Հայաստանը ռազմական մարտահրավեր է նետել Մոսկվային․ Մաս 2-րդ

Հայաստանը ռազմական մարտահրավեր է նետել Մոսկվային․ Մաս 2-րդ
[ՄԱՍ 1](https://www.hraparak.am/posts/5b6004a5fa995d06cd006aa1/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D6%80%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD-1%D5%AB%D5%B6)



Հայաստանյան վերջին զարգացումների հետ կապված Svobodnaia Pressa ռուսական պարբերականը զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Վլադիմիր Եվսեեւի հետ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայաստանյան ներկայիս իշխանությունները ունե՞ն հավակնություններ նաեւ ՀԱՊԿ նկատմամբ, Վլադիմիր Եվսեեւը ասել է, որ նախ պետք է հիշել, թե որքան դժվարությամբ Հայաստանի ներկայացուցչին հնարավոր եղավ նշանակել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում եւ թե ինչպես Ղազախստանը դեմ էր արտահայտվում այդ նշանակմանը։ «Տեւական շրջան Գլխավոր քարտուղար պարզապես չկար, եւ գործում էր նրա ժամանակավոր պաշտոնակատարը։ Միայն 2017-ին, մեծ դժվարությունների գնով հնարավոր եղավ նրան նշանակել, եւ ահա հիմա Հայաստանի իշխանությունները նրան մեղադրում են պետական հեղաշրջում կատարելու մեջ, այն դեպքում, որ որպես ուսադիրավոր մարդ՝ նա կատարել է միայն իր վերադասի հրամանը, այսինքն կատարել է իր ծառայողական պարտականությունները։ Նման միակողմանի, երբեմն նաեւ չմոտիվացված գործողությունները, որոնք նաեւ Հայաստանի Սահմանադրությանն են հակասում, Ռուսաստանի մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակցությունից հետո, որտեղ էլ մեղադրում է Արեւմուտքին, որ իրեն քաղաքական աջակցություն տրամադրում են, իսկ ֆինանսական աջակցություն՝ ոչ։ Եվ հրմա նայեք, թե որքան սերտ են զարգանում հարաբերությունները Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»,- նշում է ռուս քաղաքագետը։



Նա գտնում է, որ եթե Սարգսյանը փորձեց երկու աթոռների վրա նստել, ապա Փաշինյանը փաստացի կերպով երկիրը տանում է դեպի Արեւմուտք։ Վլադիմիր Եվսեեւը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, սակայն նաեւ ունի համագործակցություն ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ու հատկապես ԱՄՆ հետ, ինչի վկայությունն այն է, որ Երեւանում ամերիկյան դեսպանատունը ամենամեծն է Հարավային Կովկասում եւ վերջինիս տարածքում կարող է տեղակայվել մինչեւ 2000 զինվորական։ «Սարգսյանի օրոք Հայաստանը փորձում էր նստել երկու աթոռի վրա՝ ռուսական վեկտորը արեւմտյանով լրացնելով, իսկ Փաշինյանը կարծես թե ուզում է լրիվ նստել արեւմտյան աթոռի վրա, սակայն, օրինակ, էժան գազ ստանալ Ռուսաստանից, էժան սպառազինություններ, զենք-զինամթերք ստանալ Ռուսաստանից եւ ակնկալել, որ Թուրքիայից իր անվտանգությունը կապահովի հենց Ռուսաստանը։ Ստացվում է, որ Փաշինյանը ցանկանում է լինել Արեւմուտքում, իսկ մնացած ամեն ինչն ստանալ Ռուսաստանից։ Սակայն այդպես չի լինում։



Եթե դու ուզում ես լինել Արեւմուտքում, ապա թող Արեւմուտքն էլ քեզ պաշտպանի Ղարաբաղյան ճակատում, կամ թող Արեւմուտքն էլ հոգ տանի քո անվտանգության նկատմամբ եւ չեզոքացնի Թուրքիայից եկող սպառնալիքները։ Այդ ամենը թող անեն Արեւմտյան գործընկերներդ, եթե այդպես ես տրամադրված»,- ասել է փորձագետ Եվսեեւը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը իշխանության է եկել Սարգսյանին հեռացնելով իշխանությունից եւ ամենեւին բացառված չէ, որ նույն ճնշման ներքո էլ ինքը հեռանա իշխանությունից։