Երկու օրից ռուսները կպարզաբանե՞ն «Օրսիսի» թնջուկը

Երկու օրից ռուսները կպարզաբանե՞ն «Օրսիսի» թնջուկը

Մի քանի օր առաջ ռուսական «Ռիա նովոստի» կայքը հոդված հրապարակեց այն մասին, թե այս տարվա մայիսին ՀՀ ՊՆ-ն, «առանց բացատրության», փակել է ռուսական զինագործական «Օրսիս» ընկերության հաղթած տենդերը, որով պետք է մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարեր Հայաստանի ԶՈւ-ին։ Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ ՀՀ ՊՆ-ն «իր պատմության մեջ առաջին անգամ» մրցույթ էր հայտարարել, որի որակավորման պահանջները կարողացել էր բավարարել հենց ռուսական «Օրսիս» զինագործական ընկերությունը։ Ռուսական լրատվամիջոցը խնդրին փորձել էր քաղաքական երանգ հաղորդել, հայաստանյան տեղեկատվական դաշտում էլ այն սկսեցին ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների ծիրում՝ դրան լրացուցիչ խնդրահարույց «հմայք» հաղորդելով։

Մամուլում գրվեց, որ այս ամենի հետեւում կանգնած են ՀՀ ԶՈՒ երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ Արթուր Գալստյանը եւ Գեւորգ Մանուկյանը՝ որպես «Օրսիս Արմս» հայաստանյան ՍՊԸ-ի հիմնադիրներ։ «Օրսիսը»՝ որպես զինագործական ընկերություն, ըստ տեղեկության, մաս է կազմում ռուսական «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնին եւ տարիներ շարունակ զենք, զինամթերք է մատակարարել Հայաստանին։ Բայց այն ուղիղ կերպով չի մասնակցել մրցույթին, այլ Հայաստանում վերոնշյալ զինվորականների՝ Ա․ Գալստյանի եւ Գ․ Մանուկյանի հիմնադրած հիշյալ ՍՊԸ-ի միջոցով, որը գրանցվել է 2017-ին։ Հենց այս ՍՊԸ-ն է մասնակցել տենդերներին եւ հաղթող ճանաչվել, որից հետո միայն ռուսական մայր ընկերությունը մատակարարել է ապրանքը։ Տենդերը, որքանով մեզ հայտնի դարձավ, կազմակերպվել կամ «կարվել» է հին` «ավանդական» մեթոդներով․ տեխնիկական բնութագրում նշել են այն չափանիշները, որոնք կարող է բավարարել միայն վերոնշյալ ընկերությունը։

Եվ այս ամենի հետեւում, ըստ մամուլում հայտնված տեղեկության, կանգնած են ՊՆ բարձրաստիճան սպաներ Ա․ Գալստյանը, ով կոչումով գնդապետ է եւ 2017-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը, եւ Գ․ Մանուկյանը, ով պահեստազորի սպա է։

Կարելի է ենթադրել՝ այս անձինք տարիներ շարունակ բիզնես են արել ՊՆ-ի հաշվին՝ իրենք իրենցից պետության փողերով զենք գնելով։ Բայց ՊՆ-ն, իսկ ավելի ստույգ՝ նախարար Դավիթ Տոնոյանը, թերեւս բացահայտելով, որ այստեղ մի բան այն չէ, որոշել է քանդել այս սխեման՝ չեղյալ համարելով կամ փակելով «Օրսիսի» շահած տենդերը։ Արդյունքում «Օրսիս Արմսի» ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե «ՀՀ ՊՆ-ի կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ»:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այդ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր․ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Թեմայի շուրջ զրուցեցինք «Օրսիս Արմս» ՍՊԸ հիմնադիր եւ միաժամանակ ՀՀ ԶՈւ պաշտոնյա Արթուր Գալստյանի հետ։ Նա հենց սկզբում հերքեց, թե կապ ունի «Օրսիս»-ի հետ, ապա հավելեց, որ մրցույթին մասնակցել է ոչ թե «Օրսիսը», այլ «Պրոմտեխնոլոգիան», եւ խնդրեց երկու օր համբերել՝ Սիրունյանն արտերկրից կգա եւ ամեն ինչ կպարզաբանի։ Բայց նրա խոսքերից անհայտ մնաց, թե ինչու է Սիրունյանն «Օրսիս Արմսի» անունից դիմել իրավապահներին, եթե իրենք «Օրսիսի» հետ կապ չունեն, «Օրսիսն» էլ՝ տենդերի։ Մինչդեռ նշենք, որ «Օրսիս Արմսի» այցեքարտի վրա հենց Ա․ Գալստյանի անունն է նշված՝ որպես հիմնադրի, եւ նրա հեռախոսահամարը, որով էլ զանգահարեցինք նրան։ Բացի այդ, մեր ձեռքի տակ է հայտնվել Հայբիզնեսբանկի կողմից Արթուր Գալստյանին ուղարկված ավելի քան 100 մլն դրամ գումարի վճարման պահանջով ծանուցագիր, որի վրա նրա մակագրությունն է՝ որպես «Օրսիս Արմս» ՍՊԸ տնօրեն։

