Գերակշռում են պատերազմի մասին պատմող ֆիլմերը

Գերակշռում են պատերազմի մասին պատմող ֆիլմերը
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկիր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա), իսկ կինոփառատոնին մասնակցելու ցանկություն հայտնած 742 հեղինակից մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։



Այս տարի ֆիլմերը ցուցադրվել են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ «Մենք վերաբացեցինք Դիլիջանի կինոթատրոնը, որը երկար ժամանակ փակ էր ու չէր աշխատում, տեխնիկան թեպետ մեզ հետ տարանք, բայց էկրանը, դահլիճը, նստարանները լավ վիճակում են։ Այսինքն՝ պետք է միայն տեխնիկայի հարց լուծել եւ կինոթատրոնը կարող է գործել, իսկ Երեւանում «Հայրենիք» կինոթատրոնը վերագործարկեցինք, եւ կինոդիտումներ արեցինք»,- մեզ հետ զրույցում ասաց կինոփառատոնի տնօրեն **Սիմոն Սահակյանն** ու հավելեց, որ մարզերում բավականին ակտիվ են անցել դիտումները․ «Չէի ասի, որ լեփ-լեցուն էին, որովհետեւ փառատոնային ֆիլմեր են, եւ կային տարիքային սահմանափակումներ, բայց հանդիսատեսը շատ էր»։



Այս օրերին երեւանյան դիտումները դեռ շարունակվում են, որոնք տեղի են ունենում Մալյան թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, «Ակումբում», «Հայրենիք» կինոթատրոնում, Թատերական ինստիտուտի Անրի Վերնոյի դահլիճում․ «Սոցիալական թեմաներով ֆիլմերին ավելի շատ են հաճախում, նաեւ կարճամետրաժ ֆիլմերն ավելի շատ են դիտում, քան դոկումենտալ եւ լիամետրաժ ֆիլմերը։ Այս տարվա ֆիլմերի մեջ հիմնականում պատերազմի մասին թեմայով ֆիլմերն են գերակշռում՝ պատերազմ, պատերազմի հետեւանքներ, նախապատերազմական իրավիճակ»։



Շուրջ 2 ամիս ընթացող փառատոնը կավարտվի նոյեմբերի 23-ին, մինչ այդ՝ նոյեմբերի 21-ին, Նարեկացի միությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Անապատի ագռավները» ֆիլմի դիտումը, որը ռեժիսոր Մարտա Հյուսկեն Լեւոն եւ Մարո Փարյանների գրքից ոգեշնչված է ստեղծել։



Լուսանկարը՝ Նարեկ Արշակյանի