Էքսպերտների կարծիքներն ամենևին չեն նշանակում պետության պաշտոնական դիրքորոշում

Էքսպերտների կարծիքներն ամենևին չեն նշանակում պետության պաշտոնական դիրքորոշում
ԱԳ նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին հարցրինք՝ հեղափոխությունն ինչպե՞ս է անդրադարձել Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ առհասարակ մեր արտաքին շփումների վրա։



Ռուբինյանը նախ հիշեցրեց՝ իրենք մշտապես հայտարարել են, որ արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չեն լինելու։ «Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները թե՛ Ռուսաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ ֆորմատում, թե՛ ԵԱՏՄ շրջանակներում, թե՛ Եվրամիության հետ՝ որպես մեկ ամբողջություն, թե՛ ԱՄՆ-ի եւ մեր անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ։ Բայց, բնականաբար, հեղափոխությունն աշխարհին ազդակ է տվել, որ Հայաստանում արդեն կա լեգիտիմ իշխանություն, Հայաստանում կա օրինականություն՝ սրանից բխող հետեւություններով եւ հետեւանքներով»,- ասաց Ռուբինյանը։



-** Արցախյան խնդրի կարգավորման մասով ի՞նչ դինամիկա եք ակնկալում, եւ ի՞նչ նախանշաններ կան այս պահին՝ հատկապես Փաշինյան-Պուտին հանդիպման ֆոնին։**



Այս պահին մեր գլխավոր խնդիրը ղարաբաղյան կոնտեքստում բանակցությունների դինամիկայի շարունակականությունն ապահովելն է, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Բայց այստեղ շատ կարեւոր է նշել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արվող ռազմաշունչ, ռազմատենչ հայտարարությունները շատ ապակառուցողական են եւ ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ ընթացքին։



**- Բայց բանակցություններ կա՞ն այս պահին։**



ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, ինչպես գիտենք, այցելել էին Հայաստան, հանդիպել էին արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին։ Այս փուլում խոսքը գնում է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին։ Եվ կրկին այս կոնտեքստում Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները դրան նույնպես չեն նպաստում։



**- Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ դառնա բանակցող կողմ։ Այս ուղղությամբ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է դա հնարավոր։**



Պարոն Փաշինյանի ասածը նաեւ ամրագրված է կառավարության ծրագրում, որտեղ ասվում է, որ Արցախը՝ որպես հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ մասնակցություն ունենա բանակցային գործընթացում։ Սա, այսպես ասած, մեր մոտեցման տրամաբանությունն է եւ ոգին։ Բայց, ինչպես նշեցի, այս փուլում մեզ համար կարեւորը բանակցությունների շարունակականությունն ու դինամիկան ապահովելն է։



**- Էդվարդ Նալբանդյանի վարած քաղաքականությունը շարունակվելու է նույն տեմպով եւ նրա դրած հիմքերո՞վ, թե՞ նոր նախարարը՝ նոր կազմով, այլ մարտավարություն է ընտրելու։**



Ինչպես ասացի, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում շեշտակի փոփոխություններ չեն լինելու, սա, իհարկե, չի նշանակում, որ որոշ հարցեր վերանայման ենթակա չեն, որոշ խնդիրներ չեն լուծվելու, որոշակի հարցերում գործունեության տրամաբանությունը չի կարող փոխվել։ Եթե խոսքը մեծ հարցերի եւ վեկտորների մասին է, այո, փոփոխություններ չեն լինելու։



**- Այդ դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը գոնե այս մասով ընդունելի է նոր իշխանությունների համար։**



Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունում եղել են խնդիրներ, մենք այն ժամանակ ընդդիմություն լինելով՝ հաճախ բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին։ Եղել են նաեւ նշանակումների հետ կապված խնդիրներ, որի տրամաբանությունը մենք հիմա փոխում ենք։ Կրկնում եմ՝ կարող ենք ասել, որ մենք չենք փոխել եւ մտադրված չենք փոխել արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները։



**- Այսինքն՝ գլխավոր ուղղությունների մասով նախորդ իշխանությունը ճի՞շտ ուղղությամբ էր գնում։**



Ես չեմ ուզում գնահատական տալ նախորդ իշխանության ճշտին եւ սխալին…



**- Ուզում եմ հասկանալ՝ նախորդի վատը ո՞րն էր, եւ նորի լավը ո՞րն է լինելու։**



Նախորդի վատն էն էր, որ նախորդ իշխանությունները կաշառակեր էին, ապօրինի էին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։



**- Բայց այդ կաշառակերությունն ու ապօրինի լինելն արցախյան հարցում ինչպե՞ս էր դրսեւորվում, օրինակ՝ Մինսկի խմբի հետ հարաբերություններում, Ալիեւի հետ բանակցություններում։**



Ես ամբողջական պատասխան տվեցի՝ մենք հայտարարել ենք թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունենալու, սակայն պետք է նշեմ նաեւ, որ Հայաստանում այժմ կա լեգիտիմ, ժողովրդի աջակցությունը վայելող օրինական իշխանություն, ինչը տալիս է շատ մեծ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հիմնված լինի բացառապես ՀՀ շահերի վրա եւ Հայաստանի սուվերենության գիտակցման վրա։



**- Դուք ասացիք, որ նախորդի քաղաքականության մեջ խնդիրներ կան, մեկը ԵԱՏՄ-ին մեր անդամակցումն էր, ինչի մասին ձեր թիմը բազմիցս բարձրաձայնել է՝ նաեւ շեշտելով ակնհայտ պրոռուսական, ՌԴ-ի տիրապետության տակ գտնվելուն միտված քաղաքականությունը։ Այսօր, ինչպես տեսնում ենք, այդ խնդիրները ձեր օրակարգում այլեւս չկան, եւ երբեմն ավելի պրոռուսական մոտեցումներ են նկատվում, քան նախկինում էր։**



Նախ՝ դա Ձեր գնահատականն է, թե՛ այն մասը, որտեղ Դուք որակում էիք նախկին իշխանություններին, եւ թե՛ այն մասը, որտեղ Դուք որակում էիք ներկա իշխանություններին։ Ինձ համար եւ մեզ համար պրոռուսականություն, հակառուսականություն, պրոարեւմտամետություն, հակաարեւմտամետություն եւ այլն, այդպիսի կատեգորիաներ չկան։ Մենք որոշումներ կայացնելիս առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահով։



**- Նաեւ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը չի ողջունել մեկ-երկու պաշտոնյայի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը, որը նախկինում աչքի է ընկել ակնհայտ հակառուսական կեցվածքով, հակապուտինյան ակցիաների է մասնակցել։**



Կրկին դա Ձեր որակումն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք առաջնորդվում ենք ՌԴ գործադիր իշխանության ներկայացուցիչների արած հայտարարություններով։ Եվ Դուք չեք գտնի գեթ մեկ հայտարարություն, որտեղ Ռուսաստանի համապատասխան գերատեսչության ներկայացուցիչ ինչ-որ անհամաձայնություն հայտնած լինի որեւէ նշանակման մասին։ Խոսքը, ըստ էության, որոշ էքսպերտային շրջանակների կարծիքի մասին է, բայց էքսպերտներ կան բոլոր տեղերում, եւ նրանց կարծիքներն ամենեւին չեն նշանակում պետության պաշտոնական դիրքորոշում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**