Այսօրվա սխալն անուղղելի կլինի, այսօրվա մեղքը՝ մահացու

Այսօրվա սխալն անուղղելի կլինի, այսօրվա մեղքը՝ մահացու

«...Եվ մի՞թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան: Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առջեւ, անհամար են նրա սխալները, սակայն չըմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կըլինի, այսօրվա մեղքը՝ մահացու...»: Այս մարգարեական ու, ցավոք, արդիական ծանր մտածումները շուրջ 100 տարի առաջ՝ 1914 թվականին, թղթին է հանձնել մեր մեծագույն պոետն ու մտավորականը՝ Վահան Տերյանը։ 

Կարդում ու մեզ բռնացնում ենք այն մտքի վրա, թե բնավ ոչինչ չի փոխվել, եթե մի պահ վերանանք ժամանակի մեկդարյա հեռավորությունից ու տերյանաշուրթ սեւեռումից։ Եվ, ցավ ի սիրտ, չի փոխվել, որովհետեւ եթե թշնամին մշտապես հասկացել է, որ հայոց հավաքական սերուցքը, հայ ժողովրդի ինքնության ու պետականության ճարտարապետն ու առաջամարտիկը մտավորականությունն է, մենք դեռ դրա գիտակցումը՝ բովանդակային ու գործառնական իմաստով, չունենք։ Եվ ինքը՝ մտավորականությունն իսկ, մեծ հաշվով, չունի այդ ըմբռնում-հավատամքը, որովհետեւ առանձին մտավորականների հուսահատ ճիգերն ու պայքարի կոչող ահազանգումները համասեռ զանգված չեն դառնում հայ մտավորականության համընդհանուր խառնարանում ու գործողությունների անդաստանում։ Այս մասին վկայում եմ անեզր սրտացավությամբ ու անասելի ցավով, որովհետեւ պատմականորեն տոգորված ենք եղել եւ ե՛նք գաղափարական ռոմանտիզմով, քան՝ ծրագրային ռեալիզմով։

Հենց այս իրողությամբ էր պայմանավորված, որ հայոց ցեղասպանության ոճիրը ծրագրած թուրքերն առաջին հերթին ձեռնամուխ եղան ոչնչացնելու հայ մտավորականներին՝ չխնայելով նույնիսկ նրանց, որոնք հայ-թուրքական բարեկամության ռոմանտիկ հուսադրումներ եւ պատկերացումներ ունեին։ 1915 թվականի ապրիլի 25-ին օսմանյան խորհրդարանի երկու հայ պատգամավորներ՝ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերինգյուլյանը, շտապում են Թալեաթի բնակարան՝ նրանից տեղեկանալու, թե ինչու են նախորդ գիշերը ձերբակալվել եւ «Հայդար Փաշա» կայարանից դեպի Անկարայի կողմերն աքսորվել շուրջ 250 հայ մտավորականներ: Զոհրապն ու Թալեաթը մոտ հարաբերություններ ունեին, եւ հայ գրողն ու իրավաբանն իրավունք ուներ իր ընկերոջից հաշիվ պահանջելու: Կարճ ժամանակ անց Զոհրապը եւս պետք է ձերբակալվեր եւ սպանվեր: Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնում է անձամբ ոճրագործը՝ Թալեաթը:

88-ի շարժման հաջողությունը, որքան էլ ակնառու եւ ազդեցիկ լինեին աշխարհաքաղաքական գործոնը, ԽՍՀՄ փլուզման անխուսափելիությունն ու այլ հանգամանքները, մեծապես պայմանավորված էր այն փաստով, որ համազգային պայքարն առաջնորդեցին մտավորական շրջանակներն ու գործիչները, որոնք հետագայում նաեւ եկան իշխանության։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի ակունքներն ու մեր պետականության առաջին հիմնաքարերը դրվեցին հենց այդ ժամանակահատվածում, երբ քաղաքական էլիտան ու ինտելիգենցիան առավելագույնս սերտաճած էին (այդ համատեքստում, մեր նորանկախ պատմության, թերեւս, ամենից հիշարժան նախադեպը)։ 

Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ, եւ հասարակարգն ու կառավարակարգը գնացին ոչ թե ինքնամաքրման ու բյուրեղացման ճանապարհով, ինչպիսին պահանջում է ազգային շահը, այլ ուժի, փառասիրության, կուսակցամոլության, քաղաքական փոխհրաձգությունների, միակ տղամարդու եւ միակ ընդդիմադրի, մարտնչող տգիտության, մարգինալացված մտավորականության եւ այլ պառակտիչ երեւույթների ուղով։ Եվ, ուրեմն, այսօ՛ր, հերոսազրկման (ոչ թե անհերոս), պետականաքանդման (բարեբախտաբար՝ ոչ թե առանց պետության) ու օրհասական մեր օրերում, երբ, թվում է, հայ հասարակությունը (չշփոթել առանձին գործիչների, այդ թվում՝ մտավորականների հետ) կորցրել է ազգային իմունիտետը, դարձել է անհաղորդ բոլորի ու ամեն ինչի նկատմամբ, տերյանական սթափության կոչը կարող է մի վերջին ու բախտորոշ անգամ լուսավորել մեր մտքերն ու պայքարի ճանապարհը, մեկտեղել բոլորիս՝ շարքային լրագրողից մինչեւ մտավորական, եթե չենք ուզում կորցնել մեր արժանապատվության ու գոյատեւումի վերջին տարածքը՝ Հայոց Ավետյան Հայաստանն ու Արցախը։

Արա Ալոյան