Սպորտային մարզիչները եւս կարող են կամավոր ատեստավորվել 

Սպորտային մարզիչները եւս կարող են կամավոր ատեստավորվել 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում ՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ով տեղեկացրել էր, որ սպորտային մարզիչները նույնպես 2023 թ. ապրիլի 1-ից կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի հավելում ունենալ: Բացի այդ, նախատեսվում է մարզիչներին տրամադրել սուբսիդավորված աշխատավարձ: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ Գիլոյանի, կառավարությունն ապահովում է մարզական ֆեդերացիաների և Հայաստանի հավաքական թիմերի ֆինանսավորման տոկոսը, ինչպես նաև գումարներ է հատկացնում միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին: Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում գործում են երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիաներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, ինչպես նաև ստանում դրամաշնորհներ:
Կարեն Գիլոյանը նշել է, որ մարզական 5 ֆեդերացիա օգտվում է հովանավորչական ֆինանսավորումից, ապա առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երևույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ կարևորվել է հարկային արտոնություն տրամադրելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի շատ երկրներում:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես, առաջարկել են օրենսդրական փոփոխություն կատարել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգում՝ աշխատավարձ սահմանելով բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների համար, ինչպես նաև պետական ֆինանսավորում հատկացնել մարզական ակումբներին: Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից ևս գումարներ հատկացնել սպորտի զարգացմանը: