Քաղաքագրություն. Խոլերան Երևանում

Քաղաքագրություն. Խոլերան Երևանում
Կովկասյան Հայոց Բարեգործական ընկերության Երևանի ճյուղի ղեկավարի հաշվետվության մեջ կարդում ենք (Մշակ 1892, N 103). «Տեղեկություն հարցնելով գավառական վարչությունից, թե Երևանի գավառի, որ կողմի գյուղերն էին ավելի վարակված… ուղևորվեցի օգոստոսի 25–ին Ղրխբուլաղի գյուղերը՝ Շահաբ, Արամուս, Բաշգյուղ, Թազաքենդ, Ելղովան: Այս գյուղերը գտնվում են Երևանից 15-20 վերսի վրա և միմյանցից մոտ են: Չնայելով, որ այդքան մոտ են նահանգական քաղաք Երևանին, բայց վերին աստիճանի տգիտության մեջ գտանք այդ գյուղերը: Ղրխբուլաղի 20-ի չափ մեծ, թե փոքր գյուղերում ոչ մեկում մի հատիկ ուսումնարան չկա, ո՛չ թեմական տեսչի երես են տեսել, ո՛չ էպիդեմիայի ժամանակ գավառական բժիշկ, ո՛չ կարգին քահանայի և ո՛չ էլ կարծես ինտելիգենտ մի անձնավորություն. տեսել են միայն բազմաթիվ երևանցի վաշխառուների և զանազան կեղեքիչների երեսը և ուրիշ ոչ ոքի: Այդ է պատճառը, որ դժվարությունների և մինչև անգամ ընդդիմադրության հանդիպեցինք մեր այցելած գյուղերից՝ առավելապես Շահաբից և Արամուսից… Մեզ հարկավոր չեն այդ դեղերը, ասում էին գյուղացիները իրենց տգետ քահանայի հետ, սա մի աստվածային պատիժ է, որ այս հիվանդությամբ կրում ենք. այս դեղերը ոչինչ չեն անի մեզ, չենք հավատում, այդ դեղերով է, որ բժիշկները սպանում էին հիվանդներին…»:



Խոլերայի կատարած ավերածություններից դրդված 1892 թվականին Երևանի հայոց դպրոցների տեսուչը հատուկ շրջաբերականով դիմում է բոլոր ուսուցիչներին, որով խնդրում է՝ «Իբրև» հասարակության բանիմաց և սրտացավ անդամներից, մոռացության տալով ամառային հանգիստը, ասպարեզ իջեք և ձեր խոսքերով, ձեր հորդորներով ամեն տեղ, մանավանդ գյուղերում, ուր և հարմարություն կգտնեք, խոսեցեք ժողովրդին մեր հարևաններին այնքան վնասած և մեր դռանը կանգնած մոտալուտ վտանգի մասին. հասկացրեք նրան խոլերայի տարածման, զարգացման և նրան առատ կերակուր տվող պատճառները: Կարդացեք ժողովրդրին լրագրերում լույս տեսնող բժշկական հոդվածներն ու խրատները, այդ նպատակով լույս հանած պաշտոնական հրահանգները (որից մի օրինակ ուղարկում եմ սույն հրավերիս հետ), առաջարկեցեք ձեր աջակցությունը, ձեր օգնությունը առողջապահական մասնախմբերին ու հանձնաժողովներին, վարչական մարմիններին և այդպիսով աշխատեցեք, ինչ չափով որ կարող եք, կռիվ տալ հասարակաց այդ ավերիչ թշնամու դեմ»:



***



Առանձնապես ծանր ընթացավ խոլերան 1904 թվականին, ինչը լայնորեն տարածվեց Երևանի նահանգի համարյա բոլոր գավառներում: Խոլերայի առաջին դեպքերը արձանագրվեցին Էջմիածնի գավառի Մարքարա, Երևանի գավառի Դավալու գյուղերում, ինչպես նաև երկաթգծի Նախիջևանի մասի Շախտախտիի հատվածում: Համարյա միաժամանակ հիվանդության դեպքեր են հայտնաբերվում նաև Երևան քաղաքում: Վարակը, որ Հայաստան էր անցել Իրանից, արագորեն տարածվում է Երևանի նահանգի գրեթե բոլոր գավառներում:



**Ռաֆայել Փարսադանյան «Հայ բժշկության պատմությունից»**



Պատրաստեց **Արամ Պաչյանը**