Դեժավյու

Դեժավյու
Շատ տարիներ առաջ կրթության համակարգում նույն հարցերն էին քննարկվում, ինչ այսօր։ Եվ ամենից շատ արծարծվող հարցը դրամահավաքի հարցն էր։ Արդյոք պե՞տք է թույլ տալ, որ ծնողը մասնակցի իր դպրոցը պահելու գործին, արդյոք կոռուպցիոն դրսեւորումներ չե՞ն դասղեկի համար հավաքվող գումարները, արդյոք ուսուցիչը կարո՞ղ է լրացուցիչ պարապել երեխայի հետ՝ վճարի դիմաց, արդյոք կարելի՞ է թույլ տալ, որ ավարտական հանդեսները ճոխ ու շքեղ արվեն եւ դրա համար մեծ գումարներ հավաքվեն եւ այլն։



Այն ժամանակ կրթության պատասխանատուները եւ միջազգային փորձագետները միահամուռ կրկնում էին, որ ծնողն ու համայնքը պետք է մասնակցեն իր երեխայի կրթությունը, դաստիարակությունը կազմակերպելու գործին՝ ողջ աշխարհում է այդպես։ Ոչ մի վատ բան չկա դրանում, որ ծնողական կոմիտեները էքսկուրսիաներ կազմակերպեն, իրենց երեխաների դպրոցը նորոգեն ու կահավորեն։ Մանավանդ, ակնհայտ է, որ պետությունն ի վիճակի չէ։ Իսկ հասարակական շրջանակներից շատ տրամաբանական հարցադրումներ էին արվում՝ իսկ ինչքա՞ն եք վճարում ուսուցչին, որ պահանջում եք նրանից՝ նվերներ չվերցնել։



Եվ ի՞նչ է նշանակում արգելել ծնողին, որ իր երեխայի ուսուցչի համար ծաղիկ գնի կամ նվեր անի՝ իր բարի կամքով։ Այն ժամանակ էլ կային արմատական տրամադրություններ՝ արմատախիլ անել դրամահավաքը, պատժել փող հավաքողներին, քրեական գործեր հարուցել, հեռացնել այն տնօրեններին, ովքեր դա թույլ են տալիս։ Բայց նախ կյանքը ցույց տվեց, որ ո՛չ պատժելը, ո՛չ վերադասի հրահանգները, ո՛չ դիմում-բողոքների հեղեղն այդ ավանդույթներն արմատախիլ չեն կարողանում անել։ Դրանք հին են, որքան դպրոցը, եւ անկառավարելի են, ինչպես բնական աղետները։ Բացի այդ՝ եթե պետությունը չի կարողանում պատշաճ հոգ տանել դպրոցի համար, պահանջել էլ չի կարող։