Մարդասպանության համար մեղադրվողը դատական նիստին չի ներկայանում, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում

Մարդասպանության համար  մեղադրվողը  դատական նիստին չի ներկայանում, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում

«Հրապարակ»-ը մշտապես հետևում է 2014թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությանը:

Ուշագրավ է , որ շուրջ 9 տարի է, ինչ քննության է առնվում այդ գործը, սակայն դեռևս դատապարտված անձինք չկան, որն ըստ մեր զրուցակցի՝ տուժող Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ, «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանի՝ համակարգային հանցագործության հետևանք է:

«Ինչպես գիտեք՝ օրենքով նախատեսված իրավական ընթացակարգերով քանիցս հայտնել եմ,որ քրեական գործում առկա նյութերի համաձայն Արտյոմ Ադանալյանի սպանությունը պատվիրված է և կատարված է խմբի կողմից:Հանցավոր նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ Արթուր Սաշայի Մարտիրոսյանին, ով Արտյոմի սպանությունից հետո  9-օր թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից: Նրա  նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որից հետո՝  գիտակցելով, որ վարույթն իրականացնող մարմնին իր անձը հայտնի է,  ինքնակամ ներկայացել է, ձերբակալվել,այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ մեղադրյալի ընկերոջը՝ գործով կասկածյալ,Գյումրի քաղաքի բնակիչ, կոպչիկ մականունով՝ Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու մասին ծանրակշիռ տվյալներն ի սկզբանե կոծկել է վարույթն իրականացնող մարմինը,դրանով նաև աջակցել Արթուր Մարտիրոսյանին, ում համար շահավետ է դատապարտվել դիտավորությամբ սպանություն կատարելու համար օրենքով նախատեսված պատժաչափով, քան պատվիրված,խմբակային սպանության համար նախատեսված առավել խիստ պատժաչափով»,-նշում է Ռուզան Ադանալյանը՝ սպանված երիտասարդի մայրը:
Հիշեցնենք, որ այս գործի դատաքննության ընթացքում 6 դատախազ եւ 5 դատավոր է  փոխվել, որոնցից յուրաքանչյուրն , ըստ տիկին Ադանալյանի, իրենց  առանձնակի գործողություններով ծանր հետևանքներ են թողել քրեական գործի վրա:

«Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը, ով գործով 4-րդ դատավորն է,  ամբաստանյալին ազատ արձակելուց հետո նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատավոր: 2միլիոն ՀՀ դրամի և ամբաստանյալի մորը՝ Սվետիկ Մարտիրոսյանին պատկանող Գյումրի քաղաքի Տեքստիլագործների 44/1 տան գրավի դիմաց Ն.Բեգլարյանն ազատ է արձակել առանձնապես ծանր հանցագործության համար ամբաստանվողին: Բացի այդ,գրավի առարկա հանդիսացող տան գնահատված լինելու արժեքի մասին հավաստող որևէ փաստաթուղթ դատարանին չի ներկայացվել:

Ընդամենը ներկայացվել է տվյալ տան սեփականության վկայագիրը,մինչդեռ օրենքի պահանջն է՝«Գրավի արժեքը հիմնավորելը գրավատուի պարտականությունն է»:Պաշտպանական կողմը 2022թվականի հունվար ամսին դատարանին է ներկայացրել list.am կայքի՝ բնակարանների առքուվաճառքի բաժնում տեղադրված վաճառվող բնակարանների լուսանկարների պատճենները՝ վաճառողի կողմից 2020թվականին նախատեսած արժեքներով:

Նման պայմաններում դատավոր  Ն.Բեգլարյանը հաստատված է համարել գրավադրված տան արժեքը և հավասարազոր  list.am կայքում տեղադրված բնակարանների արժեքներին՝ այն դեպքում, երբ դրանց արժեքները պայմանավորված են նաև մի շարք առավելություններով, մասնավորապես՝ ավտոտնակով, ջեռուցման համակարգով,երկաթյա դռներով և այլն: Բացի այդ,նույն տվյալներն ինքնին վկայում են,որ գրավի առարկան՝ համապատասխան տարածքի մակերեսով կարող է լինել թե՛ գոմի և թե՛ հավաբնի կարգավիճակում:

Ի վերջո,եթե չի ներկայացվել գրավի առարկայի գնահատված արժեքը,ապա ողջամտորեն ենթադրվում է,որ գրավը չունի այն արժեքը,որով կարող է առանձապես ծանր հանցագործության համար նախատեսվող պատժի կրումը խուսափելուց  կաշկանդվել ամբաստանյալը,փախուստի չդիմել կամ չթաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Եվ ի վերջո,եթե գրավի առարկան համապատասխան արժեք ունենար,ապա կարծում եմ, որպես դրոշակ՝ թափահարելով կներկայացվեր դատարան: Ինքներդ դատեք, թե ինչու պիտի դատավորը ընդառաջ գնար այս դեպքում»,- «Հրապարակ»-ին պատմում  է Ռուզան Ադանալյանը՝ նշելով, որ   ներկա պահին գործի քննությունը անցյալ տարվա փետրվար ամսին նշանակված Թվով 5-րդ դատավոր  Հայկ Իսրայելյանի վարույթում է:  Այս դատավորի հետ կապված էլ, սակայն,  տուժողի իրավահաջորդն իր նկատառումներն ունի․

«Այս դատավորն էլ իր քողարկված գործելաոճով է փորձում կրկնել նախորդներին: 2023թվականի փետրվար ամսին գործն իր վարույթ ընդունելուց հետո, 6-ամիս դատական նիստեր չի անցկացրել,որոնք վերջինի այլ գործողությունների համադրմամբ փաստում են՝ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանին հնարավորինս երկար ժամանակ ազատության մեջ թողնելու անձնական շահագրգռվածության, խմբակային սպանությունը վկայող փաստերի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ժամանակն ու հնարավորությունները սպառելու դիտավորության մասին: Հակիրճ մի փաստի անդրադառնամ:

Միջնորդություն է ներկայացվել գործի համար շատ կաևոր փորձաքննություններ նշանակելու մասին,դատավոր Հ.Իսրայելյանը որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու մասին, սակայն առանց որևէ հիմքերի և հիմնավորումների՝ խեղաթյուրել և փոխել է իր իսկ կողմից բավարարված միջնորդությամբ նշված փորձաքննության տեսակները,փոխել է նաև այն փորձագիտական կենտրոնները, որոնց կատարման մասին նշվել է միջնորդությամբ:

Իսկ սույն թվականի հունվարի 19-ի նիստին՝ Արտյոմ Ադանալյանին սպանելու համար ամբաստանվող Արթուր Մարտիրոսյանը չէր ներկայացել դատարան:Դատավորին ուղղված իմ այն հարցին,թե՝ որտե՞ղ է գործով ամբաստանյալը, ինչու՞ չի ներկայացել դատական նիստին, դատարանը բառացի հայտնել է,որ ամբաստանյալից որևէ տեղեկություն դատարանը չի ստացել և նրա  կողմից դատական նիստին չներկայանալու պատճառների մասին ևս տեղեկություններ առկա չեն:

Նույն պահին իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ամբաստանյալին անհապաղ բերման ենթարկելու մասին որոշում կայացնել, հանձնարարել ոստիկանությանը նրան գտնելու և արագ կարգով դատարան ներկայացնելու, ինչպես նաև որոշում կայացնել նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու և կրկին կալանավորելու մասին:

Դատավոր Հայկ Իսրայելյանը մերժեց մեր միջնորդությունը, այնուհետև հակասելով իր իսկ հայտնած տեղեկություններին, փորձեց սուտը ստով կոծկել և ցավով պետք է արձանագրել,որ դա առաջին դեպքը չէր:

Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, որը բնականաբար շաբլոն ձևակերպումներով մերժվելու է:Նման պայմաններում հնարավո՞ր է այլևս ակնկալել արդար դատաքննություն և ո՞րն է երաշխիքը: Դատական դեպարտամենտի տեղեկությունների համաձայն՝ 8-միլիոն և ավելի ՀՀ դրամ է հատկացվել ֆիլմ  նկարահանելու համար,ֆիլմի ցուցադրման հետ կապված՝ «Դատական կոռուպցիա և ինչու է արդարադատությունը ուշանում»՝ միջոցառումներ են կազմակերպվել և այլն:Եթե դատական դեպարտամենտը համարձակության նշույլ և պետական կամք կցուցաբերի անցնել այս գործով, ապա իրենց պատկերացրած արդարադատության հետ որևէ աղերս չունեցող, սակայն խոսուն կադրեր կարող են վերցնել Շիրակի մարզի դատարանի Մարալիկի նստավայրի դատավոր Հայկ Իսրայելյանի վարույթում քննության առնվող՝ մանրապատումների մակարդակով և կասկածելի դրվագներով հագեցած,  բոլոր առումներով՝ իրավունքի և փաստերի խոշտանգված այս գործով»,-ասաց Ռուզան Ադանալյանը։