Որևէ փաստաթղթից կամ փաստից ազդված չեմ եղել իմ դիրքորոշումն արտահայտելիս

Որևէ փաստաթղթից կամ փաստից ազդված չեմ եղել իմ դիրքորոշումն արտահայտելիս

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը, որով արձանագրվեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, միաձայն չի ընդունվել Սահմանադրական դատարանի կողմից։ ՍԴ երկու անդամ՝ Արման Դիլանյանը եւ Ֆելիքս Թոխյանը, գրել են հատուկ կարծիք, որոնք, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, պետք է հրապարակվեն 10 օրվա ընթացքում։

Այս երկու դատավորների մասին արդեն գրվել է, որ սերտ աշխատում են նոր իշխանությունների հետ, իսկ Արման Դիլանյանը, հիշեցնենք, այն միակ դատավորն է, որին նորանշանակ Վահե Գրիգորյանը «ՍԴ դատավոր» է համարում, մյուսներին՝ անդամներ, եւ վիճարկելով նրանց գործունեության օրինականությունը։ Ինքը՝ Վահե Գրիգորյանը, չէր մասնակցում գործի քննությանը, քանի որ, ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն, նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ՝ անցյալում ներկայացրել է կողմի շահերը եւ մասնակցել է Մարտի 1-ին առնչվող գործերի քննությանն այլ դատարաններում։

Ի դեպ, այս որոշմամբ նաեւ հաստատվեց, որ ՍԴ-ն, ըստ էության, կիսվել է երկու մասի։
Որոշումը մեկնաբանելիս երեկ տարբեր կարծիքներ էին հնչում․ ոմանք ասում էին, թե սա նշանակում է, որ Ռ․ Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, մյուսները հակառակն էին պնդում։ Ոչ ոք չէր կողմնորոշվում, թե այս որոշումն ինչ ազդեցություն է ունենալու ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարտի 1-ի դատաքննության եւ Քոչարյանի կալանքի վրա։ Իրավաբաններից մեկն անանուն նկատեց, որ անիմաստ եւ իրավական հետեւանքներ չառաջացնող անատամ որոշում է կայացվել։ Գուցե սա դիտվի որպես նոր երեւան եկած հանգամանք՝ դատական ակտի վերանայման համար։

Մենք զրուցեցինք ՍԴ դատավոր Արման Դիլանյանի հետ։

- Պարոն Դիլանյան, Դուք հատուկ կարծիք եք գրել։

- Ես այն կհրապարակեմ ավելի շուտ, քան մինչեւ տասն օրն է, եւ իմ դիրքորոշումը կներկայացնեմ, նոր կանդրադառնամ որոշ հարցերի, քանի որ չեմ ցանկանա հատուկ կարծիքից առաջ որեւէ մեկնաբանություն տալ որեւէ հարցի վերաբերյալ։

- Գոնե երկու խոսքով չե՞ք կարող ասել հատուկ կարծիքի էությունը։

- Ես կարող եմ ընդհանուր տեղեկատվություն տալ, թե ինչ է հատուկ կարծիքը․ այն դատավորի, այսպես ասեմ՝ վերապահումներն են համապատասխան որոշման վերաբերյալ։ Հատուկ կարծիքը կարող է լինել համընկնող եւ չհամընկնող։ Համընկնող հատուկ կարծիքն այն է, երբ դատավորը համաձայն է եզրափակիչ մասի հետ, սակայն համաձայն չէ պատճառաբանությունների հետ։ Եվ չհամընկնող հատուկ կարծիքն այն է, երբ դատավորը համաձայն չէ եզրափակիչ մասի հետ։

- Լավ, ո՞ր մասով եք համաձայն, որ մասով՝ ոչ, համընկնո՞ղ է Ձեր հատուկ կարծիքը, թե՞ ոչ։

- Ես չեմ կարող մեկնաբանել, վերջին հաշվով՝ եկեք հաշվի առնենք, որ որոշումը հրապարակված չէ, որոշումը պետք է հրապարակվի Սահմանադրական դատարանի կայքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ուժի մեջ կմտնի կայքում հրապարակվելուց հետո։ Եկեք հիշենք, որ մենք խոսում ենք դատական ակտի մասին, այս պահին մեկնաբանություններ չենք կարող տալ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ես պատրաստվում եմ հատուկ կարծիք գրել։

- Վահե Գրիգորյանը երեկ նամակ էր հրապարակել՝ ուղղված Ձեզ եւ ՍԴ անդամներին․ Ձեր վրա այն իր ազդեցությունն ունեցա՞վ։

- Պարոն Գրիգորյանի այդ նամակը եւ դիմումը Սահմանադրական դատարանին, ըստ էության, ազդելու էր այնքանով, որքանով։ Որովհետեւ ինքը, ըստ էության, դատավորների հարցն էր բարձրացնում, բայց գործի ըստ էության լուծման համար ինքն ուղղակի հետեւանքներ չէր առաջացնում։ Անուղղակի հետեւանքներ էր առաջացնում։ Եվ ասեմ, որ պարոն Գրիգորյանի նամակից, դրանից դուրս որեւէ տեսակի փաստաթղթից կամ փաստից ու  երեւույթից ես ազդված չեմ եղել այս որոշումը քննարկելիս, իմ դիրքորոշումն արտահայտելիս եւ ապագայում՝ հատուկ կարծիքը ձեւակերպելիս։ Ես բացառապես իմ համոզմունքներով ու իմ իրավական գիտելիքներով եմ առաջնորդվել։

- Իսկ Ֆելիքս Թոխյանը միացա՞վ Ձեր հատուկ կարծիքին, նրա կարծիքը համընկնո՞ւմ է Ձեր հատուկ կարծիքին։

- Ես չեմ կարող ասել, նորից եմ կրկնում։

- Մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ Տիգրան Եգորյանը, կարծիք էին հայտնել, որ ՍԴ անունից կայացված որեւէ որոշում չպետք է ճանաչվի եւ կատարվի իշխանության մյուս թեւերի կողմից՝ հաշվի առնելով սահմանադրական ճգնաժամը։ Նման բան հնարավո՞ր է։

- Իմ կարծիքով՝ Դուք շատ լավ տեղյակ եք, որ ես նման մեկնաբանություններ չեմ կարող տալ։ Հատկապես Սահմանադրական դատարանի կայացրած ակտի հետ կապված։