««Օրսիս» ընկերության հետ ընդհանրապես ես կապ չեմ ունեցել։ «Օրսիսը» որ օրը հիմնադրվել է, նույն օրը հավատարմագրային կառավարման է հանձնվել։ Չես իմանում՝ խի են էդքան մասը բաց թողել։ Դրա հետ կապված՝ ծառայողական քննություն է եղել, հիմա էլ ընթանում է։ Խնդրում եմ՝ եկեք հիմա ոչ մի բանով չարձագանքեմ»,- ասաց Ա․ Գալստյանը։

- Բայց մենք ունենք «Օրսիս Արմս» ընկերության այցեքարտը, որտեղ Ձեր անունն է նշված՝ որպես ընկերության հիմնադրի, եւ Ձեր հեռախոսահամարը։

- Ճիշտ եք ասում, հիմնադիր եղել եմ, հենց նույն օրն էլ հանձնվել է կառավարման։ Օրենքը չի արգելում, օրենքն ի՞նչ է ասում՝ զինծառայողն իրավունք չունի ակտիվ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու։ Ինքը բացվել է, եւ նույն օրը՝ 2017թ․ մայիսի 4-ին, հանձնվել է կառավարման։ Ես ո՛չ շահույթ եմ ստացել, ո՛չ ստորագրել եմ, ո՛չ էդ նիստերին եմ մասնակցել՝ ոչ մի բան, ես չեմ կառավարել էդ ընկերությունը։

- Բայց փաստացի ստացվում է, որ Ձեր հիմնադրած ընկերությունը տենդերի է մասնակցել եւ շահել է։

- Ոչ, ինքը չի մասնակցել, խեղաթյուրում են, մասնակցել է ռուսական ընկերությունը։

- Գիտեմ, Դուք «Օրսիս Արմսի» ներկայացուցիչն ու հիմնադիրն եք։

- Ես չեմ ներկայացուցիչը․․․ ես Ձեզ խնդրում եմ սպասել, իրավաբանը վաղը կլինի Հայաստանում, ես իր համարը կփոխանցեմ, ինքն էդ բոլոր հարցերին կապատասխանի։ Ես չեմ էլ պատկերացնում՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Հիմնական մասնակիցը ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունն է։ «Օրսիսը» բացարձակապես․․․ ես հետո եմ ծանոթացել, երբ որ արդեն էդ «տուրուդմփոցները» սկսեցին, ես լուրերից եմ իմացել, ու պարզ է՝ ծառայողական քննություն է գնացել, ծառայողական քննության նյութերին ես ծանոթացել եմ։

- Այդ դեպքում ինչո՞ւ է մամուլում «Օրսիսի» անունը գրված՝ որպես տենդերի հաղթողի։

- Ուշադրություն շեղելու համար է դա միանշանակ եղել։ Ես Ձեզ դրա համար խնդրում եմ՝ երկու օր համբերեք, կլինի՞, շատ չէ, երկու օր համբերեք՝ ամեն ինչ կընկնի տեղը, ամեն ինչ՝ բոլոր փաստերը, ամբողջ էդ հրապարակային էդ բաները, բանակցությունները․․․ լուսանկարներով, ամեն ինչով ռուսական կողմը իրավաբանի միջոցով տեղեկացրել է, որ կհրապարակեն։

- Այդ դեպքում այս աղմուկն ինչի՞ համար է։

- Ես ի՞նչ գիտեմ՝ ինչի համար է։ Աղմուկը բարձրացրել է ռուսական կողմը, ոնց հասկացա, որ ՀՀ ՊՆ-ն մրցույթը տապալել է՝ լուրերից եմ իմացել, իրենք էլ, որպեսզի շեղեն ուշադրությունը, բերել են՝ էսպես են ուզում անել։ Հիմա ծառայողական քննություն է գնում։

- Ձեզ հրավիրե՞լ են այդ քննչական գործողություններին մասնակցելու, Ձեզնից որեւէ բացատրություն վերցրե՞լ են։

- Էս պահի դրությամբ ինձ դեռ չեն հրավիրել։

- Բայց Դուք շարունակում եք պաշտոնավարել ՀՀ զինված ուժերում, ճի՞շտ է։

- Ճիշտ այդպես։

- Հիմա Դուք բացառո՞ւմ եք, որ Դուք եւ Ձեր գործընկերը կապ ունեք «Օրսիս Արմս» ընկերության հետ։

- Գործընկերն ո՞վ է, ես գործընկերոջ փոխարեն ո՞նց կարող եմ խոսել, ես ասում եմ՝ հանձնել եմ կառավարման հենց նույն օրը, նույն պահին։ Պետռեգիստրում կա, գնացեք վճարեք, ստացեք էդ ինֆորմացիան։

- Պետռեգիստրում նշված է, որ որպես ընկերության հիմնադիրներ՝ հանդես եք գալիս Դուք եւ Գեւորգ Մանուկյանը։ Ո՞վ է նա, ի՞նչ կապ ունի «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հետ։

- Զանգեք իրեն, իր հետ խոսեք, ես ի՞նչ ասեմ։

ՀԳ․ Լավատեղյակ անձն այսպես մեկնաբանեց պաշտպանական տակտիկան․ որպես բողոքող կողմ՝ հանդես է գալիս ռուսական ընկերությունը, որն արդեն սեւ ցուցակում է, որպեսզի վանեն ՊՆ-ի հետ փոխկապակցված անձանցից կասկածներն ու պատասխանատվությունը։