Վարչապետը լեզու է դնում ադրբեջանական պատվիրակության բերանը

Վարչապետը լեզու է դնում ադրբեջանական պատվիրակության բերանը
Վարչապետը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքին եւ Հայաստան ժամանելու ու մոնիթորինգ իրականացնելու նրանց պլաններին՝ կապված երկրում տիրող քաղաքական իրավիճակի, մարդու իրավունքների պաշտպանության եւ մթնոլորտի հետ։ Հիշեցնենք․ ԵԽԽՎ-ին նման քայլի «դրդել» էին ՀՀԿ-ական պատգամավորները՝ դժգոհելով Հայաստանում «սիրո եւ համերաշխության» լոզունգի տակ ձեւավորված ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտից։ Եվ Նիկոլ Փաշինյանը, փորձելով քննադատել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին իրենց պահվածքի համար, երեկ մի կոպիտ սխալ թույլ տվեց, որը հետո շատ արագ մոնտաժվեց որոշ լրատվամիջոցների տեսանյութերից։



«Գիտե՞ք, ես ինչքան շփվում եմ միջազգային ներկայացուցիչների հետ, ես առայժմ որեւէ դժգոհություն չեմ լսել, երբ որ կլսեմ, կարծում եմ՝ մենք բավարար փաստարկներ կունենանք էդ ամեն ինչին հակադարձելու։ Եվ ես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը եթե ոմանց մեղադրում է ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ՝ իրենք նույնպես պետք է նայեն իրենց եւ դադարեն ստեր տարածել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Սրանով նա փաստացի հասկացրեց, որ մերոնք այսքան տարի սխալ են արել, որ Ադրբեջանին մեղադրել են խավիարային դիվանագիտության մեջ, եւ որ իրենց արածն ավելի վատ է, քան Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը։ Սրանով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը լեզու է դնում ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բերանը, եւ նրա այս հայտարարությունը վաղը կարող է խաղաքարտ դառնալ հենց ադրբեջանցիների ձեռքում։ Վարչապետի այս «պետականամետ» հայտարարությունն արդեն իսկ տարակուսանք է առաջացրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների մոտ, որոնք երեկ, ինչպես տեղեկացանք, բավականին վրդովված էին ու տարակուսած երկրի ղեկավարի այս «քննադատություններից»։ Սա երեւի գիտակցել են նաեւ Փաշինյանի թիմակիցներն ու թերեւս այդ պատճառով էլ իրենց «մերձակա», եթե չասենք՝ ենթակա ԶԼՄ-ներին շատ արագ հրահանգել են կտրել նրա խոսքից այս հատվածը։ Փաշինյանը նաեւ ասել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած՝ փորձում են Հայաստանում իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել, եւ սա եւս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, եւ նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չի»,- ասել է նա։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները երեկ կա՛մ չէին պատասխանում զանգերին՝ նիստերի էին, կա՛մ, չթաքցնելով իրենց մտահոգությունը վարչապետի այս հայտարարության վերաբերյալ, նախընտրում էին առայժմ զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**