Շիրակի մարզպետը գրում է «ներեղություն» եւ անգամ հայցադիմումը չի կարողանում գրագետ ձեւակերպել

Շիրակի մարզպետը գրում է «ներեղություն» եւ անգամ հայցադիմումը չի կարողանում գրագետ ձեւակերպել
Հոկտեմբերի 4-ին «Հրապարակ» թերթում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի մասին զավեշտալի լուր էինք տպագրել: Այն ո՛չ մարզպետի անձնական կյանքին էր վերաբերում, ո՛չ նրա ընտանիքի անդամներին, ընկերներին կամ քավոր-սանիկական կապերին, այսինքն՝ մեր պաշտոնյաներին ցավ պատճառող նյութերից չէր: Ընդամենը պատմություն էր այն մասին, թե ինչպես է «ՔՊ»-ական մարզպետը մի զրույցի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն անվանել ՌԴ դեսպան, ապա ռուս մեծ ռեժիսոր Ստանիսլավսկու հետ շփոթել։ Մարզպետը փորձել է փակել «Գյումրու ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, եւ որի բացմանը ԵՄ դեսպանն է ներկա եղել: Պյոտր Սվիտալսկու անունը շոշափվել է այն պարզ պատճառով, որ հաշմանդամ երեխաներին հանրությանն ինտեգրելու, նրանց սեփական եկամուտ ունենալու հնարավորություն տալուն միտված ԵՄ ծրագրերից էր այդ փռի բացումը, որն էլ իրագործվել էր ԵՄ տրամադրած միջոցներով: Ի պատասխան հարցին, թե ինչպես են փակում փուռը, որի բացումը Սվիտալսկին է հովանավորել, «մարզպետը զայրացել էր՝ Ռուսաստանի դեսպանն ի՞նչ գործ ունի մեր փռի հետ»։ Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության։ Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է։ Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է․ «Երեւի Ստանիսլավսկին հարցը լուծեց»։



Ահա, այս լուրը դուր չի եկել Շիրակի մարզպետին, եւ նա հերքում է ուղարկել, թե լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Սույն հոդվածում (անեկդոտ-լուրը հանկարծ դարձել է «հոդված»՝ Ս․ Ս․) փորձ է արվել ստվերել իմ՝ որպես Շիրակի մարզպետի գործունեությունն ու միտումնավոր կասկածի տակ է դրվել իմ գիտելիքների պաշարը»,- գրել է մարզպետը՝ համարելով, որ «հոդվածը վարկաբեկում եւ արատավորում» է իր բարի համբավը։



Շիրակի մարզպետի կատարմամբ, ի դեպ, այլ անեկդոտանման պատմություններ էլ կան, որոնք նա չի հերքել, եւ դրանք նրա օրիգինալ, խարիզմատիկ բնույթն են ընդգծում: Օրինակ, ըստ politik.am կայքի, Կարեն Սարուխանյանն արտասահմանցի հյուրերի ներկայությամբ կարծիք է հայտնել, որ մարզն առավել արագ կզարգանա, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը, եւ նույնիսկ նամակ է գրել Փաշինյանին՝ առաջարկելով «զբոսաշրջային սեզոնին բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի զբոսաշրջիկներն ավելի հանգիստ կարողանան հասնել Շիրակի մարզ»։ Այս լուրն ուրախություն առաջացրեց, այն թեւածեց մամուլով ու սոցցանցերով: Մարդիկ իրենց հարց էին տալիս, թե ինչպես նախկինում գլխի չեն ընկել, թե ինչպես կարելի է Հայաստանը տուրիստների հաշվին կարճ ժամանակում զբոսաշրջության օազիս դարձնել:



Բայց նոր պաշտոնյաների զավեշտախառն անտեղյակությունն արդեն շատ է քննարկվում, եւ իշխանությունը որոշել է այդ քննարկումների դեմն առնել, ուստի դեռ օրեր առաջ տարածքային կառավարման նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Սարուխանյանը դատի կտա իր մասին լուրը հրապարակած լրատվամիջոցին, եւ մարզպետը՝ որպես հնազանդ ենթակա, փաստորեն, կատարել է իր նախարարի հրահանգն ու դիմել դատարան։



Երեկ մենք ստացանք նրա հայցադիմումի մի օրինակը՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու եւ բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով»։ Մարզպետի օրիգինալությունն ու յուրօրինակ մոտեցումը հայոց լեզվին աչք են ծակում հայցադիմումի հենց առաջին տողերից՝ «Հայցադիմում բարոյական վնասի բռնագանձման պահանջի մասին» վերնագրից։ Իսկ վերջում պահանջել է պարտադրել մեզ՝ «հրապարակային «ներեղություն» խնդրել»։ Եվ ոչ մեկը՝ ո՛չ իր օգնականը, ո՛չ տեղակալը, ո՛չ փաստաբանը չեն ասել, որ հայերենում այդ բառը գրվում է այսպես՝ «ներողություն»։



Եվ այսպիսի գրագիտության տեր մարդը կարծում է, որ «Հրապարակ» թերթը «միտումնավոր կասկածի տակ է դրել իր գիտելիքները»: Մարզպետ Սարուխանյանը կարծում է, որ «հոդվածի տպագրումը հղի է հասարակության մեջ իմ վերաբերյալ թյուր կարծիք ձեւավորելու վտանգով»: Լավ է, որ մարզպետն ԱԱԾ չի դիմել՝ «դավադիր մամուլի» դեմ: Մարզպետի լեզուն անկրկնելի է եւ մեզ՝ շարքային մահկանացուներիս համար անհասանելի։ «Հիշյալ հոդվածի հրատարակմամբ հնարավոր է հասարակության անդամների մոտ իմ անձի արժանիքները հանրության շրջանում նսեմացման»,- գրում է նա իրեն բնորոշ հայերենով:



Ի դեպ, մեր 4 տողանի ուրախ լուրի համար մարզպետը 2 միլիոն դրամի բռնագանձում է պահանջում, բայց միաժամանակ խնդրում է դատարանից, որ իրեն՝ «սոցիալապես անապահով» մարզպետին, ազատի պետտուրքի վճարումից՝ հետաձգելով այն:



Այս պատմության մեջ մի լուսավոր կետ կա՝ մեր հրապարակումից հետո հազիվ թե մարզպետը համարձակվի հետագայում փակել հաշմանդամների, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների փուռը, որը շարունակում է գործել՝ կարկանդակներ, փքաբլիթ (պոնչիկ), հաց ու եվրոպական բուլկի թխել՝ ուրախացնելով գյումրեցիներին ու եկամուտ ապահովելով կարիքներ ունեցող մարդկանց համար, ինչը, թվում է, մարզպետի առաջին հոգսը պետք է լիներ:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**