Սևանում մեկնարկում է հանգստի սեզոնը

Սևանում մեկնարկում է հանգստի սեզոնը
Հուլիսի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկելու է ամառային հանգստի սեզոնը, եւ ակնկալվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք դեպի Սեւանա լճի հանգստյան գոտիներ, մասնավորապես՝ չորս լողափեր: Ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը մեծացրել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Մարզային իշխանությունը՝ ի դեմս նորաթուխ ՀՅԴ-ական մարզպետ Իշխան Սաղաթելյանի, նախօրեին խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության, ԱԻՆ մարզային եւ Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սեւան» ազգային պարկի տնօրենը, ինչպես նաեւ Սեւանի քաղաքապետը:



Մարզպետը մի շարք ցուցումներ է տվել, նշել է, թե ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կազմակերպելու  հանրային լողափեր ու ջրային տարածքներ, հովեկներին անհանգստացնող խնդիրներին լուծումներ են տրվելու, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու աղբահանությանն ու շրջակա միջավայրի մաքրության ապահովմանը: Այնպես որ՝ չի բացառվում, որ մարզպետին հովեկները տեսնեն լողափերին ու նրա հետ, ցանկության դեպքում, Սեւանի ֆոնին սելֆի անելու հնարավորություն ունենան: Սաղաթելյանը նաեւ որոշել է ամառային հանգստի մեկնարկն օգտագործել եւ «պա խոդու» մարզում զարգացնել զբոսաշրջությունը՝ նշելով, թե անհրաժեշտ է Սեւան քաղաքում հիմնել ժամանցի վայրեր, «որպեսզի մի կողմից քաղաքը զբոսաշրջիկների ավելացող հոսքի հաշվին զարգանալու հնարավորություն ունենա, իսկ հովեկներն ու զբոսաշրջիկները՝ ակտիվ հանգստի եւ ժամանցի անցկացման հնարավորություն»:



Նշենք, որ հանրային լողափերում եւ Երեւան-Սեւան մայրուղու նախատեսված հատվածում շուրջօրյա բուժսպասարկման հերթապահ կետեր են տեղադրվելու: Մի խոսքով՝ Սեւանը պատրաստ է իր գիրկն ընդունել բոլոր հանգստացողներին: Նշենք, որ կապուտակ լճի տարածքում առանձնատներ ունեն հայ օլիգարխիայի ներկայացուցիչներից շատերը, էլ չենք ասում, որ լողափեր են տնօրինում, իրենց հյուրանոցային բիզնեսը ծաղկեցնում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**