Հայաստանը ռազմական մարտահրավեր է նետել Մոսկվային․ Մաս 1-ին

Հայաստանը ռազմական մարտահրավեր է նետել Մոսկվային․ Մաս 1-ին
Հայաստանում հակասահմանադրական հեղաշրջում կատարելու մեղադրանքով կալանավորվել է հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Միաժամանակ նույն մեղադրանքը ներկայացվել է ՀԱՊԿ գործող Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ, որն ազատ է արձակվել 5 միլիոն գրավի դիմաց։ Նույնիսկ այս դեպքում իրավիճակի սկանդալայնությունը չի նվազում, քանի որ երկու բարձրաստիճան անձանց էլ սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Ավելին՝ պաշտոնական Երեւանը արդեն իր միջազգային գործընկերներին առաջարկել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսել եւ հայտարարել է, որ Խաչատուրովի գործը խիստ ներհայաստանյան գործ է։ Մոսկվան, ի դեմս ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի, հայտարարել է, որ ուշադիր հետեւում է զարգացումներին եւ հիշեցրել, որ հայկական կողմը պետք է նախաձեռնի իր կողմից առաջարկված Գլխավոր քարտուղարի հետկանչի գործողությունը։



Ռուսական Svobodnaia Pressa պարբերականն այս առնչությամբ զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւի հետ։ Ռուս քաղաքագետը նկատել է, որ նման ցուցադրական գործողություններով Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես ինքնահաստատվում է։ Ռուս փորձագետը, ներկայացնեկով այս պահին Հայաստանում ընթացող զարգացումները եւ իրավական խնդիրները, որոնք առաջացել են Քոչարյանի կալանավորմամբ, նկատել է, որ արդեն Յուրի Խաչատուրովի դեպքում Երեւանը կարող էր գոնե խորհրդակցել կամ համաձայնեցնել իր գործողությունները Ռուսաստանի Դաշնության հետ, մինչդեռ ռուսական կողմի համար անհայտ է նույնիսկ, թե որքանով հիմնավոր են գեներալ Խաչատուրովին ներկայացրած մեղադրանքները։ «Սրա փոխարեն բոլոր զարգացումները ընթանում են սկանդալային սցենարով։ Պետք է նկատել, որ կարծես Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը պարզապես չունի քաղաքական փորձառություն, ինչն իրոք այդպես է։ Կարելի է հիշել նաեւ ռուսական 102-րդ բազայի զինվորականների հետ տեղի ունեցած միջադեպը Փանիկ գյուղում։ Ռուսական կողմը ամեն կերպ փորձեց հարթել իրավիճակը, սակայն հայկական կողմը չգիտես ինչու որոշեց, որ պետք է հետեւողականորեն հայտարարի, որ պետք է փոփոխության ենթարկել Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի տեղակայման պայմանները, այն դեպքում, երբ տեղակայման համաձայնագիրը գործում է մինչեւ 2044 թվականը։ Այսինքն՝ հարցն արդեն բազայի կարգավիճակի փոփոխության մասին էր, էլ չասենք, որ անհասկանալի է, թե ինչու հարց առաջացավ ռուս սահմանապահների հետ կապված, որոնք պաշտպանում են հայ-թուրքական սահմանը»,- ասել է Եվսեեւը՝ նկատելով, որ ռուսական զորակայանը Հայաստանում Հայաստանի ինքնիշխանության երաշխավորն է, քանի որ Թուրքիայի կողմից առկա է վիթխարի ճնշում։ Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, առնվազն անհասկանալի է այն մոտեցումը, որն առկա է Հայաստանի ներկայիս ղեկավարության մոտ։