Լիխտենշտեյն-Հայաստան խաղին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը մեկնել է Ցյուրիխ

Լիխտենշտեյն-Հայաստան խաղին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը մեկնել է  Ցյուրիխ

Մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: 

ՀՖՖ պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը չարտերային չվերթով  առավոտյան մեկնել են Ցյուրիխ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: 

Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո: ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի:

«Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է։