Արտախորհրդարանականների մի մասը չկար Փաշինյանի հետ հանդիպմանը

Արտախորհրդարանականների մի մասը չկար Փաշինյանի հետ հանդիպմանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Երկու ամիս տեւած դադարից հետո նա որոշել է հանդիպել արտախորհրդարանական ուժերին: Այդ հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, սակայն երեկ պատկերն այլ էր: Հանդիպմանը չէին մասնակցում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը եւ Դավիթ Սանասարյանը:

Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչն է խնդիրը, որ երբեմնի գործընկերները չեն մասնակցել, Արման Բաբաջանյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց մեզ: Մենք կապվեցինք «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ: Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավեր ստացել է, սակայն Հայաստանում չէ, ուստի հանդիպմանը չի մասնակցել: Եթե Հայաստանում լինեիք, կմասնակցե՞իք այդ հանդիպմանը, Սանասարյանն ասաց՝ հարցին միանշանակ պատասխանել չի կարող. «Գուցե մասնակցեի, գուցե չմասնակցեի, չեմ կարող ասել», - նշեց նա:

Փոխարենը՝ տեղեկացանք, որ մյուսները մեծ ոգեւորությամբ են գնացել այդ հանդիպմանը, նրանցից մեկն անգամ հանդիպումից անմիջապես առաջ վարսավիրանոց էր գնացել՝ հարդարվել, որ պատշաճ ներկայանա վարչապետին։