Որտեղ Փաշինյանը, այնտեղ Սամվել Ալեքսանյանը

Որտեղ Փաշինյանը, այնտեղ Սամվել Ալեքսանյանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը, որոնք վարչապետի հետ շրջում էին ենթակայանի տարածքում, ապա ժամանակ առ ժամանակ առանձնանում ու մտերմիկ զրուցում։ «Հաղթանակը» վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ, գլխավոր կապալառուն «Կասկադ-էներգո» ընկերությունն է, որտեղ «Տաշիր գրուպը» մասնաբաժին ունի: Բացի այդ, Սամվել Կարապետյանը վաղուց հավակնություններ ունի ԲԷՑ-ի հետ կապված, թեեւ հայտնի չէ, թե այսօր այդ գործարքն ինչ փուլում է։ Հիշեցնենք, որ ժամանակին ԲԷՑ-ը հանձնվել էր ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր գրուպին», հեղափոխությունից հետո այդ պայմանագիրը չեղյալ արվեց, սակայն մոտ մեկ տարի անց լուրեր շրջանառվեցին, թե իշխանությունը «փոշմանել» է եւ ուզում է ԲԷՑ-ը կրկին վերադարձնել Կարապետյաններին։ Հնարավոր է նաեւ սա էր Կարապետյանի ներկայության պատճառը:

Բացման խոսքով հանդես եկավ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Ներկա էր նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։ Նախարարն ասաց, որ 130 միլիոն դոլարի ծրագրեր են իրականացվել՝ Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը բարձրացնելու համար: Ըստ Պապիկյանի՝ այդ ծրագրի շրջանակներում ավարտին են հասցվել «Հրազդան ՋԷԿ»-ը, Շինուհայրի ենթակայանին միացնող շուրջ 230 կիլոմետր երկարությամբ 220 կիլովատ լարման օդային գծի կառուցման աշխատանքները եւ այլն: Իսկ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկումն արժեցել է 14 միլիոն դոլար. «Այս ենթակայանը շատ կարեւոր նշանակություն ունի Երեւանի հարավ-արեւմտյան հատվածի եւ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էներգամատակարարման համար: Բարձրացել է էլեկտրական ցանցի հզորությունը, նվազեցվել է վթարների հավանականությունը»։ Ապա Պապիկյանը կտրեց կարմիր ժապավենը։

Վարչապետ Փաշինյանն էլ նախ շրջեց ենթակայանի տարածքում, ապա հեռացավ, իսկ լրագրողների հարցերին պատասխանեց նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հրաժարական տվեց Հովհաննես Քոչարյանը, որը մեկուկես տարի զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Քոչարյանը հրաժարականի դիմումից մեկ օր առաջ հայտարարել էր, թե համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ: «Էդ հայտարարությունից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել, ինչը եւ արվել է: Իրեն կարող եք դիմել այդ հարցով, պարզապես ինքը գրել է դիմում, ու դրա հիման վրա որոշումը կայացվել է՝ ներկայացնել նախագահին գրություն՝ ազատման վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, թե պատճառն ինքը չի ճշտել Քոչարյանից: Հնարավո՞ր է վարչապետը նրան այդ հայտարարության համար նկատողություն արած լինի եւ ասած լինի՝ դիմում գրի։ Խոսնակը պատասխանեց. «Իր այդ հայտարարությանն անմիջապես հետեւել է հրաժարականի դիմումը։ Նրա հետ խոսակցություն չի եղել»:

Մենք Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե մինչեւ երբ է շարունակվելու հրաժարականների հիթ-շքերթը, ինչու են իրենց իշխանության փորձառու կադրերը, սպաները հեռանում։ «Հիմա ես ի՞նչ պետք է պատասխանեմ։ Ու ի՞նչ խնդիր կա, եթե ինքը որոշում է, որ պետք է լքի, մենք պետք է կանգնացնենք-ասենք՝ մի՞ լքի։ Այս փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա էդպես որոշում են կայացրել․․․ շատ նորմալ է, որ թարմացում է գնում։ Եթե մարդ որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է, որ ոչ միշտ է պետք կանգնեցնել կամ հետ բերել»։

Կարապետյանին հարցրինք նաեւ Արա Բաբլոյանի այն հայտարարության մասին, որ ասել էր, թե ընդամենը մի խախտում է թույլ տվել, որի համար արժե, որ քննություն կատարվի՝ Փաշինյանին օգնել է իշխանության գալ։ Խոսնակն արձագանքեց․ «Ինքը համարում է, որ, այնուամենայնիվ, խախտո՞ւմ է թույլ տվել, ուրեմն թող պատասխանատվություն կրի։ Եթե ինքն ընդունել է, որ որեւէ հարցում խախտում է թույլ տվել, ապա լավ կլինի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն կրի»։ Իսկ օգնե՞լ է Բաբլոյանը Փաշինյանին՝ գալ իշխանության։ «Իրեն հարցրեք, ես 3-րդ անձանց հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել»։