Ռուսական եւ ադրբեջանական մամուլի առաջին արձագանքները «հայկական ձայնագրությունների» հետ կապված

Ռուսական եւ ադրբեջանական մամուլի առաջին արձագանքները «հայկական ձայնագրությունների» հետ կապված
Երեկ ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսումն ու դրա հանրայնացումը անարձագանք չի մնացել նաեւ օտարերկրյա մամուլում։ Արդեն հայտնի է, որ Հայաստանում տիրող իրավիճակն առանձին քննարկվելու է ԵԽԽՎ-ում։ Սա, ինչ խոսք, իր վրա կհրավիրի հատկապես եվրոպական զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը։ Իսկ ահա երեկ արդեն ռուսական «Կոմերսանտը» անդրադարձել էր ձայնագրություններին եւ գրել, որ այն, ինչ լսեցին ձայնագրություններում, բացատրում է, թե ինչու վերաբերմունքը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հանդեպ եղավ այդպիսին։



Պարբերականի խնդրանքով էլ միջազգային հարցերի փորձագետ Միքայել Զոլյանն է պարզաբանել կատարվածը։ Վերջինս երկու հիմնական թեզ է առաջ քաշել՝ կամ ձայնագրությունների հետեւում Փաշինյանի հակառակորդներն են, կամ՝ արտասահմանյան հատուկ ծառայությունները։ Միքայել Զոլյանը նկատել է, որ կատարվածը ավելի շատ ուժի ցուցադրության է նմանվում եւ ունի հետեւյալ մեսիջը՝ «եթե մենք կարողանում ենք գաղտնալսել ԱԱԾ պետին, կարող ենք գաղտնալսել, ուրեմն՝ բոլորին անխտիր»։



Ռուսական մեդիայի հիմնական ներկայացուցիչները՝ RIA Novosti, TACC, Interfax, Sputnik Gazeta.ru Lenta.ru եւ այլն, հիմնականում վերահրապարակում էին հայկական մեդիայում տեղ գտած հրապարակումները՝ կապված ձայնագրությունների հետ, ռուսերեն թարգմանելով։



Ադրբեջանական մամուլում, ինչպես, օրինակ, Oxu.az-ում հայաստանյան երեկվա զարգացումները ներկայացված են որպես հայկական հատուկ ծառայությունների գաղտնի դավադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանի ռեյդ անելու մասին հանրահավաքային հայտարարությունն էլ որպես Փաշինյանի՝ դավադրությունների հանդեպ ունեցած վախի դրսեւորում։ Oxu.az-ն իհարկե անդրադարձել էր նաեւ Վանեցյան-Խաչատրյան ասուլիսին հնչեցված ֆինանսական խնդիրների մասին հայտարարություններին՝ վկայակոչելով Interfax-ին, գրելով, որ Քոչարյանի հանդեպ նոր գործ են հարուցում։



Oxu.az-ի հետ նման վերնագրերով ու բովանդակային շեշտադրումներով է երեկվա հայաստանյան զարգացումների մասին անդրադարձել Haqqin.az-ը եւ Minval.az-ը։ Վերջիններս նաեւ հատվածաբար ռուսերեն թարգմանությամբ ներկայացրել են Վանեցյանի եւ Խաչատրյանի խոսակցության սղագրությունը։