«Հրապարակ». Ավտոմեքենաների բենզինը կրճատել են

«Հրապարակ». Ավտոմեքենաների բենզինը կրճատել են
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը երեկ Ֆեյսբուքում գրել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը 2 անգամ կկրճատվի՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ: Նա մեզ ասաց, որ նախկինում մեքենաներին տրամադրվել է օրական 100 կմ վազքի համար բենզին՝ կախված տվյալ մեքենայի շարժիչի հզորությունից, ինչը, կարծում են՝ շատ է։



Օրինակ՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին սպասարկող **Toyota Land Cruiser **ամենագնացը 100 կմ-ում ծախսում է մոտ 20 լիտր բենզին, ինչը մեծ թիվ է։ Աշխատակազմում կան նաեւ **Toyota Corolla**-ներ, որոնք ծախսում են 2-3 անգամ քիչ, հետեւաբար՝ 100 կմ-ի համար նրանց 2-3 անգամ քիչ վառելիք է տրամադրվում։ Կրճատումը, սակայն, չի վերաբերում վարչապետին սպասարկող մեքենային, քանի որ այն կառավարության աշխատակազմի մեջ չի մտնում՝ ՊՊԾ-ինն է։ Չի կրճատվի նաեւ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկող ծառայողական **Toyota Camry** ավտոմեքենայի բենզինի քանակը։



Այն առաջվա նման կլինի շաբաթական 140 կամ օրական 20 լիտր։ «Որովհետեւ վարչապետի տիկնոջն իրոք պետք է ավելի շատ… այսինքն՝ հաշվի առնելով նրա ավտոմեքենայի օրական վազքը՝ նրան ավելի շատ է պետք լինում, դրա համար նրանը նույնն է մնացել»,- ասաց Աղաջանյանը։ Թե ուր է այդքան շատ՝ օրը 20 լիտրի «վազում» վարչապետի տիկնոջ ավտոմեքենան, չասացին մեզ։ Ի դեպ, կառավարության մեքենաների բենզինը տրամադրում է «Ֆլեշ» ընկերությունը։ Աղաջանյանն ասաց, որ մտադիր են նոր մրցույթ հայտարարել, իսկ թե երբ է ավարտվում «Ֆլեշի» հետ պայմանագիրը, եւ երբ են նոր մրցույթ անցկացնելու, դժվարացավ ասել։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**