Լույս է տեսել «Հրապարակ մշակութային» հավելվածի նոր համարը

Լույս է տեսել «Հրապարակ մշակութային» հավելվածի նոր համարը
Սիրելի ընթերցող․



Այսօր՝ հուլիսի 13-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 6-րդ համարը։



Առաջին էջը «ԱպաՔաղաքական» է․ ներկայացված են բանաստեղծներ **Աղվան Վարդանյանի** վերջին գրված բանաստեղծությունը՝ «Յոթնաբանյա Վասն ցնծալի դառնության», ինչպես նաեւ **Վահագն Աթաբեկյանի** Իոսիֆ Բրոդսկու թարգմանությունները։



Լրագրող, դոկումենտալիստ, 2018թ․ հուլիսի 3-ից Վայոց ձորի փոխմարզպետ **Նանե Բագրատունի-Ասատրյանը՝** «Անկախության քոշերը․ դառնալ լարախաղաց» էսսեում պատմում է իր եւ իր ընտանիքի անցած ճանապարհի մասին 1988-ից մինչեւ 2018․ «Ես մեծացել եմ մեկ անգամ՝ 1988 թ.-ին...Մեծացա, երբ ինձ ու եղբորս մերոնք տարան Փարաջանովի հայրենիքում առաջին ցուցահանդեսին... Մեծացա, երբ ցուցահանդեսից հետո մեզ տարան ցույցի…»։



Թատերագետներ **Նունե Հախվերդյանը եւ Գայանե Մկրտչյանն** անսովոր դերում են` համակուսեցիները զրուցում են նոր Հայաստանի մշակութային մամուլի, Նիկոլյան հրաշքի, փոփոխության ձգտող մշակույթի բնագավառի մասին․ «Ի՞նչ է նշանակում մշակույթ։ Եվ ինչո՞ւ է այդ բառն օգտագործվում եզակիով։ Հաստատ է, որ մեկ մշակույթը մյուսի հանդեպ դոմինանտ լինել չի կարող։ Եվ թող նոր նախարարն ինքն իր համար հստակեցնի (հետո մեզ ասի), թե հատկապես որ մշակույթի նախարարն է եւ որ մշակույթների նախարարը չէ։ Իրականում, սա պրովոկացիոն հարց չէ, այլ՝ գաղափարական»։



«Փնթի», այսպես է կոչվում գրող, սցենարիստ **Անի Մաղաքյանի** իմպրեսիոնիստական ոգով գրված պատմվածքը․ «Մենք մի քիչ փնթի մեծացանք: Մեծացանք ոնց հասցրինք, ով ոնց կարողացավ: Մեծացանք գյուղի ճանապարհներին` ավտոբուսով, գնացքով ու ոտքով հասնելով տեղ: Մեծացանք մի շան հալի, որ մեզնից շատերը մի շան բախտ էլ չունենան: Փնթի ու թափթփված մանկություն էր, հետո այդպես փնթի պատանեկություն վարի տվեցինք` չնկատելով ամենակարեւոր բաները` մամայի ներկայությունը, քրոջ տխրությունը, շենքի կողքին պաղպաղակ վաճառող տղայի սիրահարված հայացքը... եւ ժամանակը, որ թաքուն, անշշուկ փախչում է»: