«Հրապարակ». ՌԴ-ն ՀԱՊԿ-ի վարժանքներից հրաժարվելը դեմարշ դիտեց իր դեմ

«Հրապարակ». ՌԴ-ն ՀԱՊԿ-ի վարժանքներից հրաժարվելը դեմարշ դիտեց իր դեմ

Վերջին օրերին Ռուսաստանի իշխանական, քաղաքական, փորձագիտական շրջանակները բավականին սուր քննադատում են ՀՀ իշխանություններին։ Որքա՞ն կսրվեն հայ-ռուսական հարաբերությունները, որքա՞ն հեռու կգնա Փաշինյանը՝ ռազմավարական դաշնակցին նեղացնելու եւ դեպի Արեւմուտք գնալու իմաստով, եւ ի՞նչ հանգուցալուծում սպասել Երեւանի ու Մոսկվայի լարված փոխհարաբերություններում։ Մեր հարցերին պատասխանել է ռուս պատմաբան, վերլուծաբան Անտոն Եվստրատովը։

- Օրերս Մոսկվան բավականին աննախադեպ քննադատություն հնչեցրեց ՀՀ իշխանությունների հասցեին՝ այդ արձագանքը պայմանավորելով Փաշինյանի` իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցով, հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններով եւ այլն։ Մոսկվայի համբերության բաժակը լցվե՞լ է, ի՞նչ ակնկալել այս համատեքստում։

- Այո, վերջին օրերին եղել է փոխադարձ քննադատական հռետորաբանության այնպիսի մակարդակ, ինչպիսին ես չեմ հիշում: Հայկական մի շարք լրատվամիջոցներ շահարկումներ են արել Հայաստանում Ռուսաստանի կողմից պետական հեղաշրջման հնարավոր կազմակերպման մասին։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը նման արմատական քայլերի չի գնա՝ սահմանափակվելով միայն Արցախի անվտանգության ապահովման հարցում առկա անվճռականությամբ եւ, հնարավոր է, Հայաստանի վրա ճնշում գործադրելով` տարածաշրջանային լոգիստիկ հարցերում։ Որպես ամենաարմատական միջոց՝ ենթադրում եմ տնտեսական ճնշումը․ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն է եւ հեշտությամբ կարող է ազդել Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։

- Ռուսաստանում հայ-ամերիկյան զորավարժությունները համարում են դավաճանական հարված, որը Երեւանը հասցրել է դաշնակից Մոսկվային։ Եվ պնդում են, թե ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանն իրավունք չունի նման զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի գլխավոր ախոյանի՝ ԱՄՆ-ի հետ, որովհետեւ առկա է նաեւ ռազմական գաղտնիքներ փոխանցելու մտավախությունը։ Որքանո՞վ է այս մեղադրանքը տրամաբանական։

- Զորավարժությունների անցկացման իրավաչափության վերաբերյալ թեզը, իհարկե, թյուր է։ Ընդ որում, սա ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ առաջին զորավարժությունը չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի այլ դաշնակիցների, օրինակ՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի համար։ Կարծում եմ, որ ռազմական գաղտնիքների հետ կապված հարցերը եւ այս առնչությամբ այլ ռազմատեխնիկական հարցերը վաղուց լուծված են։ Ավելին, պաշտոնական Մոսկվան երբեք չի հերքել, որ ինքնիշխան Հայաստանն ունի համագործակցելու տարբերակ՝ ում հետ հարմար է գտնում։ Այստեղ Ռուսաստանի Դաշնության համար ցավալի է հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվելիք վարժանքներից Երեւանի հրաժարվելու փաստը, որն ընկալվում է որպես քաղաքական դեմարշ, հայկական կողմի «ընտրություն»` հօգուտ Արեւմուտքի։ 

- Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի համար վտանգավոր արկածախնդրություն է համարել ԱՄՆ-ի մյուս երդվյալ հակառակորդը՝ Իրանը․ նման բան ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Աննախադեպ է, որ պաշտոնական Երեւանին գրեթե միաժամանակ կշտամբեն նրա երկու մերձավոր դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Ըստ Ձեզ, ինչքա՞ն կխորանա այս հակասությունը Հարավային Կովկասում։

- Այս կարգի քննադատությունը հարմար գործիք է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իհարկե, ի թիվս այլոց: Հայաստանն իր հերթին փորձում է իր քաղաքական անկախությունն ու սուբյեկտայնությունը մատնանշել Արցախի չափազանց բարդ խնդրի եւ ընդհանուր աշխարհաքաղաքական ֆոնի համատեքստում։ Այս դեպքում Երեւանը պարզապես չունի քաղաքական ռեսուրս՝ բարձրացնելու լարվածության աստիճանը, ինչպես նաեւ դրա կոնկրետ անհրաժեշտությունը, եւ Ռուսաստանի ուղերձի մակարդակով հարցը կարգավորվել է։ Ռուսաստանն իր հերթին ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների հետ սուր առճակատման պայմաններում կարող է փորձել օգտագործել Իրանի չեզոք դիրքորոշումը՝ մի կողմից, Թեհրանի հետ էլ ավելի մերձեցման համար, իսկ մյուս կողմից՝ Հարավային Կովկասում ինքնահաստատվելու ավելի ամուր ջանքերով` արդեն իսկ Իրանի անմիջական աջակցությամբ: Պետք է ասել, որ երկու խնդիրն էլ չափազանց ցանկալի է Մոսկվայի համար, բայց հեշտ իրագործելի չէ։

- Ի դեպ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ թեպետ հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ են ի հայտ եկել, այդուհանդերձ, Ռուսաստանը եղել եւ մնալու է Հայաստանի կողքին, եւ որ Երեւանն ու Մոսկվան հետագայում եւս կմնան մերձավոր դաշնակիցներ։ Կարելի՞ է ասել, որ ՌԴ նախագահի խոսնակը փորձել է մեղմել կրքերը՝ բաց թողնելով կուտակված ավելորդ «գոլորշին»։ 

- Այո՛, այս ծանր իրավիճակի թուլացումը եւ լարվածության նվազեցումը բխում են երկու կողմերի շահերից։ Կարծում եմ, որ Երեւանը նման բնույթի հայտարարություններ կանի, եւ կողմերը կմարեն հանկարծակի բռնկված հռետորաբանությունը։ Գոնե՝ քաղաքական դիսկուրսի մակարդակով։ Իրական խնդիրների լուծման մակարդակում ամեն ինչ ավելի բարդ է լինելու: 2 կողմերին եւ, առաջին հերթին, Մոսկվային այժմ անհրաժեշտ են, թերեւս, արմատական եւ վճռական քայլեր՝ ի շահ իրենց դաշնակցի՝ թե՛ Արցախում, թե՛ ողջ տարածաշրջանում՝ հասկանալով, որ, ի վերջո, այդ շահերն ընդհանուր են:

Արա Ալոյան