«Իմ քայլից» ոմանք փորձում են ինձ հետ կապ հաստատել՝ զանգերին չեմ պատասխանում
Հարցազրույց գյումրեցի սցենարիստ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ
- Դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր եկել՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ապա լուսանկարներ տարածեցին, որտեղ տատիկները փաթաթվել էին Փաշինյանին, խնդրում էին՝ իրենց մենակ չթողնել։ Իսկապե՞ս Գյումրիում Նիկոլ Փաշինյանը լայն ժողովրդականություն է վայելում, գյումրեցի տատիկներն ի՞նչ մարտական հնարքով էին ճեղքել թիկնազորի պատնեշն ու մոտեցել իրենց սիրելի վարչապետին։
- Սկսենք նրանից, որ առաջին անգամ Գյումրիում փակվեցին բոլոր կենտրոնական փողոցները, առաջին անգամ Գյումրի ժամանեց երկրի ղեկավարը՝ առանց նախապես տեղեկացնելու, որ մասնակցելու է այդ սգո արարողություններին, որովհետեւ միշտ մենք իմացել ենք թե՛ գալու, թե՛ չգալու մասին մեկ օր առաջ՝ բոլոր ղեկավարների օրոք, եւ հեծանիվով գործի գնացող «ամենաժողովրդավար եւ ամենաժողովրդական» ղեկավարը, ինչպես ներկայանում է ինքը, եւ ինչպես իրեն ներկայացնում են իր ֆեյսբուքյան խմբերում, որտեղ դեռեւս իրեն պաշտում են եւ համարում են հայ ազգի փրկիչ, էդ մարդը եկավ Գյումրի 150-200 թիկնապահներով, եւ այն վայրը, որտեղ հիշատակի օրվա արարողությունը կատարվում էր, հսկում էին դիպուկահարներ։ Այսինքն՝ եկել էր մարդ, որը վախեցած էր սեփական ժողովրդից, եւ եկել էր միայն մի բանի համար, որպեսզի կազմակերպվի տատիկների օպերացիան։ Պարզ է, չէ՞, որ 150-200 հոգանոց թիկնազորով Գյումրի եկող մարդն էդքան վախենում է իր անվտանգությունից, եւ պարզ է, չէ՞, որ կարող են էդ ամեն ինչը ճեղքել ու իրեն հասնել միայն էն մարդիկ, որոնց հանդեպ կա վստահություն, որ ինչ-որ մեկը չի մոտենա եւ ինչ-որ սուր-կտրող գործիքով չի հարվածի։ Իհարկե, էդ ամեն ինչը բեմադրված էր, բեմադրված էր այնպես, ինչպես եղել է վերջին 25 տարվա ընթացքում։ Էդ ձեռագիրը բոլորիս ծանոթ է, բոլոր ղեկավարները երբ ինչ-որ մի տեղ հայտնվում են, էդ տեղանքի փոքրիկ իշխանիկները գտնում են պատրաստակամ տատիկներ, որոնց վճարում են, եւ էդ տատիկները հայտնվում են եւ աստվածացնում էն մարդուն, ով 5 հազար զինվորականի զոհվելու պատճառ է դարձել, աստվածացնում են էն մարդուն, ով հանձնել է թուրքին մեր փոքր հայրենիքի մոտ 80 տոկոսը, որը պատրաստվում է քիչ-քիչ թուրքին հանձնել Սյունիքը, եւ խնդրում են նրան՝ իրենց մենակ չթողնել։
- Գյումրեցիներն ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանին, ինչպիսի՞ վարկանիշ ունի նա Գյումրիում․ «տատիկների օպերացիային» զուգահեռ՝ լուր տարածվեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հրաժարվել է հոգեհանգստի կարգ մատուցել Փաշինյանի ներկայությամբ, քանզի համարում է, որ նա իր վարչապետը չէ։
