Միանձնյա է կայացրել որոշում, առանց Արմեն Սմբատյանի հետ խորհրդակցելու

Միանձնյա է կայացրել որոշում, առանց Արմեն Սմբատյանի հետ խորհրդակցելու
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի որոշմամբ, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Երեկ արդեն նախարարը նախկին ռեկտոր Շահեն Շահինյանի հետ միասին Կոնսերվատորիայի ռեկտորատին, դասախոսական կազմին ներկայացրեց նոր ռեկտորի ԺՊ-ին։



Մինչ այդ **Շահեն Շահինյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն է դիմում ներկայացրել ռեկտորի պարտականությունները դադարեցնելու մասին ու դա արել է մի քանի պատճառով։ «Նախ՝ աշխատանքը հսկայածավալ է, պատասխանատվությունը՝ շատ մեծ, եւ ինչ-որ ժամանակ է գալիս, որ զգում ես՝ այդ ծանրաբեռնվածությունը կարող է ազդեցություն ունենալ քո կյանքի վրա։ Տարիք է գալիս, որ պետք է առողջության մասին մտածել, ընտանիքի հետ շփվել, կյանքում ուրիշ բաներ էլ կան, բացի աշխատանքից»,- ասում է նա ու հավելում, որ երկրում կայծակնային արագությամբ են իրադարձությունները զարգանում, իսկ մեծ կրթական կառույցներում պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր նույն արագությամբ են փոխվում, զարգանում։ Այսինքն՝ ինքն իր մեջ չգտա՞վ այդ ճկունությունը՝ հարմարվելու նոր ժամանակներին։ «Մարդն իր մեջ ունի ինդիկատորներ, դրանով պետք է զգաս։ Ես միշտ դեմ եմ եղել, որ փաստի առաջ կանգնես՝ նոր մտածես դրա մասին, պետք է ժամանակին հասկանաս, որ պետք է լինեն փոփոխություններ, անկախ նրանից՝ դո՞ւ կանես, թե՞ այլ կողմից կլինի դա։ 7-8 տարին բուհը ղեկավարելու համար քիչ տարիներ չեն, չեմ կարծում, որ սա սովետական տարիներն են, երբ ամեն ինչը ղեկավարվում է վերեւից, եւ պետք է անես այն, ինչ հրահանգվում է քեզ վերեւից։ Այս ժամանակներում դու ամեն րոպե ինքդ պետք է ունենաս այդ օրվա պահանջարկն ապահովող նախաձեռնություններ, կարողանաս դրանք ճիշտ ռեալիզացնել»։



Եթե իշխանափոխություն չլիներ, դարձյա՞լ այդպես կմտածեր եւ ազատման դիմում կգրեր, թե՞ պարզապես չի ուզում նոր իշխանությունների հետ աշխատել։ «Նոր իշխանությունների հետ դեռ չեմ էլ հասցրել առանձնապես շփվել, չի եղել որեւէ պրոբլեմ»։ Հետաքրքրվեցինք՝ միանձնյա՞ է կայացրել այդ որոշումը, թե՞ խորհրդակցել է Արմեն Սմբատյանի հետ, ում հովանավորությամբ նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր։ «Արմեն Սմբատյանն իմ 30 տարվա ընկերն է, եւ ես էլ պաշտոններ ունենալու մոլուցք երբեւէ չեմ ունեցել, ոչ մեկը չի կարող խորհուրդ տալ քեզ, որ գնա դիմում գրի, ազատվի աշխատանքից, բայց իմ աշխատանքային պրոցեսի վրա ինքը երբեւիցե չի ունեցել միջամտություն, բայց դե՝ ինքն էլ է այս ասպարեզի մարդ։ Ինքս եմ որոշել, որպեսզի իմ մասնագիտական եւ անձնական կյանքում ունենամ ավելի մեծ ժամանակ»։



