Կարեն Պետրոսյանի պատասխանը Վահրամ Բաղդասարյանին

Կարեն  Պետրոսյանի պատասխանը Վահրամ Բաղդասարյանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, **«Հրապարակի»** հետ [զրույցում ](https://www.hraparak.am/posts/5b51dce8eb246006af710791/%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7%D6%80-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%B7%D5%B5%D5%A1-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)անդրադառնալով կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ձևավորված շարժմանը, ասել էր, որ այն նաև շրջանցում է Սահմանադրությունը, և կոչ էր արել դադարեցնել այն․



«Այս ընդվզումը շրջանցում է նաեւ Սահմանադրությունը, որովհետեւ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` որպես ազգային եկեղեցի, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ինչ-որ մարդիկ, իրենց նեղ անձնական շահերից ելնելով, պատրվակ գտնելով Վեհափառ հայրապետի հրաժարականը, ցանկանում են ստվեր գցել այն ամենի վրա, ինչը հազարամյակների ընթացքում է ձեռք բերվել։ Մենք կոչ ենք անում հանդարտության, եւ յուրաքանչյուր հայ, կարծում եմ, նման կոչով պետք է հանդես գա, որպեսզի վերջ դնեն այս ամենին։ Իշխանությունն էլ պետք է զգոն եւ հետեւողական լինի, իրավապահ մարմինները՝ նույնպես, որպեսզի հազարամյակների ստեղծածը չոչնչացնեն»։



Դիտարկամը, թե պայքարը ոչ թե Հայ առաքելական եկեղեցու դեմ է, այլ Ամենայն հայոց կաթողիկոսի, Բաղդասարյանը պատասխանել էր․



«Ոչ, դա պատրվակ է, նայեք, թե ովքեր են պայքարողները, ինչ կապ ունեն ընդհանրապես առաքելական եկեղեցու հետ։ Ամբողջ աշխարհը միաբերան արձագանքում է, որ Բյուզանդիայի, Բաբելոնիայի, Ասորեստանի նման պետությունները կործանվեցին, հայ ժողովուրդը գոյատեւեց իր հավատքի եւ իր ընտանիքի ամրության, ազգային արժեքների շնորհիվ։ Սակայն, ցավոք, այսօր կան նաեւ համապատասխան կոչեր՝ համասեռամոլների իրավունքները ճանաչելու եւ նրանց ստատուս տալու վերաբերյալ»։



Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը արձագանքեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը, նրա խոսքով՝ Վահրամ Բաղդասարյանը դեռ բարոյական իրավունք չի վաստակել իրենց քննադատելու համար․



«Վահրամ Բաղդասարյանը այն անձնավությունը չէ՞, որ Սահմանադրությունը կեղծած, Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարած անձ է։ Ինքը իրեն անդրադարձե՞լ է։ Դա շատ լավ է, մենք ուրախ ենք իր հայտարարության համար, որովհետև եթե հակասահմանադրական մարդիկ խոսում են սահմանադրությունից, դա նույնքան արդիական է, որքան որ հակաեկեղեցական տարրերը՝ ի դեմ Գարեգին Բ «Գեղարդագողի», խոսում են եկեղեցուց։ Այսինքն՝ եկեղեցին և կաթողիկոսը որևէ վարդապետական, դավանաբանական և նույնիսկ իրավական հարթության մեջ նույնացնողը մոլորության մեջ է։ Եվ քանի որ Սերժ Սարգսյանը հիմա հրահանգել է իր ստորադասներին և Սերժ Սարգսյանի մեդիաոլորտը, որը գիտեք՝ իր փեսայի անվան հետ են ասոցացնում, տեսան, որ մեր դեմ զրպարտություններով ոչինչ չեն կարողանում անել, հիմա արդեն «ծանր հրետանին» են դուրս բերել, այսինքն՝ բաց խաղ են խաղում՝ կուսակցության մակարդակով։ Սահմանադրությունից և օրենքից թող խոսի էն մարդը, ով դրա բարոյական իրավունքը ունի։ Մենք խոսում ենք մեր եկեղեցու խնդիրներից՝ դրանք լուծելու ակնկալիքով, մենք էդ բարոյական իրավունքը ունենք՝ խոսելու կաթողիկոսի դեմ, որովհետև մենք, որպես հավատացյալներ , մեր կյանքը ավելի օրինական ենք կազմակերպել եկեղեցվո ծիրից ներս, քան կաթողիկոսը, սա է մեզ այդ բարոյական իրավունքը տալիս, իսկ Վահրամ Բաղդասարյանը այս երկրում ոչ մի բարոյական իրավունք չի ձեռք բերել՝ որևէ իրավական խնդիր կամ Սահմանադրություն մատնանշելու։ Երբ որ իրենք բարոյական իրավունքը ձեռք կբերեն, երբ որ էլ ընտրություններ չեն կեղծի, երբ որ իրենք էլ ամբողջ երկիրը չեն թալանի, այ էն ժամանակ կարող են մեզ քննադատել։