան կոալիցիան՝ մոտ 50 երկրից։ Պատերազմական պայմաններում էլ բացահայտվում է ռուսական իրականության 2 երեսը։ Առաջինը ռազմաճակատն է եւ թիկունքում հանուն ճակատի աշխատողները, երկրորդում՝ տաքուկ աշխատասենյակներում նստածները։

Առաջինում Ռուսաստանն անկեղծորեն սիրողներն են ու անկեղծորեն նվիրվածները, երկրորդում՝ այլ երկրներում «թաքնված», ռուսական անձնագրերն այդ երկրներում «իմունիտետ» ու դրոշակ դարձրած, Ռուսաստանի մասին դատողություն անողները։ Առաջինում Ռուսաստանում մշտապես բնակվող աշխատավոր դասակարգն է, երկրորդում՝ կառավարողները, որոնք առիթը բաց չեն թողնում՝ արտասահման «պոկվելու» եւ այնտեղ «կայֆավատ» լինելու համար։ Առաջին էշելոնում կոպեկ առ կոպեկ հանուն ճակատի հանգանակություն հավաքողներն են, երկրորդում՝ խոսքով լարախաղացություն անողներն ու ճամարտակողները կամ նրանք, ովքեր պայքարում են հանուն նրա, որ, ասենք, այս կամ այն տենդերը կարողանան ձեռք գցել։

Ռուսական առաջին իրականությունը դեռ 2014-ին էր պահանջում Ուկրաինա զորք մտցնել, երկրորդ իրականությունն ամեն գնով փորձում է իր կաշին ազատել պատասխանատվությունից։ Առաջինը փորձում է ուղղել զորահրամանատարների սխալները, երկրորդը վախվորած նահանջում է Չեռնիգովյան եւ Սումսկի մարզերից, Իզյումից։ Առաջինը պահանջում է կարգուկանոն հաստատել բանակում եւ երկրում՝ առհասարակ, տարբեր տեսակի դասալիքներին զրկել ռուսական պետության հովանուց, երկրորդ իրականությանը պատկանողներն ամեն կերպ փորձում են սաբոտաժի ենթարկել առաջինի պահանջները։ Այս երկու իրականությունները թեեւ նույն երկրում են, սակայն իրարից տրամագծորեն հակառակ դիրքերում՝ որպես զուգահեռ իրականություններ, ինչպես որ պատմականորեն է եղել ժամանակին, երբ իշխող դասակարգի իրականությունն այլ էր, շահագործվող դասակարգինը՝ այլ։

Պատերազմը բավական լավ հնարավորություն է ստեղծել՝ զտելու երկիրը եւ վերացնելու այդ զուգահեռ իրականությունները, միավորելով մեկ ընդհանուր պետականակենտրոն իրականության մեջ։ Կարծես թե գործընթացի մեկնարկը տրվել է, եւ նույնիսկ ռուսական էլիտայում է սկսվել որոշակի զտում։ Կարեւոր է այն, որ այդ ամենը կանգ չառնի, եւ ամեն ինչ ընկնի իր տեղը․ հայրենասերները՝ իրենց, «սենյակաբույսները»՝ իրենց։