Ռուսական թատրոնի գեղղեկավարը ե՞րբ կանցնի իր պարտականություններին

Ռուսական թատրոնի գեղղեկավարը ե՞րբ կանցնի իր պարտականություններին
Մոտ 3 շաբաթ առաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը վերջապես լուծում ստացավ։ Հանգուցալուծումն անսպասելի էր շատերի համար․ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ որոշում է կայացրել թատրոնի գեղղեկավար նշանակել ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին։ Նա նշել էր, որ որոշումը կայացրել է առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու։ Այն դեպքում, երբ մշակույթի նախարարությունը հայտարարված մրցույթի արդյունքում որոշել էր հնարավորություն տալ 2 բեմադրիչի՝ Սուրեն Շահվերդյանին եւ Կարեն Ներսիսյանին, բեմադրություն անել թատրոնում, որից հետո որոշում կայացնել նշանակման հարցում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։



Երկուշաբթի օրվանից նորանշանակ գեղարվեստական ղեկավարը կանցնի իր պարտականություններին, ինչի մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն **Ֆրեդ Դավթյանը**։ Այն դիտարկմանը, թե մշակույթի նախարարությունից որեւէ դիտողություն կամ դժգոհություն չի՞ ստացել, քանի որ գեղղեկավարի նշանակման որոշումը կայացրել է միանձնյա, տնօրենն ասաց․ «Բացարձակապես, միայն այն տեղեկությունը, որ տնօրենի իրավասությունն է, ու տնօրենն օրենքի սահմաններում է գործել»։ Այսինքն՝ նախարարությունը համաձայն է իր նշանակման հետ։ «Այո, եւ կարծում եմ՝ հենց նա գա Հայաստան, նախարարի հետ էլ կհանդիպի, բայց դեռ հստակ չէ»։



Թատրոնի կոլեկտիվն ինչպե՞ս է տրամադրված նորանշանակ գեղղեկավարի հանդեպ, հատկապես որ մինչեւ ընտրությունները կոլեկտիվը բաժանվել էր 2 մասի եւ սատարում էր 2 ռեժիսորի՝ Սուրեն Շահվերդյանին եւ Կարեն Ներսիսյանին։ Թատրոնի տնօրենն ասաց․ «Ամբողջովին 2 մասի չէր կիսված, մի քանի հոգի էին ընդամենը, մնացածը համբերատար սպասում են, թե երբ կգա, ոնց կբաշխենք աշխատանքները, ցանկացած դեպքում թատրոնը չի կարող կանգնել այս պահին, օրինակ, մենք Ամանորի ներկայացումն ենք քննարկում։ Կարեն Ներսիսյանը հենց գա, կանցնի իր բուն պարտականություններին եւ կծանոթանա թե՛ ստեղծագործական անձնակազմին, թե՛ ընդհանուր կոլեկտիվին։ Մենք իրեն տեղյակ կպահենք, թե ինչ աշխատանքների մեջ ենք, հետո նա պիտի դիտի բոլոր ներկայացումները, ծանոթանա դերասանական կազմին, իսկ դա ժամանակ է պահանջում»։



Առայժմ չե՞ն քննարկել, թե ինչ է բեմադրելու նորանշանակ գեղղեկավարը։ «Կգա կասի, միայն հեռախոսով ասել է, որ ունի մտքեր, բայց քանի որ թատրոնն իր ծրագրերն ուներ, կփորձենք հասկանալ՝ ինչը ոնց, քանի որ դա շատ լուրջ աշխատանք է, եւ պետք է միասին քննարկենք»։



Նոր գեղղեկավարի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է մեկ տարով․ «Առայժմ կնքված է մինչեւ 2019-ի վերջը, իսկ ընդհանրապես՝ թատրոնում բոլոր աշխատողների պայմանագրերն են մեկ տարով կնքվում»։ Հնարավոր է մեկ տարի անց նորը չկնքե՞ն։ «Եթե չարդարացրեց, պռավալ գնաց գործը, իհարկե, մտածելու առիթ է տալիս, բայց եթե արդարացրեց, պարտադիր երկարացնելու ենք»,- ասաց տնօրենը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**