Գուցե Լազուրյան միջանցքը նաև Մեղրիով են ուզում տանել

Գուցե Լազուրյան միջանցքը նաև Մեղրիով են ուզում տանել

Աշխաբադում տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի Հանրապետության ու Թուրքմենստանի Արտաքին գործերի նախարարների միջև։ Գրել է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։

«Թուրքիայի և Թուրքմենստանի միջև քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը պետք է արտացոլվի նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկա, տնտեսություն, տրանսպորտ ու լոգիստիկա», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Աշխաբադում իր թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Չավուշօղլուն նշել է, որ այս տարի երկու պետությունների միջեւ կապերի զարգացման մեջ նոր թռիչքի համար կարեւոր նախադրյալներ են ձևավորվել: Թուրքիո դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ նախորդ օրը Թուրքմենստանը ստանձնել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) նախագահությունը, և կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը այս երկրում կանցկացվի նոյեմբերի 28-ին:

ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ թուրք բարձրաստիճան դիվանագետի, Թուրքմենստանի նախագահին հրավիրել է մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) հերթական գագաթնաժողովին:
Մևլութ Չավուշօղլուի՝ մարտին 5-ին կատարած 2-օրյա այցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Թուրքմենստանի ԱԳ նախարարությունը։ 

Մարտի 6-ին Չավուշօղլուին ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը «բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը՝ հիմնված բարեկամության, եղբայրության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»:

Այս հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը զրուցել է իր թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ ու գոհունակություն հայտնել Անկարայում վերջերս կայացած բանակցությունների կապակցությամբ։ Կողմերը քննարկել են թուրքմեն-թուրք օրակարգի արդիական ոլորտները, մանրամասն քննարկվել է քաղաքական ու դիվանագիտական գործընկերությունը, ներառյալ՝ տարածաշրջանային ու միջազգային կառույցներում գործընկերությունը:

Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունում Թուրքմենստանի նախագահությանը` Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աշխատելու տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համար տրանսպորտային, տարանցիկ և էներգետիկ միջանցքների ընդլայնման ուղղությամբ: «Համագործակցության հստակ օրինակներից մեկը Լազուրյան [լազուր (լաջվարդ) կիսաթանկարժեք քարի անունից] միջանցքն է», - նշվում է Թուրքմենստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լազուրյան կամ Լապիս-Լազուլի միջանցքը կամ միջազգային տարանցիկ ուղին սկսում է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից, անցնում է Թուրքմենստանով, այնուհետև՝ Կասպից ծովով մտնում Ադրբեջան, որտեղից՝ Վրաստան։ Անցնելով վրացական Փոթի ու Բաթումի նավահանգիստներով՝ միջանցքը հասնում է Թուրքիա։

Հաշվի առնելով՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքով միջանցք/երթուղի ունենալու թուրք-ադրբեջանական շահագրգռվածությունը և երկարամյա երազանքին, գուցե այս միջանցքից ճյուղ առանձնացվի՝ ճանապարհ հարթելով Թուրքիա-Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն-Ադրբեջան շահավետ (թուրք-ադրբեջանական տեսանկյունից) տնտեսական հաղորդակցություն ապահովելու համար։
Մարտի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով առցանց անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովին, նշել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում (Մեղրիով), որը նախատեսված է կապելու Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ։

Ալիևը կոչ էր արել ՏՀԿ անդամ պետություններին միանալ այս նախագծին։ ՏՀԿ անդամ պետություններ են Աֆղանստանը, Ադրբեջանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ղազախստանը, Ղըրղըզստանի Հանրապետությունը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, իսկ որպես դիտորդ ներկայացված է Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացված հատվածը՝ ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» կազմավորումը։

«Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ՏՀԿ անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի միջանցքը», - իր ելույթում հայտարարել էր Ալիևը:

Իսկ երեկ արդեն Բաքվի բռնապետը երկրում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում հոխորտացել էր, թե Հայաստանին «կստիպեն համագործակցել Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ»։