Կրեմլը կպահանջի հստակեցնել դիրքորոշումը՝ Հայաստանը Արևմուտքի՞ կողմից է, թե՞ Ռուսաստանի

Կրեմլը կպահանջի հստակեցնել դիրքորոշումը՝ Հայաստանը Արևմուտքի՞ կողմից է, թե՞ Ռուսաստանի

Հարցազրույց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր կլինի Խաղաղության պայմանագիրը տարանջատել Արցախի հարցից։

- Կարծում եմ՝ հնարավոր չի լինի, քանի դեռ արցախյան խնդրին որոշակիություն չկա։ Այսինքն՝ Արցախի անվտանգություն, անվտանգության երաշխիքներ, կարգավիճակ․․․ քանի դեռ հստակություն չկա՝ ցանկացած այլ հարց, այդ թվում նաև սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա կարող են պարզապես վերածվել թղթի կտորի և հազիվ թե հանգեցնի վերջնական խաղաղության։ Հետևաբար, ակնհայտ է, որ եթե խոսքը խաղաղության դարաշրջանի մասին է, ինչպես իշխանություններն են ասում, կամ տևական կայուն խաղաղության մասին՝ ապա պիտի բուն խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգության երաշխիքների հարցը։

- Բրյուսելում որոշվեց, որ մինչեւ ապրիլի վերջ դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է  կազմավորվի Մի՞թե հնարավոր է՝ սահման գծել, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչել, բայց Արցախի հարցը դրա մեջ չներառել։

- Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դրան չի համաձայնվի։ Ադրբեջանը պնդում է, որ միայն մեկ հարց կա, երկրորդ հարցը՝ չկա։ Ոչ Ղարաբաղ կա, ոչ Ղարաբաղի հարց կա, ոչ էլ Ղարաբաղի կարգավիճակի հարց կա։ Իհարկե, մենք պիտի փորձենք տարանջատել այդ երկու հարցերը, բայց հստակ ֆիքսել, որ կան երկու հարցեր։ Եվ ոչ թե, եթե համաձայում եք մի հարցի, նշանակում է ընդունում եք, որ երկրորդ հարց չկա։ Հայաստանը պիտի փորձի տարանջատել, բայց հստակ արձանագրել, որ գոյություն ունեն երկու հարցեր, որոնք պետք է կարգավորվեն զուգահեռաբար։ Որովհետև, եթե մեկը չի կարգավորվում, մյուսի կարգավորումն անիմաստ է։ Բանակցություններից եկող ազդակները գնահատում եմ բացասական։ Առաջինն այն էր, որ Արցախի անունն ընդհանրապես չհիշատակվեց։ Եթե խնդիրը Արցախի մասին էր, ի՞նչն էր խանգարում ուղիղ անուն տրվեր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմունիկացիաների վերաբացման հարցում կան տարընթերցումներ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է բացել ճանապարհները և Հայաստանից պահանջում է ոչ թե ճանապարհ, այլ տարածք, միջանցք։ Ես այդպես հասկացա և ընկալելում եմ որպես խիստ բացասական ազդակ։

- Ինչ ակնկալել Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումից։

- Կարծում եմ, որ Մոսկվայում Կրեմլը Հայաստանից կպահանջի ավելի հստակեցնել իր դիրքորոշումը՝ Հայաստանը Արևմուտքի՞ կողմից է, թե՞ Ռուսաստանի։ Կրեմլը Նիկոլ Փաշինյանին շատ հստակ կդնի փաստի առաջ, որ պետք չի հույսեր կապել արևմտյան հարթակների հետ՝ արցախյան խնդրի կարգավորման հարցում, որովհետև բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքում են և Հայաստանը պիտի կողմնորոշվի, քանի որ աշխարհը բևեռացված է արդեն ավելի հստակ։ Ռուսաստանն ինքը աշխարհը բաժանում է սև ու սպիտակի և Հայաստանից պիտի պահանջի դադարեցնել իր մանյովրները և հստակեցնի իր դիրքորոշումը արտաքին քաղաքական կողմոնորոշումների հարցում։

- Ինչ տպավորություն ունեք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից։

- Ըստ էության այդ հանդիպմանը ոչ մի նոր ասելիք չի եղել, բացի նրանից, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ ուղղակի տեղեկացրեց, որ արևմտյան հարթակների հետ պետք չի հույսեր կապել։ Ճիշտն ասած, փոքր-ինչ տարօրինակ էր Արարատ Միրզոյանի դիտարկումը, թե մենք այլ ազդակներ ենք ստանում, որովհետև, եթե Մինսկի խմբի համանախագահությունը այդ ձևաչափով չի գործում, և այդ մասին ասում է համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարը, ապա այդտեղ այլ ընկալման հարց չկա։ Որովհետև եթե անգամ Հայաստանը շարունակի աշխատել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ, դա այնուամենայնիվ կնշանակի, որ Մինսկի Խմբի ձևաչափը չի գործում։

- Ռուս- ուկրաինական պատերազմը կարծես չունի վերջ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ հակամարտության երկարելու դեպքում։

- Իհարկե, որքան շարունակվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան մեր վիճակը կբարդանա։ Նախ, որովհետև կմեծանա նաև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեր նկատմամբ, և երկրորդ՝  որքան ավելի խորանա դա, այնքան ավելի մեզ վրա ճնշումներ կլինեն՝ թե Ռուսաստանից, թե Արևմուտքից՝ որպեսզի Հայաստանն ավելի կողմնորոշվի իր դիրքորոշման մեջ։ Իսկ այս իրավիճակում մեր խնդիրը պիտի լինի այն, որ պետք է այնպես անել, որ հանկարծ չդառնանք աշխարհաքաղաքական թեժ հակամարտութայն թատերաբեմ։ Պետք է կարողանանք Հայաստանն ու Արցախը ինչ-որ կերպ դուրս բերել թեժ փուլ մտնելու հեռանկարից։ Պետք է հաշվի առնենք տասնյակ գործոններ. փորձենք զերծ մնալ մեր անձնական համակրանքներից, հակակրանքներից, էմոցիաներից և հավասարակշռված որոշումներ ընդունենք։ Որովհետև ինչ որոշում էլ, որ Հայաստանը ընդունի, դա լինելու է ճակատագրական։ Եվ վախենամ, թե ինչքան հակամարտությունը երկարի, այնքան ավելի փոքր է լինելու մեր հնարավորությունը, այդպես երկու ուղղություններով էլ մանեվրել և չեզոքություն պահպանել, գնալով բարդանալու է։