Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Այսպիսով ավարտվեցին Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային մրցափուլի առաջին հանդիպումները: Այս հանդիպումները կարելի է որակել որպես հետախուզական եւ ճանաչողական ոչ միայն հավաքականների համար, այլեւ, իհարկե՝ երկրպագուների, որոնք միշտ սիրելի թիմերից գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլի լուրջ ակնկալիքներ ունեն: Սակայն որքան էլ որ խմբային մրցափուլի առաջին հանդիպումներն ընդհանուր առմամբ քննախուզական բնույթ էին կրում, այդուհանդերձ, քիչ բան չէին ասում հավաքականների պատրաստվածության, ներուժի, ընդունակությունների մասին:



Առաջին տպավորություններից մեկն այն էր, որ առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդները՝ բոլորն անխտիր, թերեւս, չեմպիոնական խաղ չցուցադրեցին, ավելին՝ գրանցվեցին առաջին անակնկալները՝ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը պարտություն կրեց Մեքսիկայի ընտրանուց, եւ սա ոչ պատահական պարտություն էր: Արգենտինան, Բրազիլիան, Իսպանիան իրենց առաջին հանդիպումներից ընդամենը մեկ միավոր կորզեցին: Չնայած Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի հավաքականները հաղթանակ տարան հակառակորդ թիմերի նկատմամբ, այդուհանդերձ, այդ հաղթանակները վստահ եւ ազդեցիկ չէին: Նշենք, որ պատճառը մի կողմից թիմերի որակների ու ուժերի անհամաչափությունն էր, մյուս կողմից՝ բարձր կարգի համարում ունեցող այդ հավաքականների խարխուլ ու անհետաքրքիր խաղը:



Թերեւս առաջին տուրի միակ ուշագրավ ու հիշարժան հանդիպումը Պորտուգալիա-Իսպանիա հակամարտությունն էր. մենք տեսանք անհաշտ մրցակցություն, տեսանք գեղեցիկ գոլեր, Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ առաջնության գլխավոր ռմբարկու դառնալու ճանապարհին լրջագույն հայտ ներկայացրեց: Ետնապահ հավաքականները եւս անակնկալներից զերծ մնացին՝ այդպես էլ որեւէ երեւելի բան չցուցանելով։ Անշուշտ, Իսլանդիայի եւ Շվեյցարիայի ընտրանիներն իրենց երկրպագուների աչքին ինչ-որ առումով հերոսացան՝ ոչ-ոքի խաղալով այնպիսի զորեղ հավաքականների հետ, ինչպիսիք են Արգենտինան եւ Բրազիլիան:



Այս առաջնության առաջին տուրը բարենպաստ եղավ ռմբարկուների համար․ ինչպես վերեւում նշեցինք, Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Իսպանիայի հավաքականի կազմում դուբլ ձեւակերպեցին Դիեգո Կոստան, Անգլիայի ընտրանու ավագ Հարրի Քեյնը, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշեւը, Բելգիայի ընտրանու հարձակվող Ռոմելու Լուկակուն: Եվ սա իսկապես ուրախալի փաստ է, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ առաջնության գլխավոր ռմբարկուի կոչման համար համառ պայքար եւ թեժ մրցակցություն է սպասվում: Ժամեր անց կմեկնարկի խմբային մրցափուլի երկրորդ տուրը, եւ այստեղ արդեն յուրաքանչյուր սայթաքում, միանշանակ, ճակատագրական է լինելու թե՛ ուժեղ, եւ թե՛ ետնապահ հավաքականի համար:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**