Հայաստանը պատրաստվել է ՀԱՊԿ-ի հեռացմանը եւ ոչ թե Ռուսաստանի հետ թշնամացմանը

Հայաստանը պատրաստվել է ՀԱՊԿ-ի հեռացմանը եւ ոչ թե Ռուսաստանի հետ թշնամացմանը

Թեեւ ՀԱՊԿ-ի ստեղծման օրվանից Հայաստանն այդ ռազմաքաղաքական կառույցի հիմնադիր անդամներից է, այնուամենայնիվ, մեր երկրում այդպես էլ ճիշտ չեն հասկացել, թե իրականում ինչի մասին է այդ ռազմաքաղաքական կառույցը: Այդ կառույցի հիմնադրման օրվանից Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակները հայ հասարակությանը համոզել են, որ ՀԱՊԿ-ն առանձին վերցրած անդամ երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին ռազմաքաղաքական կառույց է: 

Սակայն, իրականում, ՀԱՊԿ-ն միշտ էլ ոչ թե անդամ երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունների, այլ անդամ երկրների եւ «Աշխարհաքաղաքական Ռուսաստանի» հարաբերությունների մասին ռազմաքաղաքական կառույց է: Ռուսաստանն այն չի ստեղծել, որպեսզի իր եւ անդամ երկրների հարաբերություններին դաշնակցային բովանդակություն հաղորդի: Ռուսաստանն այն ստեղծել է, որպեսզի անդամ երկրներին «Աշխարհաքաղաքական Ռուսաստանի» ազդեցության գոտում պահի:

Այս իմաստով այն, ինչ այսօր կատարվում է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում, ոչ թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ «աշխարհաքաղաքական Ռուսաստանի» փոքրանալու մասին է վկայում: Եվ, անկախ նրանից, թե ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներն ինչպես կներկայացնեն ստեղծված վիճակը, անկախ նրանից, թե հայաստանյան որոշակի շրջանակներ ինչպես կվերաբերվեն ընթացող գործընթացներին, միեւնույն է, դրանից այն իրականությունը, որ ստեղծված վիճակի պատճառը ոչ թե Հայաստանի գործողությունները, այլ թուլացող «աշխարհաքաղաքական Ռուսաստանի» ռազմաքաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունների վերանայումներն են, չի փոխվում:

Սակայն Հայաստանում չպետք է մոռանան, որ այսօրվա «Աշխարհաքաղաքական Ռուսաստանը» կարող է հեռանալ միայն Հայաստանից, բայց չի կարող եւ չի հեռանա Կովկասից: Եվ եթե նրա առաջնահերթություններն այսօր այնպես են դասավորվել, որ նա ավելի նպատակահարմար է գտնում, որ Կովկասում իր մնալը ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով իրականացնի, ուրեմն նրան հակահայաստանյան նոր կենտրոն չդարձնելու համար Հայաստանը ոչ թե պետք է ընկղմվի հակառուսական հիստերիայի մեջ, այլ շեշտադրումները կատարի հայ-ռուսական հարաբերություններում առկա նոր ոլորտներ ու նոր ներուժ բացահայտելու եւ, ըստ այդմ՝ այդ համագործակցությանը նոր թափ ու որակ հաղորդելու իր պատրաստակամության վրա:

Անշուշտ, այնպես չէ, որ Հայաստանը չի կարող սառեցնել կամ դադարեցնել անդամակցությունը դաշնակցային պարտականությունները չկատարող մի այնպիսի կառույցի հետ, ինչպիսին ՀԱՊԿ-ն է: Անշուշտ, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ճակատագիր է, ու դրանից խուսափել հնարավոր չէ: Բայց նաեւ այնպես էլ չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար միայն Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններ են եղել: Ճիշտ հակառակը՝ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար միշտ էլ ավելին են եղել, քան ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն է, եւ, հետեւաբար, հայկական կողմի ցանկացած նախաձեռնություն պետք է նաեւ այս տեսակետից գնահատված նախաձեռնություն լինի:

Ի վերջո, ինչպես մենք՝ այստեղ, այնպես էլ Ռուսաստանում պետք է հասկանան, որ դա ոչ թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Հայաստանի ցանկությունն է, այլ Ադրբեջանին Հայաստանից ավելի շատ կարեւորող ՀԱՊԿ-ի գործողություններն են, որ Հայաստանին ստիպում են գնալ այնպիսի քայլի, ինչպիսին ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումն է: Միակ բանը, որը կարող էր անել ու քառասունչորսօրյա պատերազմից հետո անընդհատ արել է Հայաստանը, այնպես անելն է եղել, որ ոչ թե Հայաստանը հեռանա ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանից հեռացող ՀԱՊԿ-ն ինքը գնա Ադրբեջան: Իսկ այդքան արել է, որովհետեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր եւ հետայսու կարեւորվել ու կարեւորվելու է ոչ թե Ռուսաստանի հետ թշնամանալը, ինչպես փորձում են ներկայացնել ռուսական որոշակի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ, այլ Հայաստանից նրա հեռացմանը պատրաստ լինելը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