Նախկին ռեկտորը չի վախենում ֆինանսական աուդիտից, ավելին՝ նորմալ է համարում, քանի որ ինքն էլ երբ եկել է աշխատելու, նախ աուդիտ է արել։ Ինչ վերաբերում է Սոնա Հովհաննիսյանին, ապա վերջին շրջանում բազմաթիվ թեկնածություններ են շրջանառվել, այդ թվում՝ նրանը․ «Ես միշտ հայտարարել եմ, որ Սոնա Հովհաննիսյանն ամենաարժանին է բոլորից եւ Հայաստանի կատարողական արվեստի մեջ ունի մեծ ներդրում»։



ԿԳ նախարարի պաշտոնակատար **Արայիկ Հարությունյանը** նշեց, որ իր համար անակնկալ չէր նախկին ռեկտորի որոշումը, քանի որ դեռ 5 ամիս առաջ խոսել են Կոնսերվատորիայում անհրաժեշտ փոփոխությունների մասին․ «Երբ պարոն Շահինյանին առաջին անգամ հանդիպեցի, մեր խոսակցության ժամանակ ինքն էլ ասաց, որ այն պրոցեսներին զուգընթաց, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, բուհերում էլ պետք է լինեն բարեփոխումներ, վերափոխումներ, եւ այս ճանապարհին Կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները մեզ համար կարեւոր են»։ Տարբեր թեկնածություններ են դիտարկել, բայց կանգ են առել Սոնա Հովհաննիսյանի վրա, որովհետեւ «Հովերի» եւ նրա հաջողությունը, ունակություններն այս ոլորտում կարող են մեծապես օգնել եւ որակական այլ մակարդակի հասցնել Կոնսերվատորիան։ Հարությունյանը հույս հայտնեց, որ Սոնա Հովհաննիսյանը կեռապատկի, կքառապատկի ջանքերը, որպեսզի Կոնսերվատորիան լուրջ հաջողությունների հասնի․ «Վստահ եմ՝ ձեր ոլորտում նա հայտնի մարդ է, եւ ավելորդ ներկայացնելու կարիք չկա, իհարկե, երեկ լրատվամիջոցները մի քանի բան հնարեցին, որ ես ու տիկին Հովհաննիսյանն էլ չգիտեինք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որ տիկին Հովհաննիսյանն ունեցել է իր ոլորտում, նրա կազմակերպչական ունակությունները թույլ են տալիս մեզ վստահություն ունենալ, որ այն խնդիրները, որ դրվել են նրա առջեւ, լուծելի են։ Տիկին Հովհաննիսյան, ունեք իմ եւ նախարարության անվերապահ աջակցությունը եւ վստահությունը»։



Հարությունյանն արդեն հանձնարարել է խումբ ձեւավորել՝ աուդիտ անելու համար, ինչը բնական գործընթաց է մի ղեկավարից մյուսին անցնելու դեպքում, հատկապես որ Կոնսերվատորիան շարունակում է մնալ ՊՈԱԿ, եւ պետությունը կոնկրետ լիազորություններ ունի։ Կրթության նախարարի պաշտոնակատարի ելույթից հետո դահլիճում արդեն հնչեցին շնորհակալական խոսքեր նախկին եւ ներկա ռեկտորի ԺՊ-ի հասցեին, իսկ կոմպոզիտոր **Ռոբերտ Ամիրխանյանը** Սոնա Հովհաննիսյանին հորդորեց՝ «դուխով»։ Ռոբերտ Ամիրխանյանն իր ուրախությունը չէր թաքցնում, քանի որ Կոնսերվատորիայում տեղի է ունենում շատ քաղաքակիրթ վերափոխման պրոցես, որն իրեն շատ մեծ ոգեւորություն է պատճառում, բայց Սոնա Հովհաննիսյանին հարցեր ունի տալու․ «Սոնա ջան, առայժմ դու մեզ համար Սոնա ես, հետո՝ վաղը-մյուս օրը, քեզ հայրանունով ենք ասելու։ Դու լրիվ պատկերացնո՞ւմ ես, թե ինչպես է վիճակը Կոնսերվատորիայում։ Կոնսերվատորիան տարիներ շարունակ գնացել է ինքնահոսի ճանապարհով, որի արդյունքում 2-րդ առարկաների դոմինանտը խեղդում է մասնագիտական առարկաներին, մենք կարող կլինե՞նք վերափոխել այդ ամենը»։