- Դա լուր չէ, դա փաստ է, մարդը կոնկրետ ասել է։ Ես անչափ հարգում եմ Շիրակի թեմի առաջնորդին, որը միշտ տարբերվել է իր ուրույն քաղաքացիական կարծիքով եւ միշտ իրեն բարձր է պահել, ինչպես պիտի պահի հոգեւոր հովիվը։ Այսօր մենք տեսանք, որ թե՛ Գարեգին Բ-ն, թե՛ Արամ Ա-ն կոչ արեցին, որ Փաշինյան Նիկոլը հրաժարական տա։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, ես այլեւս այդ՝ «վարկանիշ» բառը չէի օգտագործի։ Ո՞ւմ վարկանիշն ենք քննարկում՝ դավաճանի՞։ Էն մարդը, որն ապիկար, ապաշնորհ, ստախոս, կեղծիքով իշխանության եկած եւ իշխանությունը զավթած մարդն է, ո՞ր վարկանիշի մասին է խոսքը։ Հայաստանում ամենաշատ փնտրվող կայքերը պոռնոկայքերն են․ հիմա ի՞նչ, պոռնոկայքերի դերասաններին ղեկավա՞ր ընտրենք։ Փաշինյան Նիկոլի վարկանիշի իմ համեմատականն այլեւս էդ պոռնոկայքերի հետ է, ինքը չի կարող համարվել ազգի առաջնորդ ու այսօր սիստեմատիկ ամեն ժամ տանում է կործանման։
- Ընդդիմությունը Փաշինյանին վերջնաժամկետ էր ներկայացրել, որ հրաժարական տա։ Չտվեց։ Սկսեցին փողոցներ փակել, կիրառել նույն մեթոդները, ինչ Փաշինյանն էր կիրառում 2018-ին։ Սրանք կարո՞ղ են արդյունավետ լինել հրաժարականի հասնելու հարցում․ ընդդիմությունն իր առջեւ նպատակ է դրել Փաշինյանին հեռացնել ա՞յն ճանապարհով, որով նա եկել է իշխանության։
- Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ գործողությունների ինչպիսի հաջորդականություն է պլանավորել ընդդիմությունը, որովհետեւ ես կապ չունեմ կազմակերպչական, շտաբային գործունեության հետ, ինձ դրդել են բարձրանալ հարթակ այն գաղափարները, որոնց ես հավատում եմ։ Էն գործողությունների պլանը, որն իրականացնում է ընդդիմությունը, ես ողջունում եմ։ Ցանկացած գործողություն, որը կարող է արագացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ճիշտ է՝ լինի դա փողոց փակել, խաղաղ անհնազանդության այլ ակցիաներ։ Ցանկացած միջոցի պետք է էսօր դիմել, որպեսզի նա ժամ առաջ հրաժարական տա։ Մենք պետք է շատ հստակ մի կարեւոր բան գիտակցենք․ ստացվեց այնպես, որ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները ստորագրեցին դավաճանական կապիտուլյացիայի տակ։ Իրենք 21 օր ունեին հնարավորություն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, իրենց դիրքորոշումը հայտնելու, ինչ-որ մարդիկ դիրքորոշումները հայտնեցին՝ խմբակցությունից դուրս եկան, բայց մանդատները չդրեցին, ինչ-որ մարդիկ դուրս եկան՝ մանդատներն էլ դրեցին։ Ես էդ մարդկանց նույնպես, ովքեր մանդատները դրել են, համարում եմ կապիտուլյացիայի տակ ստորագրած։ Ի դեպ, այդ խմբակցությունից ոմանք փորձեր են անում ինձ հետ կապ հաստատել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ես ոչ միայն իրենց զանգերին չեմ պատասխանում, նույնիսկ բլակիրովկա եմ դրել իրենց համարներին, որ ինձ այլեւս չզանգահարեն, որովհետեւ դուք՝ տիկնայք եւ պարոնայք, ունեք այլեւս մի տարբերակ՝ ձեր ընտրության հետ առերեսվելու․ խմբակցությունից դուրս գալ, մանդատը չդնել ու պահանջել էդ մարդու հրաժարականը։ Եթե դուք դա չեք անում, ո՛չ ինձ զանգեք, ո՛չ մնացածին։
Կարծիքներ