Ամենապարտաճանաչը Անանյանն ու Խաչատրյանն են

Ամենապարտաճանաչը Անանյանն ու Խաչատրյանն են

Մենք հիշում ենք վարչապետի՝ հանրության, լրագրողների հետ բաց ու թափանցիկ շփվելու, հասանելի լինելու մասին խոսքերն ու ուշադրություն դարձնում, թե կառավարության նիստից հետո որ պաշտոնյաներն են իջնում գլխավոր մուտքով, պատասխանում լրագրողների հարցերին, իսկ դրսում շփվում քաղաքացիների հետ։ Այս թեման նախորդ իշխանությունների օրոք էլ էր ակտուալ․ երբ դեռ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ, խիստ հանձնարարել էր, որ նիստից հետո նախարարները պարտադիր գլխավոր մուտքով իջնեն ու շփվեն լրագրողների հետ, ոչ թե ետնամուտքով։ Բայց՝ ձայն բարբառո հանապատի․ ոչ բոլորն էին ենթարկվում նրա խոսքին։ Նույնն էլ հիմա է՝ կառավարության նիստից հետո մեկ-երկու պաշտոնյա են պարտաճանաչ իջնում գլխավոր մուտքով ու հոժարակամ պատասխանում լրագրողների հարցերին։

Նրանցից մեկն էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն է, մյուսը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հազվադեպ է լինում, որ այս երկու պաշտոնյաները չիջնեն գլխավոր մուտքով։ Մեկ էլ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն է այս հարցում բավականին պարտաճանաչ՝ նա էլ է հաճախ իջնում ու զրուցում լրագրողների հետ։ Վերջին շրջանում մեկ-երկու անգամ նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է իջել, պատասխանել մեր հարցերին, ու շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, բայց նկատել ենք՝ իջնում է, երբ իր ոլորտին առնչվող որեւէ ակտուալ թեմա է լինում։

Մի ժամանակ գլխավոր մուտքով իջնելու սովորություն ուներ նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն վերջերս կարծես սկսել է ետնամուտքով միանգամից մտնել ֆիննախ՝ շրջանցելով «իր սիրելի լրագրողներին»։ Մի երկու անգամ էլ արդարադատության նախարարն է իջել։ Մյուսները՝ ԿԳ, առողջապահության նախարարներ եւ այլք, իջնում են, բայց ոչ մշտապես, այս հարցում «առաջամարտիկները» Խաչատրյանն ու Անանյանն են՝ նրանք երբեք չեն մերժում լրագրողներին ու չեն փախչում մեզնից։ Ուժայիններից էլ, եթե նախկինում Վանեցյանն ու Օսիպյանը երբեմն իջնում-շփվում էին մեզ հետ, հիմա նրանք չկան, իսկ նրանց փոխարինող ԺՊ-ներն էլ դեռ ոչ մի անգամ չեն իջել լրագրողների մոտ։ Գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի մասին էլ խոսք չկա՝ նրանց երեսն անհիշելի ժամանակներից կառավարության գլխավոր մուտքի մոտ չենք տեսել՝ ետնամուտքով իջնում՝ «ծլկում» են։