Նախագահը կարող է կոչում շնորհել, բայց ո՛չ զրկել․ դա դատարանի գործն է

Նախագահը կարող է կոչում շնորհել, բայց ո՛չ զրկել․ դա դատարանի գործն է
Մանվել Գրիգորյանի առանձնատներում, պահեստներում 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ եւ հանդերձանք հայտնաբերելուց հետո սոցիալական ցանցերում սկսեցին բուռն քննարկել նրան գեներալի կոչումից զրկելու հարցը: Մասնավորապես, օգտատերերը հարց էին բարձրացնում, թե ինչ մեխանիզմներ կան նրան գեներալի կոչումից զրկելու: Հաշվի առնելով վերջին օրերին Գյումրու ավագանու որոշումները՝ մի շարք անձանց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու, խոսակցություններ կային նաեւ մյուս պարգեւներից զրկելու: Մանվել Գրիգորյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատարը։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» (2000թ., ԼՂՀ), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2002թ., ԵԿՄ), «Ներսես Շնորհալի» (2003թ., Մայր Աթոռ Սբ Էջմիածին) շքանշաններով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2003թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների «Պատվավոր քաղաքացի» կոչման: Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ մեխանիզմներ կան Մանվել Գրիգորյանին գեներալի կոչումից զրկելու, ո՞վ եւ ինչպե՞ս կարող է նման բան անել: Հետաքրքրվել էինք նաեւ, թե եղե՞լ են նման նախադեպեր, երբ որեւէ մեկին օրինական կամ ապօրինի զրկել են զինվորական բարձրագույն կոչումից:



«Գեներալի կոչումից եւ, առհասարակ, որեւէ պետական կոչումից զրկել կարող է միայն դատարանը: Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար անձին դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրան կարող է զրկել հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից: Որեւէ մեկը, այդ թվում՝ այդ կոչում տված սուբյեկտը, նույնիսկ հանրապետության նախագահը, այդ իրավունքը չունեն: Այս իմաստով, հիշում եմ, որ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ նախագահն Գագիկ Ջհանգիրյանին «զրկեց» գեներալ-գնդապետի կոչումից, դրանից առաջ՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը զրկվեց գեներալի կոչումից: Պատճառաբանում էին, որ քանի որ հանրապետության նախագահը կոչումը շնորհել է, ուրեմն զրկելու իրավունք ունի: Նման բան չկա: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն (իսկ նախորդ խմբագրությամբ՝ 5-րդ հոդվածի համաձայն), պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:



Այսինքն՝ նախագահն ունի միայն կոչում շնորհելու իրավունք, բայց ո՛չ զրկելու: Համեմատության համար նայենք քաղաքացիության հարցը. նախագահը ե՛ւ շնորհում է քաղաքացիություն, ե՛ւ զրկում քաղաքացիությունից, այսինքն՝ ունի այդ իրավունքը, իսկ կոչումների դեպքում չունի: Սահմանադրության 6-րդ հոդվածի համատեքստում այդպիսի միակ մարմինը Հայաստանում դատարանն է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մյուս պարգեւներին, Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ դրանց մասով պատիժ չունենք: «Իսկ Ազգային հերոսի կոչման մասով գործում է նույն մեխանիզմը: Դա հատուկ կոչում է, եւ դրանից զրկելու մեխանիզմը նույնն է. զրկում է դատարանը: Ինչ վերաբերում է պատվավոր քաղաքացու դեպքին, չգիտեմ որ նախարարության մեդալ եւ այլն, էլ չեմ ասում ԵԿՄ կամ այլ ՀԿ-ի մեդալ, դրանք, առհասարակ, պետական պարգեւներ չեն: Կենացի պես նվերներ են…: Ինչ է պետական պարգեւը եւ ինչ է պատվավոր կոչումը, գրված է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում: Միշտ համարել եմ, որ գերատեսչական մեդալների, գերատեսչական շնորհակալագրերի գործնականում ձեւավորված ինստիտուտը պետք է վերացնել: Դա վերաբերում է նաեւ նախագահի, վարչապետի շնորհակալագրերին: Նման պետական խրախուսանքի ձեւ օրենքում չկա»:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**