Դուրս արի ստեղից, արա. լարված իրավիճակ քաղաքապետարանում
Այս պահին Երեւանի քաղաքապետարանում լարված իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ ժամը 20:00-ին պետք է տեղի ունենար քաղաքապետարանի ֆինանսավարկային հանձնաժողովի հերթական նիստը այն դահլիճում, որտեղ այժմ իշխող ֆրակցիան՝ Իմ քայլը խմբակցությունը նիստ է անում, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, մինչդեռ հանձնաժողովի անդամները մի քանի ժամ է սպասում են՝ դահլիճն ազատվի, որ մասնակցեն ֆինանսավարկայինի նիստին: Այդ հանգամանքն էլ բարկացրել է դրսում տեւական ժամանակ սպասող մյուս խմբակցության ավագանու անդամներին:
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ «Իմ քայլի» ավագանու անդամներն իր հետ անհարգալից են խոսել. «Մեզ կանչել են ժամը ութին նիստի, որտեղ բյուջեն ու իրենց հաստիքացուցակը պիտի քննարկենք այն դահլիճում, որտեղ նիստը նախատեսվում էր, իրենք էնտեղ նիստ են անում, ու տենց մենք սպասում ենք իրենց՝ աստիճաններին նստած: Թե՝ մենք, թե՛«ԲՀԿ» խմբակցությունը: Մեկը դուրս է գալիս ու մուննաթ է գալիս Դավիթ Խաժակյանի վրա: Քաղաքապետի դիմաց իրենց ավագանու անդամները «տղա» են դառել, ինձ հետ ձեռով-ոտով են խոսում, ասում՝ հլը դուրս արի, արա: Դուռը բացում եմ, ասում եմ՝ պարտավոր չենք ձեզ սպասենք, ասում են՝ դուրս արի ստեղից, արա:
Իրենց ավագանու կազմից գրեթե բոլորը ներկա են, բայց իրենք ասեցին՝ մենք քվորում չենք ապահովում հանձնաժոովի նիստին, նիստը չի կայանալու, ես կարող եմ ՝ հենց հիմա կանգնել դռան մոտ, նկարել ֆինանսավարկային հանձնաժողովի անդամներին, այսինքն՝ այդ հանձնաժողովի քվորում կա: Մեզ 40 րոպե սպասեցնելուց հետո հանձնաժողովի նախագահը դուրս եկավ, ասեց՝ քվորում չենք ապահովելու»:
Նրա խոսքով՝ Հայկ Մարությանը աղմուկ-աղաղակին անգամ ռեակցիա չի տվել. «Քաղաքապետը նույնիսկ չպտտվեց, երբ դրսում աղմուկ-աղաղակ էր, երբ իրար հետ ձեռնամարտի էինք մտնում: Քաղաքապետը նստած տեղից նույնիսկ չպտտվեց, որ տեսնի իր լկտի տղամարդ ավագանու անդամները «արա»-ով են խոսում»:
Կարծիքներ