Ինչ արեցին մարդիկ, երբ Նիկոլ Փաշինյանի «ձայնը կտրվեց»

Ինչ արեցին մարդիկ, երբ Նիկոլ Փաշինյանի «ձայնը կտրվեց»
Համաժողովրդական զարթոնքի ժամանակ  Լևոն Տեր –Պետրոսյանի հանրահավաքները Նիկոլ Փաշինյանն էր վարում։ Ասեմ, որ ժողովուրդը անհամբերությամբ էր սպասում նրա խոսքին, ձայնին։ Շատ լավ էր անցկացնում ու բավականին զգացմունքային։  Կողքիս կանգնածներից հաճախ էի լսում՝ այնպես է խոսում, որ ողջ մարմինս փշաքաղվում է։ Ձայնը թվում էր անսպառ։



Երբ օրերից մի օր Նիկոլի «ձայնը կտրվեց» ու համարյա լսելի չէր, մարդիկ անհանգստացան։ Հաջորդ հանրահավաքներին, հիշում եմ, մարդիկ անհանգստացած գալիս և նրա համար թարմ ձու, մեղր, տնական այլ բաներ էին բերում, որ ձայնը հնչի,  «զանգը ղողանջի»։ Խորհուրդներ էին տալիս, ինչպես ծնողը խորհուրդ կտար։  Մարդկանց անհանգստությունն եմ հիշում և հոգատարությունը։



Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․



«Իմ հազի դեմ հայկական  բժշկությունն անզոր է»,- երբ  խոսքն ընդհատվել է  հազով. «չնայած՝ արդարության համար ասեմ, որ Ջավախքում ունեցած ելույթներից հետո հազիս վիճակը նորից բարդացավ»:



Տասնամյակը հետ գնաց ու հիշեցի «ձայնը կտրվելու», հազի հետ կապված մարդկային հոգատարությունը և մտածեցի՝ գուցե այդ հոգատարությունն է պարտավորեցրել Փաշինյանին, որ այն ժամանակվա ընդհատված գործը շարունակի․․․



Հասմիկ Բաբաջանյան