**Սոնա Հովհաննիսյանը**, դիմելով ներկաներին, նշեց, որ նախապես ոչ մի տեքստ չի պատրաստել, եւ այս որոշումը երկար ամիսներ իր մեջ խմորվել է․ «Մենք ապրում ենք անցումային մի շրջանում, եւ այն պահանջները, որ իրավաբանորեն կան բուհի ռեկտորի պաշտոնի համար, ես բավարարում եմ։ Ես հասկանում եմ, որ շատ տարբեր կարծիքներ կան, եւ շատ բնական է դա։ Փորձենք օգտակար լինել իրար եւ ինչ-որ ընթացք ունենալ, մի ուրիշ մթնոլորտ ձեւավորել, որովհետեւ ամեն մարդ իր մթնոլորտն է բերում»։ Նա պնդեց, որ շարունակեն իրեն «Սոնա»-ով դիմել․ ներկաները սկսեցին տարբերակներ մտածել, Ամիրխանյանը դարձյալ միջամտեց՝ կասենք «տիկին ռեկտոր», մեկն էլ, թե՝ «Կոմիտաս Սոնա», ինչից, թերեւս, նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն նեղվեց։



Ընդհանուր առմամբ, Կոնսերվատորիայում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսներն ուրախ էին այս փոփոխության համար եւ չէին թաքցնում դա։



Կոմպոզիտոր **Լեւոն Չաուշյանի** կարծիքով, սա այն եզակի դեպքերից է, որ արված է ամենաճիշտ ընտրությունը։ Կոմպոզիտորն ուրախ է, որ ԿԳՆ-ն ինքը եկավ այդ որոշմանը։ Իսկ Կոնսերվատորիայի դեմքը, այցեքարտը ռեկտորն է, այդպես է ամբողջ աշխարհում․ «Նախկինում մեր բոլոր ռեկտորները, ունենալով այդ հեղինակությունը, եղել են հենց այդպիսիք, բայց վերջին տարիներին այդ ավանդույթը վերացավ, եւ այլ հոսանքների մեջ ընկան առանց հեղինակություն վայելող ղեկավարության, փոխարենը առկա էր ուղղորդվող ղեկավարություն։ Աշխատանքները շատ-շատ են, եւ կարծում եմ՝ բոլոր բուհերում էլ նույն բարքերն են եղել նախորդ իշխանությունների ժամանակ, եւ դրանք հանելը շատ բարդ խնդիր է։ Ես համոզված եմ՝ Սոնան կարող է դա անել, որովհետեւ նա այն եզակի արվեստագետներից է, որ, մնալով Հայաստանում, ունի շատ մեծ հեղինակություն արտերկրում՝ իբրեւ արվեստագետ եւ խմբավար։ Ես դրանում համոզվել եմ բազմաթիվ անգամներ։ Նա ապացուցել է, որ փայլուն արվեստագետ է, հիմա պետք է ապացուցի, որ նաեւ փայլուն ղեկավար է, իսկ դա ինքնուրույն չպետք է անի եւ պետք է թիմ ունենա համախոհների, ոչ քծնողների, այլ գործից հասկացողների։ Սա հեշտ չէ, բայց համոզված եմ, որ մեր Կոնսերվատորիայում կան նման նվիրյալ մարդիկ։ Պետք է ասեմ, որ նա կարծր բնավորություն ունի, եւ նրան շողոքորթելը շատ դժվար կլինի ոմանց համար, եւ ուրախ եմ, որ այդպես է։ Շատ ուրախ եմ, որ վերջապես թավշյա հեղափոխությունը մուտք գործեց մեր բազմաչարչար Կոնսերվատորիա։ Սա շատ կարեւոր բան է, ամեն ինչի մեջ հեղափոխություն պետք է լինի՝ ամբիոնների, դեկանատների աշխատանքի, ուսանողների վարքի, սովորելու մակարդակի մեջ»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**