Իսկ Ժամանա՞կը

Իսկ Ժամանա՞կը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մամուլում քննարկվում է«վերստին միակուսակցական իշխանություն ձեւավորելու» թեման: Հրապարակումներից [մեկում](https://www.hraparak.am/posts/5bdbf2298fee8706c32318ec/%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D6%84%D5%A8-%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-1995%D5%AB%D5%B6) միանշանակորեն ձեւակերպված է, որ այդ արատավոր համակարգի հիմքը դրվել է 1995 թվականին, եւ վերջը չի երեւում: Հեղինակը պնդում է, որ այն ժամանակ ցանկալի արդյունքի հասնելու համար գործի են դրվել բոլոր լծակները:



Այդպես շատերն են մտածում եւ արտահայտվում; կան նույնիսկ պնդումներ, որ այդ ընտրությունները եւ սահմանադրական հանրաքվեն կեղծվել են: Նման տեսակետ արտահայտողները մոռանում են, թե խոսքն ինչ Ժամանակի մասին է: Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատումից անցել էր ընդամենը մեկ տարի, երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում, սուղ ռեսուրսների մեծ մասն ուղղվում էր Արցախի անվտանգության ապահովմանը եւ բանակաշինությանն առհասարակ: Երկրում, պետք է խոստովանել, եղանակ ստեղծում էր «հրացանավոր մարդը,»: Նա, ով համարում էր, որ պատերազմում հաղթել է, պատմական հողեր է ազատագրել, հետեւաբար ներքին կյանքում էլ պետք է որոշիչ լինի իր ձայնը: Առկա էր ռազմական դիկտատուրայի հաստատման իրական սպառնալիք:



Դրա նախանշաններն առկա էին Արցախում, որտեղ քաղաքական ղեկավարությունը փաստացի զրկված էր որոշումներ կայացնելու իրավունքից: Այս պայմաններում գնալ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի, որպեսզի պետական կյանքը ենթարկվի ոչ թե պատերազմի հերոսների քմահաճույքին, այլ՝ հիմնական օրենքին, նշանակում էր փորձության ենթարկվել: Ի պատիվ Ժամանակի քաղաքական ղեկավարության՝ Հայաստանը գնաց փորձության, որը հաջողվեց հաղթահարել հնարավորինս փոքր կորուստներով, որոնք տվյալ իրավիճակում ուղղակի անխուսափելի էին, բայց փոխարենը շահեց երկիրը՝ չենթարկվեց ռազմական դիկտատուրայի հաստատման գայթակղությանը, վճռականորեն բռնեց ժողովրդավարական զարգացման ճանապարհը: Թե ինչ եւ ինչպես է եղել հետագայում՝ հարցերը պետք է ուղղել Ժամանակի իշխանություններին, որ ընտրություններ եւ հանրաքվեներ էին կազմակերպում անհամեմատ կայուն իրավիճակում եւ կարող էին ոչ թե կրկնելով խորացնել նախորդների վրպումները՝ դրանք դարձնելով համակարգային, այլ՝ սրբագրել սխալները, մի քայլ ավելի առաջ անցնել: Եթե անցած երկու տասնամյակում դրականը պահպանվեր եւ զարգացվեր, ապա ապրիլյան իշխանափոխության կարիք չէր լինի: Այսօր այլ Ժամանակ է՝ հետհեղափոխական, եւ ընտրություններն էլ, բնականաբար, անցնելու են այդ տրամաբանությամբ: Պետք է պատրաստվել գալիք ընտրություններին՝ հուսալով, որ դրանք կլինեն հերթական, ոչ հետհեղափոխական: