Ինչո՞ւ է վարչապետն իր մարդկանց ուղարկում, որ Հեքեքյանին համոզեն` օրենք խախտեն

Ինչո՞ւ է վարչապետն իր մարդկանց ուղարկում, որ Հեքեքյանին համոզեն` օրենք խախտեն
««Հին Երեւան» նախագծի իրականացումը կանգնած է, որովհետեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շենքի հետ կապված խնդիր է առաջացել․ այն երկու մետր պետք է տեղափոխվի: Քանի դեռ չենք լուծել այդ երկու մետր տեղափոխելու հարցը, չի լուծվելու «Հին Երեւան» նախագծի գործարկման հարցը»,- երեկ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, մայիսի 25-ին Օպերայում մշակութային գործիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «այլեւս ոչ մի հուշարձան Հայաստանում չի ոչնչացվի»։ Ավելին՝ դեռ օրեր առաջ վարչապետի աշխատակազմից Տիգրան Հեքեքյանին համոզել էին շենքը քանդել եւ մի 2 մետր այն կողմ տեղափոխել։ Այն դեպքում, որ թե՛ «Հայաստանի փոքրիկ երգիչները», թե՛ մշակույթի նախարարությունը դիմել են դատախազություն, եւ այս հարցով Կենտրոնի քննչական կոմիտեի կողմից կազմվել է քրեական գործ: Արամի 23-ի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը պահպանելու եւ փլուզումից փրկելու վերաբերյալ որոշ ժամանակ առաջ քննարկումներ էին տեղի ունեցել կառուցապատողի ներկայացուցչի, «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի եւ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն օրերս մեզ հետ զրույցում նշել էր, որ հետաձգման փորձ է կատարվում, որպեսզի հուշարձանը ենթարկվի ինքնուրույն քանդման։ «Այսինքն՝ ուշացման ցանկացած գործընթաց նշանակում է սաբոտաժ»,- նշել էր նա։



Վերջին ամիսներին Արամի 23-ի խնդրին առնչվող բոլոր կառույցները կրավորական կեցվածք են ընդունել, ճարտարապետության թեկնածու **Դավիթ Նահատակյանի** կարծիքով՝ բացառություն է կազմում միայն մշակույթի նախարարությունը՝ հանձին պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, որը, անկախ վարչապետի որոշումից, կատարում է իր պարտականությունները եւ փաստում, որ հուշարձանը քանդվելու ռիսկի տակ է. «Կառավարությունը պետք է դա ընդունի, որովհետեւ սա օրենքի խախտում է, իսկ եթե չի ընդունում, նշանակում է նախկին հանցավոր վարչակարգի նույն գործելակերպն է վարում։ Հուշարձանը քանդել եւ տեղափոխելը շատ սխալ մոտեցում է եւ միջազգային կոնվենցիայի խախտում, որը նաեւ մենք ենք ստորագրել, որովհետեւ հուշարձանի տեղափոխումը նույնն է, թե մարդուն սպանես ու մի 2 մետր այն կողմ վերակենդանացնես։ Այդպես այն կորցնում է իր պատմական եւ մշակութային արժեքը, հուշարձանը համարվում է հուշարձան իր պահպանական գոտով, միջավայրով։ Եվ բացի այդ, այն նույն քարտաշ վարպետները, որ տվյալ հուշարձան-շենքը կառուցել են, հիմա նրանց փոխարեն այլ վարպետներ պետք է աշխատեն։ Այսինքն՝ մենք խախտում ենք հուշարձանը՝ որպես այդպիսին, կատարում ենք նոր շինարարություն՝ հնի իմիտացիայով, որն անթույլատրելի է, եւ սա ցավով եմ ասում։ Շատ մասնագետներ գիտեն դրա մասին, բայց մատների արանքով են նայում, որը գալիս է հին վարչակազմից եւ հին մտածելակերպից»։



Նա նկատում է՝ խնդիրը եղել եւ մնում է ոչ միայն Արամի 23-ի, այլ նաեւ բոլոր հուշարձանների դեպքում, որոնք քանդվել են, մշակույթի նախարարությունը միշտ անտեսվել է, թեեւ, որպես կառույց, համարվում է հիմնական սեփականատերն ու պատասխանատուն․ «Անկախ նրանից՝ մշակույթի նախարարությունն ինչ արձագանք է տվել, իրենք արել են այն, ինչ ուզել են՝ ելնելով իրենց բիզնես պլանից։ Ցավոք, հիմա նույն բանը շարունակվում է, ոչինչ չի փոխվել, կա բիզնես, կա ներդրում, թքած՝ հուշարձան է, թե ոչ․ մի 2 մետր այն կողմ կդնեն։ Չի կարելի այդպիսի մոտեցումով գնալ առաջ։ Եթե օրինական երկիր ենք դարձել, իրավիճակ է փոխվել երկրում, ինչո՞ւ է վարչապետն իր մարդկանց ուղարկում, որ Հեքեքյանին համոզեն օրենք խախտել»։



