Կառավարությունը՝ ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունը՝ ընդդեմ Սահմանադրության

Ապրիլի 27-ի կեսօրին թավշյա կառավարությունը հաստատեց 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հավեսով գլուխ գովեցին: Ներկա էր նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի թավշյա քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ընդամենը ժամեր առաջ՝ ապրիլի 26-ի երեկոյան, Հ1-ում՝ ԿԳՄՍ նախարարի ամուսնուն տված հարցազրույցում ասել էր. «Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, անվտանգային այն մեխանիզմները, որոնք իբրեւ պիտի մեզ պաշտպանեին, հիմա չեն աշխատում, եւ Հայաստանը հիմա փորձում է նոր երաշխիքներ գտնել, անվտանգության նոր երաշխիքների փնտրտուքների մեջ է»: Սա գլուխ գովելու առիթ չէ, ու Արմեն Գրիգորյանը կառավարության իր թավշյա ընկերներին չսաստեց: Ու ավելի ցավալին. Հայաստանը փորձո՞ւմ է: Փորձը կարող է հաջող ելք չունենալ: Կառավարությունը լաբորանտ չէ, Հայաստանը փորձերի համար նախատեսված առնետ չէ:

Կառավարությունը պիտի անի: Չես կարողանում` գնա:
Ես չեմ ապավինում Արմեն Գրիգորյանի մտքին ու կամքին: Կարդացել եմ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ու պնդում եմ՝ ոչ թե անվտանգային համակարգերը չեն աշխատում, ողջ պետական համակարգը չի աշխատում, չկա միասնական կամք, մոտեցում, չկան նույն նպատակին տանող տարբեր լուծումներ:

1. Սկսենք Արմեն Գրիգորյանի պնդումից. անվտանգային համակարգերը չեն աշխատում: Թավշյաների հաստատած 323 էջանոց փաստաթղթում խոսում են հասարակական անձանց անվտանգությունից (112, 113 էջեր), սեյսմիկ անվտանգությունից (էջ 220), պատվաստումային անվտանգությունից (էջ 226), պետական օբյեկտների անվտանգությունից (էջ 305): Սահմանների անվտանգության մասին՝ ոչ մի խոսք: Եթե անվտանգային համակարգերի ուղղությամբ բան չես անում, դրանք չեն աշխատում: Ասում են՝ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ բնակչության անվտանգությունն ու կենսական կարիքներն ապահովելու նպատակով, 2022 թվականին ՀՀ Սյունիքի մարզում 47,8 միլիարդ դրամով 49,9 կմ այլընտրանքային ճանապարհ է կառուցվել: Բայց թշնամին անարգել մտել եւ մտնում է Սյունիք: Ո՞ւմ է պետք ճանապարհը, եթե այն անվտանգ ու հուսալի չէ:

2. Նախքան պարտվելն ու պարտությամբ հպարտանալը Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախի Հանրապետություն: Արդեն երեք տարի է՝ ասում է՝ Լեռնային Ղարաբաղ: Առանց «հանրապետություն» բառի: Նրա նշանակած որոշ նախարարներ երբեմն իներցիայով հակադրվում են Նիկոլ Փաշինյանին: Հաշվետվության մեջ «Արցախ» բառը հանդիպում է 28 անգամ՝ տարբեր բաժիններում: Օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարության մասով գրված է, որ մեքենաներ են գործիքներ են նվիրել Արցախի Հանրապետությանը (էջ 56), արտաքին գործերի նախարարությունը գրել է, որ Ադրբեջանն Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծել եւ խորացնում է (էջ 60), սփյուռքի գործերի հանձնակատարը գրել է, որ օգնել են սփյուռքահայերի այցին Արցախ (էջ 75), առողջապահության նախարարության մասով գրված է՝ օգնել են Արցախի Հանրապետության իմունականխարգելման ծրագրին (էջ 228) եւ այլն:

3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձեւով վերադառնում է մեր հանրություն: 2019-ից եկող վտանգի դեմ բան չի արվում: 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ անգրագիտության դեմ պայքարի մասին՝ ոչ մի խոսք: Հաշվետվության «Կրթություն» բաժնում (77-81 էջեր) խոսվում է մասնագիտական կրթության, խորհրդաժողովների, մանկավարժների վարձատրության մասին: Ոչ մի խոսք, թե քանի անգրագետ է գրագետ դարձել, քանի հոգու համար է գրագետ մարդու համար նախատեսված ուսումը կամ խորհրդաժողովն արդեն հնարավոր, քանի տոկոսով է նվազել սողալով եկող անգրագիտությունը: Փաստորեն, Ադրբեջանն ու անգրագիտությունը սողալով նվաճում են Հայաստանը:

4. Էս վերջերս թավշյաները մտահոգ են թմրամոլության աճով: Իսկ գիտե՞ք Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականին այս արատի դեմ ինչ է արել: Ոչ մի բան: Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ «Թմրամոլության դեմ պայքար» կամ նման անունով այլ բաժին չկա: «Հասարակական կարգի պահպանություն» բաժնում գրված է․ «Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում: Ներկայումս շարունակական աշխատանքներ են իրականացվում նշված ստորաբաժանման կարողությունների զարգացման ուղղությամբ» (էջ 116): Ու էլի բառեր, բառեր, բառեր: Ոչ մի թիվ:
Սրանք եզակի դեպքեր չեն, հաշվետվությունն անգործության եւ անկարողության խոստովանությունների փունջ է: Ու նաեւ խոստովանություն է, որ պետական ողջ համակարգը չի աշխատում, ու նախարարները խախտում են Սահմանադրությունը: Օրինակ, պաշտպանության նախարարը խախտում է Սահմանադրության 14-րդ հոդվածը, համաձայն որի՝ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը: Առողջապահության նախարարությունը խախտում է 86-րդ հոդվածը, համաձայն որի՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը պետության հիմնական նպատակն է եւ այլն:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