Մի երկու ֆալշ նոտա կնվագեն, ու հետո կսկսի այդ դաշնամուրների փտման, նեխման շրջանը

Մի երկու ֆալշ նոտա կնվագեն, ու հետո կսկսի այդ դաշնամուրների փտման, նեխման շրջանը
Մոտ մեկ ամիս առաջ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղադրվեց դիզայներ-նկարիչների կողմից ձևավորած «Փուշ» դաշնամուրը, որը բաց է հանրության համար եւ ցանկության դեպքում կարող են տեսագրությունը բեռնել սոցիալական ցանցերում: Օրեր անց մայրաքաղաքում կտեղադրվի երկրորդ դաշնամուրը, իսկ ընդհանուր առմամբ նախատեսված է նման դաշնամուրներ տեղադրել եւս 6 վայրերում։ Ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության եւ «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության շրջանակներում:



Կոմպոզիտոր **Ավետիս Բերբերյանը** չի հասկանում, թե ո՞րն է այս ծրագրի նպատակը․ «Եթե դա պետք է համատարած բնույթ կրի, ուրեմն պետք է նաեւ նպատակ ունենա։ Եթե որպես արձանիկներ են տեղադրում, ապա վստահ եմ շատ ավելի հետաքրքիր լուծումներ կարելի էր գտնել քաղաքի դիմագիծը տարբեր կերպով ներկայացնելու համար։ Այդ տեսակ նախաձեռնությունը պետք է նպատակ ունենա եւ այդ նպատակը արդյոք ինչի՞ն պետք է ծառայի։ Չեմ կարծում, որ դա քաղաքին մշակութային դեմք կամ գույն կհաղորդի։ Վստահ եմ՝ քաղաքի մշակութային դիմագիծը շատ տարբեր լուծումներով ու մոտեցումներով կարելի է ավելի հետաքրքիր դարձնել, ինչպես դա արվում է եվրոպական երկրներում կամ Ամերիկայում։ Դրանով նրանք ուզում են քաջալերել դաշնամուր նվագե՞լը Երեւանում, թե՞ դաշնամուրը, որպես գործիք զարդարի քաղաքը։ Չեմ կարծում, որ դրանով դաշնամուրի հանդեպ սեր պետք է առաջացնեն, ու որ այդ դաշնամուրով բարձրորակ լավ ձայնագրություններ կարող են լինել, որովհետեւ դա իրականությունից շատ հեռու բան է, եւ այդ կարգի գործիքները չեն կարող լինել լավ վիճակում՝ թե մեխանիզմի, թե իրենց լարվածքի տեսանկյունից, որպեսզի երաժիշտները կարողանան որոշ ձայնագրություններ անել»։



Գունազարդ դաշնամուրների համատարած տեղադրումը Բերբերյանը համարում է անիմաստ ու աննպատակ, եթե դրանք հատուկ ինչ- որ նպատակի չեն ծառայում՝ լինի դա փառատոն կամ որոշակի միջացառումների շարք․ «Եթե որոշակի միջոցառումների շրջանակում լինի կարող է ինչ-որ լուծում լինի, իր տեսակի մեջ հետաքրքիր, ժամանակավոր, կարող են նույնիսկ ռոայլներ տեղադրել տարբեր հարթակներում եւ տարբեր դաշնակահարներ գան ու նվագեն, այսինքն այդպես կոնկրետ նպատակի կծառայի, բայց մշտապես այս այգու հատվածում կամ այն շենքի տակի հատվածում առանց նպատակի դնելը՝ ճիշտ չէ եւ սրանով «ալա» նորմածություն չի արվում։ Հետո չեմ կարծում, որ սա նորամուծություն է, շատ տարբեր ու հետաքրքրիր ձեւաչափեր կան, որ մի քիչ խորհելու դեպքում կարելի է քաղաքին ջերմություն հաղորդել»։



Ինչ վերաբերում է գործիքներին, ապա․ «Եթե դրանք գործող գործիքներ են ու բուտաֆորիա չեն, բնականաբար դրանց համար հատուկ խնամք է պետք։ Մարդիկ կնստեն մի երկու ֆալշ նոտա կնվագեն, որովհետեւ ակներեւ է, որ ջերմաստիճանի փոփոխությունից այդ լարերը չեն կարող մշտապես լարված վիճակում լինել, ամեն ինչը կախում ունի, այդ գործիքները շարքից դուրս են գալու այդ պայմաններում։ Առնո Բաբաջանյանի արձանի կողքն էլ մի ժամանակ բերել դրել էին արհեստական դաշնամուր, մարդիկ գալիս կողքը նկարվում էին, դա ավելի բուտաֆորիկ բնույթ է կրում, թեկուզ Տիգրան Մանսուրյանին բերեցին նստեցրին, որ մի երկու ակորդ նվագի, բայց նպատակը արդյոք կարո՞ղ է ռեալ հետաքրքրաշարժ լինել։ Այդ դաշնամուրները կարող է 10 օր, մեկ ամիս հետո մոռացվեն, մեկ էլ սկսվի արդեն դաշնամուրի փտման, նեխման շրջանը, անձրեւներ, ձյուն։ Այսինքն՝ տարբեր ձեւով իր նպատակին պետք է ծառայի, դա հո մենակ քաղաքի անցող դարձողների համար չէ՞, դա նաեւ նպատակ ունի դրսից եկած մարդկանց, տուրիստներին գրավելու, զարմացնելու»։



**Սոնա Ադամյան**