Թեկնածուները շատ են, բայց Արամ Սիմոնյանն ուզում է մնալ

Թեկնածուները շատ են, բայց Արամ Սիմոնյանն ուզում է մնալ
Մամուլում լուրեր տարածվեցին, թե ԵՊՀ-ում ճամպրուկային տրամադրություն է․ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է սեպտեմբերին հրաժարական տալ, իսկ որպես նրա հավանական փոխարինողի՝ շրջանառվում էր Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի անունը։ Առհասարակ, ԵՊՀ-ում Սիմոնյանին փոխարինողների պակաս չկա, մենք գրել էինք, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ ուղղված բողոքի ակցիաների ժամանակ բավականին մեծ ակտիվություն էին ցուցաբերում պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, ստորագրահավաքներ էին անցկացնում, նույնիսկ, ըստ ԵՊՀ մեր աղբյուրների, աշխատակիցներին եւ ուսանողներին առաջարկել էին դուրս գալ եւ փակել Չարենցի փողոցը։ Այս անուններին կարելի է ավելացնել նաեւ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ռեկտոր Արամ Սիմոնյանին հավերժ ընդդիմադիր Վահրամ Դումանյանի անունը, ով նախկինում իր աջակցությունն էր հայտնել տարկետման դեմ մղվող պայքարին։



Բացի այդ լուրերը, եղավ նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրն ունեցել է պարտադիր»։ Ասել է թե՝ ԵՊՀ-ում լարված մթնոլորտ ստեղծվելու համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Մինչդեռ ԵՊՀ լրատվական վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ԵՊՀ-ում միմիայն աշխատանքային տրամադրություն է, եւ բոլոր դեմքերն իրենց նախկին դերերում են․ «ԵՊՀ-ում շատ աշխատանքային է մթնոլորտը, երեկ գիտխորհրդի շատ երկար նիստ է եղել, համալսարանին վերաբերող ընթացիկ հարցեր են քննարկվել, շատ նորմալ, շատ աշխատանքային մթնոլորտ է։ Ալեքսանդր Գրիգորյանի ու Գեղամ Գեւորգյանի հարաբերություններն էլի շատ ջերմ են, իսկ Վահրամ Դումանյանն էլ ինչպես ընդդիմադիր էր, այդպես էլ մնացել է։ ԵՊՀ-ում ամեն ինչ նույնն է։ Ռեկտորի պաշտոնավարման ժամկետը սպառվում է 2020 թվականին, իրեն ընտրում է հոգաբարձուների խորհուրդը»։



Ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցն ու իրենց կողմից ներկայացված պահանջները դեռեւս օրակարգում են, սպասում են ԿԳՆ-ի քայլերին, սակայն «Ռեստարտը» շարունակելու է իր գործունեությունը․ «Այն պահանջները, որոնք մենք դրել էինք այն ժամանակ, որեւէ փոփոխություն չեն կրել։ Մեր բարձրաձայնած խնդիրները լուծելու համար քայլեր, մեծ հաշվով, չեն եղել։ Ռեկտորի հեռացման հարցը պետք է հոգաբարձուների խորհրդի ցրման միջոցով դրվի, այսինքն՝ ԿԳ նախարարության կողմից պետք է ինչ-որ քայլ լինի, միեւնույն ժամանակ մենք չենք սպասում, որ ԿԳՆ-ն այդ հարցը պետք է լուծի, իրեն հասանելիք աշխատանքը կարող է անել կամ կարող է չանել։



Քանի որ հիմա դասեր չկան, ինչ-որ ակցիաներ, իրենց հետ հանդիպումներ չենք պլանավորում։ Այս ամռանը մենք կենտրոնանալու ենք մեր «Ռեստարտի» աշխատանքների վրա, հուլիսի 1-ից սկսելու ենք տարբեր ծրագրեր։ Այսինքն՝ մեր պահանջները՝ ռեկտորի հրաժարական, ֆինանսական աուդիտ եւ այլն, մնում են օրակարգում։ Համալսարանի արած հայտարարություններն ու ընդհանուր պահվածքը եւս մեկ անգամ վկայում են, որ մեր պահանջներն արդիական են ու կարեւոր։ Հոգաբարձուների խորհրդի հարցը պետք է լուծվի, այն պաշտոնյաները, որոնք այլեւս պաշտոնյա չեն, պետք է հետ կանչվեն, եւ նոր անդամներ նշանակվեն»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**