Դավիթ Նահատակյանը մոտ մեկ ամիս շարունակ չափագրել է շենքը․ կառուցապատողը եւ ճարտարապետ Լեւոն Վարդանյանն իր հետ պայմանագիր են կնքել շենքը չափագրելու եւ ճաքերի նախնական հետազոտումն անելու համար, որպեսզի շենքի ամրակայման նախագիծ անեին․ «Ես շատ խիստ ժամկետներում կատարեցի այդ աշխատանքը եւ տվեցի իրենց, բայց, ինչպես երեւում է, նախագիծը կա՛մ չի արվել, կա՛մ ուրիշ նախագիծ է արվել, մշակույթի նախարարությունն այն չի ընդունել։ Մեկ ամիս դրա մեջ եմ եղել եւ գործնական ոչ մի քայլ չեմ տեսել մեր կառույցների կողմից։ Հիմա նորից նույն բանն է կատարվում, ուզում են ինքնապաշտպանվել, ասելով՝ մենք կապ չունենք, թող քաղաքապետն անի, քաղաքապետն ասում է՝ դա մշակույթի նախարարության գործն է, սա ասում է՝ կոմիտեի գործն է, բայց շենքի կողքը բացված 10 մետրանոց հորն ամեն օր սպառնում է, եթե շենքը քանդվեց, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Պիտի քանդվի, որ հետո ընկնենք ման գանք, թե ո՞ւմ դատենք։ Երբ ճոպանուղու կողքի՝ Մարկ Գրիգորյանի կառուցած շենքը մասամբ քանդեցին, որ ՀԱՊԿ-ի շենքը կառուցեն, թողեցին միայն ֆասադը ու այնպես արեցին, որ դա էլ ինքն իրեն քանդվի։ Այսինքն՝ այդ մոտեցումը բազմիցս է կիրառվել, հիմա Արամի 23-ի դեպքում էլ ձգձգում են, որ ինքն իրեն քանդվի»։



Ճարտարապետը հույս ունի, որ դատական համակարգն այնքան կբարելավվի մոտ ապագայում, որ այս հարցերը կլուծվեն մինչեւ վերջ, չնայած մինչ այս պահն ինքնահոսով գնում է․ «Այդքան պատմական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքային համալիրներ ապականվեցին, բայց ոչ մեկը պատասխան չտվեց։ Ե՞րբ է այդ շրջադարձային պահը գալու, որ սկսենք մտածել այդ ամեն ինչի մասին»։



Ընդամենը օրեր առաջ մի խումբ ճարտարապետներ բաց նամակով հանդես եկան Ազնավուրի կեցավայրի նախագծի փոփոխության հետ կապված, մինչդեռ այս դեպքում, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, ոչ մի ահազանգ չի հնչեցվում, չե՞ն ուզում ընդդիմանալ վարչապետի կամքին։ «Իրենք մինչեւ վարչապետի խոսքն էլ ոչ մի միջամտություն չէին անում, երբ մենք՝ երիտասարդներով, ցույցեր էինք անում մի շարք կառույցներ քանդելու համար, իրենց դա չէր հետաքրքրում, որովհետեւ շատ քիչ մարդիկ կային, ովքեր չէին ուզում վատամարդ դուրս գալ մեկը մյուսի առաջ։ Ճարտարապետների միությունը Լեւոն Վարդանյանի շատ լավ ընկերն է եւ նրա դեմ որեւէ հակաքայլ կամ հայտարարություն չի անի, ու այդպես բոլոր ատյանների դեպքում։ Շատ ցավալի իրավիճակ ունենք, որը պայմանավորված է նաեւ մտածելակերպի տարբերությամբ։ Օրինակ, Աբովյան փողոցի բոլոր պատմական շենքերը քանդվեցին, միայն ֆասադը թողնվեց, եւ վրան կառուցեցին երկնաքերեր եւ պատճառ բռնեցին, որ դա ֆրանսիական օրինակի ռեկոնստրուկցիա է՝ հաշվի չառնելով, որ Ֆրանսիայում ճարահատյալ են դա արել։ Մեր մի քիչ ավագ սերունդը չիմանալով կամ չուզենալով՝ չբարձրաձայնեց դրա մասին՝ շառ ու փորձանքից հեռու տրամաբանությամբ»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**