«Հրապարակ». Wildberries-ը խոստանում է

«Հրապարակ». Wildberries-ը խոստանում է

Wildberries առցանց առեւտրի հարթակը վերացրել է թերությունը, որը կապված էր Հայաստանի տիրույթում ապրանքների գների ոչ «կոռեկտ» արտացոլման հետ՝ նման պատասխան ենք ստացել Wildberries-ից, ի պատասխան մեր հարցմանը։

«Wildberries օնլայն հարթակն ավարտել է Հայաստանի գնորդների համար սահմանված ապրանքատեսակների գների հետ կապված թերությունները վերացնելու տեխնիկական աշխատանքները։ Այժմ արդեն ե՛ւ հաճախորդների հիմնական կայքէջում, ե՛ւ Android եւ iOS բջջային հավելվածներում պատվերը կարող է գրանցվել՝ բացառապես նշելով այն տարածքը, որտեղ գտնվում է հաճախորդը, եւ տվյալ տեղանշմանը համապատասխանող գնով»,- հայտնում են Wildberries-ից։ 

Նշենք, որ վերջին 1-2 ամսում այս պոպուլյար առեւտրային հարթակում մախինացիաներ էին կատարվում։ Հայաստանցի հաճախորդները, այդ թվում եւ ցանցից օգտվող մասնավոր անձինք, ձեռնարկությունները, խանութների էլեկտրոնային համակարգի թերություններից օգտվելով, գրանցվում էին որպես ՌԴ բնակիչներ՝ նշելով որեւէ հասցե ՌԴ-ում, ապա հասցեի փոփոխություն էին կատարում, ինչի արդյունքում ապրանքները գալիս էին Հայաստանի Հանրապետություն, բայց՝ ռուսաստանյան գներով, այսինքն՝ իրական արժեքներից մոտ 40 տոկոս ցածր։ 
Wildberries-ի ղեկավարությունը, մեր տվյալներով, վաղուց է տեղյակ եղել այս խարդախ սխեմայից, սակայն նրանց ձեռք է տվել «թերությունը», քանի որ այն աստղաբաշխական առեւտրային ծավալներ է ապահովում, որի պարագայում կարելի էր աչք փակել ճանապարհածախսի վրա։ Իրավիճակը, բնականաբար, հարվածեց հայ առեւտրականների շահերին։ Նրանց վաճառքի ծավալներն առանց այդ էլ տուժել էին ռուսական առցանց հարթակի հզոր մրցակցությունից, երբ բանկային քարտ ունեցող եւ վճարունակ ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի օգտվում էր Wildberries-ից։  

Առեւտրականների բողոքի ակցիաները ստիպեցին Wildberries-ին «բացել աչքերը» եւ վերացնել եկամտաբեր թերությունը։ Ի դեպ, Հայաստանի ձեռնարկատերերի առաջ մեղքերը քավելու  նպատակով, Wildberries-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է ուսումնական միջոցառումներ` առցանց առեւտրով զբաղվողների հմտությունները զարգացնելու նպատակով։ Առցանց հարթակի մամուլի ծառայությունից խոստանում են, որ կպատասխանեն բոլոր ցանկացողների հարցերին՝ նրանց բիզնեսն ավելի էֆեկտիվ դարձնելու համար։ Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, կայացել է առաջին վեբինարը՝  Wildberries-ի փորձագետների հետ։ Խոստանում են, որ հայ ձեռնարկատերերի համար նաեւ կլոր սեղան է կազմակերպվելու, որի ընթացքում նրանք կկարողանան հետադարձ կապ ունենալ ցանցի մասնագետների հետ եւ ավելի զարգացնել իրենց բիզնեսը՝ բացելով հնարավորություն, որ Wildberries-ում վաճառեն հայկական ապրանքները։